Դատարանում վկայի ցուցմունքից.«Բանավոր չեմ կարող ասել, բայց մոտս գրած ունեմ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2010 18:03

Օրերս Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի գլխավորությամբ քննում էր  Անմար Գասպարյանի հայցն ըննդեմ Աշոտ Բաբայանի: Ըստ այդմ` Գասպարյանը Բաբայանին մեղադրում է իր ավտոտնակի պատը միտումնավոր քանդելու և իրեն նյութական վնաս պատճառելու մեջ և պահանջում է պատժել Բաբայանին այդ արարքի համար:

/Նյութի նախապատմությունը տես այստեղ/

Նախորդ դատական նիստի ժամանակ ցուցմունք  էր տալիս մեղադրող կողմի վկա Գոհար Թադևոսյանը: Վերջինս նշեց, որ Գասպարյանների հետ մտերիմ հարևաններ չեն, անձամբ չի ճանաչում նաև Բաբայաններին. «Արդեն 8 տարի այդ շենքում եմ ապրում և բոլորին դեմքով գիտեմ»:

Թադևոսյանը հայտարարեց, որ ամռան մի օր, թե կոնկրետ որ օրը, հիշել չկարողացավ, իր ուշադրությունը գրավել է բակից հնչող հարվածի ձայնը: Պատշգամբից նայելով Թադևոսյանը, ըստ իր վկայության,  տեսել է, որ Աշոտ Բաբայանը քանդում է իր բակում տեղակայված Անմար Գասպարյանի ավտոտնակի պատը: «Հեռախոսով Անմարին տեղյակ պահեցի, որ նման բան է կատարվում»,- ասաց Թադևոսյանը` կրկին չհիշելով` Գասպարյանների բնակարան է զանգահարել, թե բջջային համարին:

Թադևոսյանի խոսքով, ինքը Բաբայանի ձեռքին գործիք չի տեսել, ոչ էլ տեսել է պատի քանդվելու գործընթացը. «Ձեռքի շարժումներն եմ տեսել»,- նշեց Թադևոսյանը: Նրա խոսքով` պատը քանդելու մասին եզրակացություն կատարել է հիմնվելով լսված ձայների վրա: Վկան, սակայն, չկարողացավ նաև հիշել, թե Բաբայանն ինչ հագուստ է կրել դեպքի օրը, քանի որ նրան կարողացել է տեսնել միայն մինչև կրծքավանդակը` ծառերը խանգարում էին:

Երբ Թադևոսյանը շփոթվեց պատասխանների մեջ ու իրար հակասող պատասխաններ սկսեց տալ, նա սկսեց կոպտել փաստաբանին տրված հարցերի համար: Իսկ երբ դատավորը նշեց, որ վկան պարտավոր է պատասխանել փաստաբանի հարցերին, Թադևոսյանն անընդհատ կրկնում էր. «էս ի՞նչ հարցեր եք տալիս»:

Դատավորի հարցին ի պատասխան, թե կարո՞ղ է նկարագրել այդ օրվա ողջ եղելությունը, Թադևոսյանը պատասխանեց. «Բանավոր չեմ կարող ասել, բայց մոտս գրած ունեմ»:

Թադևոսյանը նաև չժխտեց, որ հնարավոր է, պատի որոշակի հատված  մինչ այդ փլուզված է եղել: Չնայած սկզբնական պնդումներին, թե ողջ պատը երևում է իր տնից, Թադևոսյանը վերջում նշեց, որ իր պատշգամբից պատի մի հատվածը չի երևում:

Դատարանը, որ մինչ այդ արդեն լսել էր Բաբայանների վկաներին, հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի հաջորդ երկուշաբթի` դեկտեմբերի 13-ին:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply