Ալիսան մանկապիղծների աշխարհում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 6, 2010 16:46

Թիմ Բարթոնի “Ալիսան հրաշքների աշխարհում” ֆիլմի լույս տեսնելուց հետո կրկին աշխուժացան խոսակցությունները թե´ համանուն գրքի, թե´ հեղինակի մասին: Վերջինիս կերպարը վիկտորիանական ²նգլիայից հետո բավական փոփոխություններ է կրել, հատկապես` հոգեվերլուծության “շնորհիվ”:
Այսօր այդ կերպարի մասին հոդվածները ողողում են համացանցը և թերթերը: Երեխաների լավ բարեկամի և նրանցով հիացած գրողի կերպարը վերածեցին մանկապÇղծի. դա Քերոլլի գործերը քրքրող “վուլգար հոգեվերլուծականների” կողմից արված հայտնագործությունն է: Այդ հեղինակներն առաջ են քաշում այսպիսի հարցեր. ինչու էր Քերոլլն իր գործում շեշտում փոքր դռնակը, ոչ թե դուռը, կամ էլ ճագարի բունը: Այս տիպի հարցերը տանջում և հանգիստ չեն տալիս “ հոգեվերլուծաբանության կողմնակիցներին:
Նման խոսակցությունները թեժացրեցին հատկապես Քերոլլի կողմից արված լուսանկարները: Նա զբաղվում էր նաև լուսանկարչությամբ, և իր ժամանակակիցներից մեզ հասած լուսանկարչական ժառանգության մեջ շատերը առանձնացնում են հենց Քերոլլի գործերը` որպես ժամանակաշրջանի տիպական օրինակ: Նա հիմնականում լուսանկարում էր իր ծանոթներին և, իհարկե, փոքրիկ աղջնակներին, ում հետ նաև ընկերություն էր անում: Երբեմն Քերոլլը նրանց նկարում էր մերկ: Բնականաբար, վերջին նախադասությունը կարդալիս կմտածեք, որ արդեն իսկ կասկած չկա, նրա մանկապիղծ լինելու փաստը ապացուցված է. Իսկ ինչ կլինի, եթե ավելացնեմ, որ հաճախ այդ տիպի լուսանկարներ անելիս աղջիկների կողքին էին նաև ծնողները: Վերջիններիս հենց Քերոլլն էր հրավիրում, որպեսզի աղջիկները չվախենան կամ չկաշկանդվեն: Կարծում եմ` մեր հասարակության որոշ մասը վատ կընդուներ անգամ այս գաղափարը` չհասկանալով աղջիկների ծնողներին: Խնդիրն արդեն դառնում է ոչ թե Քերոլլը կամ “այլասերված” ծնողները կամ էլ “բարեպաշտ” հասարակությունը, այլ մանկական մարմնի ընկալումը` որպես էսթետիկական միավոր:
Եթե դրա փոխարեն Քերոլլը լուսանկարեր մերկ կանանց կամ տղամարդկանց, հավանաբար դա այլ կերպկընկալվեր դիտողների, հասարակության կողմից: Այլ կերպ ասած, մեր սպառողական աչքն արդեն ընտելացել է անտիկ աշխարհից մեզ ժառանգություն հասած վեներաների և ատլանտների կերպարներին, որոնց մերկությունը համարվում է վեհ և մեր հայացքում արդեն ձևավորվում որպես էսթետիկական միավոր: Օրինակ կարելի է բերել Միքելանջելոյի Դավիդը. դժվար թե գտնվի մեկը, ով ցանկանա այն “հագցնել” կամ քանդակի մերկությունը համարի գռեհիկ կամ այլասերության տարրեր պարունակող: Եթե անգամ նման մարդիկ գտնվեն, ապա կհամարվեն “արվեստից բան չհասկացող”: Թե´ կնոջ, թե´ տղամարդու մերկությունը “բնական” է դարձել արվեստում և դժվար թե մեկին զարմացնի…
Այլ է երեխաների հարցը: Երեխայի մարմինը գրեթե միշտ համարվել է “չձևավորված”, “մաքուր”` ենթադրաբար որևէ սեռական ցանկություն առաջացնելուց հեռու, դրա հետ մեկտեղ տեսնում ենք մանկական մարմնի նկատմամբ որոշակի վախ կամ տաբու: Հայացք նետելով անցյալին` կարելի է նկատել, որ մանկական մերկ մարմինը արվեստում հազվադեպ է տեղ գտել, եթե չհաշվենք բազմաթիվ “նորածին մերկ Հիսուսներին և Հովհաննեսներին” կամ բազմաֆիգուր գործերում: Մանկական մարմինը գրեթե երբեք չի եղել կտավի “գլխավոր գործող անձ”:
Նման պայմաններում Քերոլլի գործերը դժվար են ընկալվում և ստացվում է, որ նա “նորմից”` մեր աչքին սովորից հեռու է: Սովորության համաձայն` հասարակությունը “նորմից” դուրս ընկնող ամեն ինչ օժտում է բացասական իմաստով և ավելացնում “…ֆիլ” վերջածանցը: Նույնն էլ կատարվեց Քերոլլի հետ, ում սկանդալի կարոտ լրագրողներն ու իրենց սեռականության ձեռքը “կրակն ընկած” հասարակությունը առանց որևէ լուրջ դրդապատճառների պիտակեց “մանկապիղծ”: Միգուցե մի օր էլ որոշեն մանկական գրականության ցուցակից հանել “Ալիսան հրաշքների աշխարհում” գործը` հուսալով, որ դրանով մի բան կփոխվի…

Դիտվել է 4419 անգամ:
Print Friendly

Leave a Reply