ՀԽ-ն և ԿԳՆ-ն համատեղ կաշխատեն կրթական ոլորտը բարելավելու ուղղությամբ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 6, 2010 16:58

«Հետաքրքիր և կառուցողական բանավեճ ծավալվեց, որը կարծում եմանհետևանք չի մնա և բարձրացրած հարցերն իրենց տրամաբանական շարունակությունը կունենան»,- ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանն  այսպես գնահատեց այսօր նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրային խորհրդի անդամների հանդիպումը:

Հարությունյանը նշում է, որ հիմնականում քննարկվել են կրթական բարեփոխումները: Հանրային խորհուրդն էլ կրթական ոլորտին վերաբերյալ  մի շարք առաջարկներ է ներկայացրել:  «Այսօր բարեփոխումներից հետո ունենք 12-ամյա դպրոց`  4:5:3 հարաբերակցությամբ:  Մենք առաջարկում ենք ունենալ 3:6:3 հարաբերակցությամբ դպրոց, որը հնարավորություն կտա ճիշտ կազմակերպել աշակերտների ծանրաբեռնվածությունը, նաև կնպաստի հիմնական դպրոցի կայացմանը»,- ասում է Հարությունյանը: ՀԽ անդամ  Էդիկ Ղազարյանն էլ նշում է, որ հիմնական դպրոցում աշակերտը օրական 7-8 ժամ դաս է ունենում, ինչը սխալ եռաստիճան համակարգի արդյունք է: Ըստ Ղազարյանի` տարրական դպրոցին 3 տարին էլ բավարար է, իսկ հիմնական դպրոցը 6-ամյա դարձնելով աշակերտների ծանրաբեռնվածության խնդիրը կլուծվի:

Նրա խոսքով` անդրադարձ է կատարվել նաև ուսուցիչների ծանրաբեռնվածությանը:

«Մի քանի տարի առաջ ուսուցչի դրույքաչափը շաբաթական 18 ժամից հասցվեց 22-ի: Ինչը  նշանակում է, որ ուսուցիչն օրական 4-5 ժամ դաս ունի, ինչի պարագայում էլ չի կարող ինքնակրթությամբ զբաղվել»,- ասում է Ղազարյանը:

Հարությունյանն էլ նշում է, որ համամիտ է Ղազարյանին` հավելելով, որ  «Վերջին տարիներին ուսուցիչների որակավորման և վարձատրման ոլորտում լուրջ տեղաշարժեր են տեղի ունեցել: Մանկավարժի աշխատանքն  ասօր ամենաբարձր վարձատրվողներից է: Սակայն միևնույն ժամանակ շաբաթական 22-ժամյա ծանրաբեռնվածությունը մեր կարծիքով չափազանց է»:

Հանդիպման ժամանակ առաջարկ է եղել նաև օգտագործել  հեռուստատեսության հնարավորությունները կրթական գործընթացում:

«ՀԽ-ն և ԿԳՆ-ն  համատեղ կաշխատեն  բարձրացրած հարցերի շուրջ»,- ասում է Հարությունյանը:

ՀԽ-ն առաջարկել է կրթական հաղորդումներ հեռարձակել` նախատեսված ինչպես աշակերտների, այնպես էլ ծնողների համար:

«Մանկապարտեզ է հաճախում նախադպրոցական տարիքի երեխաների 30 տոկոսը, մնացածը տնային պայմաններում եմ պատրաստվում դպրոց հաճախելուն: Դրան կարող են նպաստել ծնողների համար նախատեսված կրթական հաղորդումները»,- ասում է Ղազարյանը:

Այսօրվա հանդիպմանը առաջարկ է հնչել նաև բուհերում վճարովի համակարգում սովորող մանկավարժների երեխաներին ընձեռել վարձի 50 տոկոս  զեղչման հնարավորություն:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով նույնպես ներկա էր այսօրվա հանդիպմանը, նշում է, որ «Քննարկումը շատ օգտակար էր, քանի որ առիթ էր սրտացավ մասնագիտական կարծիք լսելու  ու հասկանալու` արդյոք բարեփոխումների ճիշտ ճանապարհի վրա ենք և ինչպես այդ ճանապարհն ավելի կարճ ու արդյունավետ դարձնել»: Աշոտյանը նշում է, որ 2011-ի պետբյուջեում արդեն իսկ որոշակի միջոցներ նախատեսվել են կրթական բնույթի հաղորդաշարերի ու քարոզարշավների համար:

Նախագահի և ՀԽ անդամների հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև բնապահպանական խնդիրներին` մասնավորապես Երևանի քաղաքաշինությանը և դրա առաջ բերած էկոլոգիական խնդիրներին: «Հակաէկոլոգիական քաղաքաշինությունը որ 10 տարի իրականացվել է  Երևանում, կատարվել է Մոսկվայի օրինակով: Պատահական չէ, որ Մոսկվան այսօր կոլապսի մեջ է, դա գետային կառուցապատման հետևանք է: Երևանը ևս նույն ճանապարհին է: Մեր բնակլիմայական պայմաններում ազդեցությունը շատ ավելի բացասական է,- ասում է ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը:- Մեր շփումները նախարարությունների և քաղաքապետարանի հետ դեռևս արդյունք չեն տալիս: Նախագահն այսօր օժանդակություն խոստացավ: Հույս ունենք, որ այսպես գոնե արդյունքի կհասնենք»:

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply