Անշարժ գույք. գներն ընկնում են. առաջարկ կա, պահանջարկ չկա

ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 26, 2009 18:50

image006917 տարի բրոքերությամբ իր հացը վաստակող Արմենն իր վրա է զգում տնտեսական ճգնաժամը և բողոքում է, որ այս տարի էլ այդ գործը եկամտաբեր չէ: Անշարժ գույք գնողները նվազել են, տների գներն էլ անցյալ տարվա համեմատ 30-40 տոկոսով ընկել են. «Դե կան գնողներ, բայց շատ քիչ, իսկ վաճառել ուզողները շատ են, բայց էլի չեն վաճառում, սպասում են, որ գներն էլի բարձրանան»։ Նա ասում է, որ իրենց չնչին եկամուտը միայն վարձով տների համար արվող գործարքներից է ստացվում. «Դրանից եկած 30%-ն էլ հազիվ տրանսպորտի փողի է հերիքում»։

Արմենն ասում է, որ անցած տարվա համեմատ 70-80%-ով գնորդները պակասել են։ «Բայց դե տների գները, եթե ասենք անցած տարի փոքր կենտրոնում 2 սենյականոցը 120-130 հազար դոլար էր, էսօր 80 հազար է, մի բան էլ պակաս են ասում»։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, 7or.am լրատվական կայքի հիմնադիր, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը համոզված է, որ անշարժ գույքի շուկայում տիրող անկումային վիճակը դեռ մի տարի էլ կշարունակվի։ «Միջազգային շուկայի ազդեցությունն անուղղակի կա այս ոլորտի վրա,-վստահեցնում է տնտեսագետը և հավելում,-եթե անշարժ գույքի միջազգային շուկայի վիճակը լավ լիներ, գումարներ կպտտվեին, մեր հայ քաղաքացիները, որ կմասնակցեին այդ գործընթացին, գումարներ կստանային, կուղարկեին Հայաստան։ Մեր երկիրն ունիկալ է այն առումով, որ այստեղ 3 մլն հայ է ապրում, իսկ դրսում՝ 7մլն։ Եվ Հայաստանն անկախ իր կամքից հայտնվում է միջազգային շուկայի ասպարեզում, քանզի դրսում ապրող գրեթե ամեն հայ, երբ ունենում է համապատասխան գումար, ցանկանում է իր հայրենի երկրում բնակարան ձեռք բերել։ Հենց մեր հայրենակիցների շնորհիվ է, որ մեր անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրություն կար։ Բայց այդ նույն դրսի ճգնաժամն ազդել է նաև մեր հայրենակիցների վրա»։

2009-ի առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալման 28.542 գործարք, որ 31.4%-ով քիչ է 2008-ի վերջին եռամսյակի համեմատ և 18.6%-ով քիչ 2008-ի առաջին եռամսյակի համեմատ: 2009-ի առաջին եռամսյակում վաճառված բնակարանների 62.2%-ը բազմաբնակարան շենքերինն է, որ 40%-ով քիչ է 2008-ի վերջին և առաջին եռամսյակների համեմատ։ Բազմաբնակարան շենքերում բնակարանի 1քմ-ի գինը 2008-ի վերջում 493.900 դրամ (1610 դոլար) էր, 2009-ի առաջին եռամսյակի համար` 499.200դրամ (1634 դոլար մինչև մարտի կեսը, իսկ դոլարի արժևորումից հետո՝ 1349 դոլար)։ Նույն հերթականությամբ Արաբկիրում 2008-ին՝ 398.300 (1299 դոլար) 2009-ին՝ 365.000 դրամ (1195 դոլար մինչև մարտի կեսը, իսկ դոլարի արժևորումից հետո՝ 986 դոլար) Քանաքեռ-Զեյթունում 2008-ին՝ 306.600 (1000 դոլար), 2009-ին՝ 283.900 (930 դոլար մինչև մարտի կեսը, իսկ դոլարի արժեւորումից հետո՝ 767 դոլար), Մալաթիա-Սեբաստիայում 2008-ին՝ 255.900 (834 դոլար), 2009-ին՝ 237.900դրամ (778 դոլար մինչև մարտի կեսը, իսկ դոլարի արժևորումից հետո՝ 642 դոլար)։

Մյուս համայնքներում ևս գների նվազումը նույն չափով է կատարվել։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում 2009-ի առաջին եռամսյակի գները 2008-ի չորրորդ եռամսյակի հետ համեմատ նվազել են 10.9%-ով։ Մարզերում բազմաբնակարան շենքերի բնակարանների վաճառքը 2008-ի համեմատությամբ նվազել է 46.4%-ով։ 2009-ի առաջին եռամսյակում Երևանում բնակելի տների առքուվաճառքի 849 գործարք է արձանագրվել, որ 2008-ի համեմատ 48%-ով քիչ է։ Այս տարվա ապրիլին 11.7%-ով առքուվաճառքի աճ է գրանցվել մարտի համեմատությամբ: Անշարժ գույքի գործակալություններն առաջինն են զգացել անկման շունչը և նրանք էլ տագնապային ու սպասողական վիճակի մեջ են։

Գործակալությունների տված բնակարանների գների տվյալները տարբերվում են Կադաստրի տվյալներից: Ըստ Կադաստրի տվյալների` Կենտրոնում բնակարանի 1քմ-ն արժե 1349 դոլար, իսկ «Կասկադ», «Կենտրոն» և «Երկիր» գործակալություններն ասում են, որ 1քմ-ն արժե 1000-1200 դոլար: Այդ նույն գործակալություններից «Ակցեռն»-ը ևս իր վրա զգացել է ոլորտի հարվածները։ Ինչպես պատմում է տնօրեն Հակոբ Բաղդասարյանը. «Անշարժ գույքի շուկան շատ ծանր վիճակում է և դրանից ծանր ես չեմ պատկերացնում։ Գնային տատանումները, ինչպես ամեն մի տնտեսվարող սուբյեկտի վրա, մեր գործակալության վրա էլ են իրենց հետքը թողել։ Հատկապես այն պատճառով, որ շուկայում անշարժ գույքի ոլորտն է իր վրա կրել ամենամեծ վնասները։ Նախորդ տարիներին ամենաբարձր ցուցանիշները հենց այս ոլորտն էր տալիս, ասենք` 40 տոկոս։ Այսօր չկա ո´չ այդ աշխուժությունը, ո´չ էլ, իհարկե, նման ցուցանիշները»։

Չնայած կրած կորուստներին ու վնասներին՝ Բաղդասարյանը համոզված է, որ ճգնաժամային էլեմենտն ունի իր մեջ որոշակի ժամանակահատված, բնակարանային խնդիրը միշտ առկա է, քանզի այն առաջին սպառման ապրանք է համարվում։ Անշարժ գույքն էլ ունի մի որոշակի աստիճան, որից այն կողմ պահանջարկը երբեք չի վերանում։ Ուղղակի բարվոք ժամանակահատվածում պահանջարկը կրկնապատկվում-եռապատկվում է, իսկ վատ ժամանակահատվածում նվազագույն աստիճանը մշտապես պահպանվում է։ Այնուամենայնիվ, անշարժ գույքի գնորդներին և վաճառողներին չենք կարող միանշանակ խորհուրդ տալ՝ հիմա գործարքներ իրականացնեն, թե մի փոքր էլ սպասեն, քանզի կանխատեսումները խիստ տարբեր են, հետևանքները ևս, ավելի լավ է ոչ մեկին չլսել ու սրտի ուզածով շարժվել։ Բայց այնպես արեք, որ մեր բրոքերներին էլ բաժին հանեք, թե չէ հացի փող չեն աշխատում:

Դիտվել է 2772 անգամ:
Print Friendly

Leave a Reply