Հավանական վարկային ճգնաժամ. բանկերը կպայթե՞ն. Միայն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն իրավիճակը ներկայացնելու համարձակություն ունի

ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 26, 2009 18:55

image006811Ռիմայի (ազգանունը չուզեց ասել) ամուսինը` Վանիկը, արդեն 2-3 տարի Առէկսիմբանկի ավտովարկավորմամբ մեքենա է գնում, վերանորոգում ու թանկ վաճառում: Բայց անցյալ աշնանը վերցրած վարկը` 15 հազար դոլարը, հիմա չի կարողանում փակել: Գնած չորս մեքենաները` 2 BMW և 2 Opel, վերանորոգել է ու չի կարողանում վաճառել: 6000-7000 դոլարանոց մեքենաների գներն իջան մինչև 4000, բայց էդ գնով էլ չի վաճառվում:
«Վարկի տոկոսներն էլ էինք փակում, մայր գումարն էլ, համ էլ լավ ապրում էինք,- ասում է Ռիման,- իսկ հիմա տունը գրավի տակ ա, չգիտենք` վերջն ինչ ա լինելու»:

Ռիմայի ընտանիքը մեկն է շատերից, ովքեր տնտեսական ճգնաժամի պատճառով դժվարանում են կատարել բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունները:
«Հայէկոնոմբանկ»-ն ու «Արդշինբանկ»-ն «Անկախ»-ին հրաժարվեցին ինֆորմացիա տրամադրել, թե քանի հաճախորդ չի կարողանում փակել վարկերը:
«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանն ասաց, որ իրենց բանկում վարկային պարտականությունների կատարումը միշտ եղել է 99 տոկոս, իսկ այս տարի այն 98 տոկոս է. «Այսինքն` ճգնաժամի պարագայում վարկային պարտավորությունների կատարման ցուցանիշը նվազել է 1 տոկոսով»:

Բանկն ունի ակտիվ դեբիտորական պարտք, այսինքն, փող, որ հաճախորդների մոտ է: Երբ մեծ թվով սուբյեկտներ չեն կարողանում կատարել վարկային պարտավորությունները, բանկն ունենում է վարկը հետ ստանալու խնդիր, որն ազդում է լիկվիդայնության վրա (իրացվելիության). բանկի ունեցվածքը չի ստացվում վերափոխել դրամական միջոցների:
«Այսօր բանկային համակարգը Հայաստանում ընդհանրապես, իսկ մեր բանկը` մասնավորապես, ոչ միայն չունի իրացվելիության խնդիր, այլև ունի ավելցուկային իրացվելիություն,-ասում է Գիշյանը,-այսինքն` տիրապետում է ավելի շատ դրամական միջոցների, քան կարողանում է տեղաբաշխել»:
ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից «Անկախ»-ին պատասխանեցին, որ ՀՀ բանկային համակարգն առանձնանում է կապիտալացման և իրացվելիության բարձր մակարդակով, որը բանկերի վճարունակության, ուստի և կայունության կարևորագույն նախապայմանն է:

Տնտեսագիտական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ բանկային համակարգի վիճակը չի կարող լավ լինել այն պարզ պատճառով, որ տնտեսությունը լավ վիճակում չէ. «Իսկ բանկը սպասարկում է տնտեսությանը: Եթե կանգնած է տնտեսությունը, կանգնած է և բանկը»:

Ամբողջ աշխարհում ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հոգեբանական գործոնների ազդեցությամբ խուսափում են ավանդներ վստահել բանկերին: Հայաստանում հետխորհրդային ժամանակներից սկսած բանկային համակարգի նկատմամբ վստահության ցածր մակարդակը հասարակ քաղաքացուն թույլ չի տալիս իր խնայողությունները պահել բանկում: Սակայն վերջին 5-6 տարիների ընթացքում մարդիկ սկսել էին իրենց միջոցները պահել բանկերում: «Բայց երբ մեկ օրվա ընթացքում դրամը 20-25 տոկոսով արժեզրկվեց, վստահությունն ընկավ,-ասում է տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը,-միայն խոսքերով այդ վստահությունը հետ չես բերի: Իսկ մեր իշխանությունները գիշերային որոշումներ կայացնելու աշխատաոճ ունեն (նկատի ունի մարտի 3-ի արժեզրկումը)»:

bank

Աջից ձախ՝ Ստեփան Գիշյանն ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը

Գիշյանն ասում է, որ «Ակբա» բանկում հունվար-մայիս ամիսների կտրվածքով նախորդ տարվա համեմատությամբ ավանդների ներգրավվածությունը նույնիսկ ավելացել է 10 տոկոսով: Այժմ 30 մլրդ ներգրավված ավանդ ունի բանկը, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում 27 մլրդ դրամ էր:
Աշխարհում սկզբում ֆինանսական ճգնաժամ սկսվեց հետո այն տարածվեց տնտեսության վրա, իսկ Հայաստանում հակառակ պատկերը կարող է լինել: Հայաստանում, քանի որ արժեթղթերի շուկան կայացած չէ, ճգնաժամն անմիջապես հարվածեց տնտեսությանը:
«Հայաստանում ճգնաժամը դեռ չի վերաճել ֆինանսականի,-ասում է Գիշյանը,-այսինքն` դեռ չի հարվածել բանկերին, և ես գտնում եմ, որ չի էլ հարվածի»:
Բանկը գործում է մի տեղից փող վերցնելու և մի ուրիշին տրամադրելու սկզբունքով: Որպես կանոն` բանկն ունենում է 10-12 անգամ ավելի շատ պասիվ (իր պարտքերը), քան ակտիվ (ունեցվածքը): Այսինքն` տեղաբաշխում է 10-12 անգամ ավելի շատ դրամ, քան ներգրավում է: Ճգնաժամը սկսվեց նրանից, որ «դրսի» փողերը սկսեցին հետ չգալ ու բանկերը սնանկացան: Վերլուծաբան Հարություն Խաչատրյանն ասում է, որ հայկական բանկերը ճգնաժամին համեմատաբար լավ կարողացան դիմակայել նաև այն պատճառով, որ պասիվ-ակտիվ հարաբերակցությունը 3-4 անգամ է, այսինքն` «դրսում» եղած փողերն այդքան շատ չեն:

Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնի` այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի վնասը կազմել է 403 մլն դրամ: Հակառակ դրան` 2008-ի վերջին եռամսյակում ունեցել են 26.9 մլրդ դրամ շահույթ: «Սակայն ներկայումս նման իրավիճակում են աշխարհի շատ երկրների բանկային համակարգերը: Ակնկալվում է, որ շահութաբերության դրական ցուցանիշները մինչև տարեվերջ կվերականգնվեն»-ասված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:
Առաջին եռամսյակին 30 տոկոսով նվազել են տրանսֆերտները: Քանի որ ՌԴ-ում շինարարական ծավալները մոտ 60 տոկոսով նվազել են, տրանսֆերտներն էլի կնվազեն:

Սակայն Թևանյանը կանխատեսում է, որ Հայաստանում սպասվում է վարկային ճգնաժամ, երբ ավելի շատ մարդիկ չեն կարողանա վարկերը վերադարձնել: Հայկական բանկերը մեծ վարկեր ունեն տված անշարժ գույքի ոլորտում: Վարկառուները, չկարողանալով փակել վարկերը, ստիպված կլինեն անշարժ գույքը թողնել բանկին: Քանի որ անշարժ գույքն էժանացել է, բանկերի` չփակված վարկի դիմաց ստացած գույքն ավելի ցածր գին ունի, քան այն վարկը, որ տվել էր մեկ տարի առաջ: Թևանյանը կանխատեսում է, որ բանկային ճգնաժամը կլինի գարնանը: Ընդհանրապես բոլոր ընկերությունները, ինչպես նաև բանկերը խուսափում են վատ կանխատեսումները հայտնել հանրությանը, որովհետև այն կարող է ստիպել քաղաքացուն հանել իր գումարները, ինչը կհարվածի բանկին: Եթե փորձագետները 1-2 տարի առաջ էին կանխատեսում ամերիկյան հիպոթեքային շուկայի հետևանքով բանկային համակարգի փլուզումը լայն հանրությունն այդ մասին իմացավ փլուզումից 2 ամիս առաջ:

Հարություն Խաչատրյանը համարում է, որ հոռետեսական կանխատեսումները ժամանակից շուտ հանրությանն ասելն ու խուճապ առաջացնելը ճիշտ չէ, քանի որ տնտեսական իրավիճակը հաջորդ պահին կարող է փոխվել: ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժինն «Անկախ»-ին պատասխանում է, որ բանկերի ավանդատուներին ավանդները չվերադարձնելու ռիսկը նվազագույնն է. դա հիմնավորվում է ավանդների երաշխավորման հիմնադրամի երաշխավորմամբ, որով առևտրային բանկերում ֆիզիկական անձանց դրամով ավանդները կարող են վերադարձվել մինչեւ 2 մլն դրամի չափով և արտարժույթով` մինչև 1 մլն դրամի չափով:

Թևանյանն ասում է, որ բանկերի գործունեությունը թափանցիկ չէ, եւ մարդիկ չեն կարող կողմնորոշվել` ինչ անեն իրենց ավանդները: Ըստ Թևանյանի` մասնավոր բանկերը պիտի շահագրգռված լինեին թափանցիկ աշխատել, որովհետեւ ավանդներ ներգրավելու խնդիրներ ունեն, բայց այդպիսի պահանջ չեն զգում. «Հայաստանում ոչ միայն բանկային, այլև մնացած ոլորտները չեն կարգավորվում ազատ շուկայական հարաբերություններով»:

Դիտվել է 1870 անգամ:
Print Friendly

Leave a Reply