Քարեր երիկամում. երեքից մեկը քարեր ունի

ԱՌՈՂՋԱԿԱՆ | | July 26, 2009 17:18
img_94287

Ռաֆֆի Ջանեցյանը ցույց է տալիս լիթոտրիպսիայի սարքը

Հայաստանում միզաքարային հիվանդությունը հանդիպում է գրեթե ամեն երրորդի մոտ:
Քարերի մեծ տարածմանը, ըստ մասնագետների, նպաստում են մի շարք գործոններ, որոնց թվում են շոգ եղանակը (բարձր ջերմաստիճան ունեցող տարածքներում, որտեղ քրտնարտադրությունը և ջրի կորուստը մեծ է լինում, քարեր ավելի հաճախ են առաջանում), ջուրը իր հանքային պարունակության պատճառով նույնպես քար առաջացնող հատկություն ունի: Քարերի առաջացմանը նպաստում է նաև մարդկանց ապրելակերպը՝ ջրի քիչ օգտագործումը, կարմիր մսի չարաշահումը և այլն:

Միզաքարային հիվանդությունը հայտնի է մարդկությանը հին ժամանակներից՝ քաղաքակրթության սկզբից: Քարեր հայտնաբերել են նույնիսկ մ.թ.ա. 4800 թվականով թվագրված եգիպտական մումիաների մոտ:
Միզաքարային հիվանդությունը, այսինքն քարերի առկայությունը միզուղիներում՝ երիկամներում, միզածորանում, միզապարկում, համատարած բնույթ է կրել հատկապես 19-րդ դարում, երբ մարդիկ սկսել էին ավելի հաճախ օգտագործել կենդանական սպիտակուցներ և ռաֆինացված շաքար: Սակայն այժմ այս հիվանդությունը նույնպես բավականին մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում:

«Քարերի առաջացումը շատ բարդ, բազմագործոնային պրոցես է, որին վերջնական բացատրություն դժվար է տալ,-պատմում է ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը, – մեծ մասամբ քարերն առաջանում են նյութափոխանակության խանգարումների հետևանքով, բայց կոնկրետ խանգարման հայտնաբերումը դժվար է»:
Ջանեցյանն ասում է, որ քարերի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև բակտերիաները, միկրոբները, մեզի թթվայնությունը, աղերի և կալցիումի մեծ քանակությամբ օգտագործելը, միատեսակ սնունդը, ցիտրուսների քիչ օգտագործումը և այլն:
Տղամարդկանց մոտ միզաքարային հիվանդությունը 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ: «Մարդու օրգանիզմում որոշ նյութեր են արտադրվում, որոնք համարվում են քարերի առաջացմանը ճնշող մեխանիզմներ, -ասում է Ջանեցյանը, -ենթադրվում է, որ կնոջ օրգանիզմում այս նյութերն ավելի շատ են: Հետաքրքիրն այն է, որ հղիության ընթացքում քարերի առաջացման հնարավորությունը գրեթե բացակայում է»:

Բժիշկն ասում է, որ կանանց մոտ էլ գերակշռում են բորբոքային քարերը, հետևաբար, անհրաժեշտ է, որ նման պրոբլեմներ ունեցողները միզուղիների ինֆեկցիաները և բորբոքումները ժամանակին լիարժեք բուժեն, որի շնորհիվ կկանխվի քարերի առաջացումը:
Այսօր գոյություն ունեն միզաքարային հիվանդությունների բուժման բազմաթիվ արդիական մեթոդներ, որոնց թվում են դեղորայքային բուժումը, հեռահար քարափշրումը, էնդոսկոպիկ և բաց վիրահատությունները:
Որոշ դեպքերում քարերը կարող են ինքնուրույն դուրս գալ միզուղիներով, որը հաճախ ուղեկցվում է սուր ցավերով: Նման դեպքերում հիվանդին հաճախ նշանակում են ցավազրկող, հակաբորբոքային, միզուղիները լայնացնող կամ մկանները թուլացնող դեղորայք: Դեղորայքային բուժումն անհրաժեշտ է լինում նաև նյութափոխանակության խանգարումերի ժամանակ:

Մասնագետների կարծիքով, ժամանակակից բժշկության ամենալավ նորություններից մեկը, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում առանց վիրահատության ազատվել քարերից, հեռահար քարափշրումն է: Բաց վիրահատությունը շատ ծանր է օրգանիզմի համար, քանի որ մի փոքր քարը հեռացնելու համար մեծ կտրվածք պետք է անել և կիրառվում է միայն որոշ ծանր դեպքերում: Հայաստանում բաց վիրահատությամբ քարերի հեռացումն արժե 250-300 հազար դրամ, իսկ քարափշրումը՝ 120-150 հազար դրամ:
«Քարափշրումն, ի տարբերություն վիրահատության, ավելի քիչ տրավմատիկ է օրգանիզմի համար և չի պահանջում վիրաբուժական միջամտություն, -ասում է Ջանեցյանը, -այն կատարվում է հատուկ գործիքով՝ լիթոտրիպտորով, որը հարվածային ալիքներ է ուղղում քարերին և կոտրում է դրանք, առանց օրգանիզմին կամ երկամներին վնաս հասցնելու: Քարափշրման հետևանքով քարերը վերածվում են ավազի, որը օրերի ընթացքում դուրս է գալիս օրգանիզմից մեզի միջոցով»:

Առաջին քարափշրման գործիքը ստեղծվել է Գերմանիայում 1980 թ., իսկ մեր հանրապետությունում այն սկսել է կիրառվել 1989 թվականից Ուրոլոգիայի կենտրոնում:
Հիմա Հայաստանում կան 5 քարափշրման գործիքներ, և բոլորը` Երեւանում: Մարզերից մարդիկ ստիպված են լինում գալ Երևան, եթե չեն կարող տեղում բաց վիրահատություն տանել, ինչն ավելի թանկ է և ոչ միշտ է անհրաժեշտ: Օրինակ` 2 սանտիմետրանոց քարը, որ կարելի է քարափշրմամբ հեռացնել, պետք չէ բաց վիրահատությամբ հանել և օրգանիզմը սթրեսի ենթարկել:
Մասնագետներն ասում են, որ անհրաժեշտ է լիթոտրիպտորներ լինեն Գյումրիում, որոնցից կօգտվի Հայաստանի հյուսիսը, և Գորիսում՝ հարավի համար:
Հայաստանում մեծ տարածում ունեն նաև բուժման ոչ ավանդական մեթոդներն, ինչպես բուսաբուժությունն, այնպես էլ «աչքերով բուժելը», «խփելով բուժելը» և այլն:
«Բուսաբուժական մեթոդները կարող են էֆեկտիվ լինել փոքր և փխրուն քարերի դեպքում, բայց ավելի պինդ քարերի կամ բարդեցված դեպքերում բուսական մեթոդները գրեթե չեն օգնում», – ասում է Ջանեցյանը:

Բժիշկները բուսաբուժությունը գնահատում են, քանի որ որոշ դեպքերում դրա ճիշտ օգտագործումը կարող է օգտակար լինել: Մասնագետներն անընդունելի են համարում ոչ ավանդական այնպիսի մեթոդներ, ինչպիսին են «նայելով» կամ «հարվածելով» բուժելը, որոնք հակագիտական են ու մեծ մասամբ միայն դրամաշորթություն են:
«Հայաստանում հիմա մեծ տարածում ունեն ինքնահռչակ բուժակները, որոնք ռենտգենի նկարը թարս բռնած պատմում են, թե ինչպես են հարվածում հիվանդի մեջքին, քարերը թափվում են, -ասում է Ջանեցյանը, -ամենացավալին այն է, որ մեր ժողովուրդը հեշտությամբ հավատում է նմանօրինակ «բուժակներին»:

img_94085

Միզուղիներից հանված տարբեր գույների ու չափերի քարեր

Միզաքարային հիվանդությունները հաճախ մնում են աննկատ, մինչև քարերը չեն սկսում շարժվել և ցավ պատճառել մարդուն: Քարերի հայտնաբերման դեպքում դրանցից պետք է ազատվել, անկախ նրանից, թե կա արդյոք ցավ, թե ոչ, քանի որ այն կարող է բորբոքային պրոցեսներ առաջացնել, որոնք իրենց հերթին մեծ խնդիրների և նույնիսկ մահվան պատճառ կարող են դառնալ:
«Միզաքարային հիվանդությունները և հատկապես երիկամների քարերը շատ սուր ցավեր են պատճառում երիկամների, գոտկային շրջանում, սրտխառնոց են առաջացնում, -ասում է Ջանեցյանը, -միզուղիներում քարերի հետ մեկտեղ, եթե ինֆեկցիա է առաջացել, կարող է լինել նաև բարձր ջերմություն, դող, սարսուռ: Նման սիմպտոմների ժամանակ հարկավոր է շտապ դիմել բժշկի»:
Ջանեցյանն ասում է, որ քարերի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել (այնքան, որ օրվա մեզը լինի 2-2,5 լիտր), հետևել սննդին: Ճիշտ ապրելակերպը կօգնի խուսափել քարերի առաջացումից:
Ըստ բաղադրության երիկամների և միզուղիների քարերը լինում են տարբեր՝ կալցիումական, ֆոսֆատային, բորբոքային, միզաթթվային և այլն: Քարերի թիվը կարող է հասնել մեկից մինչև մի քանի հարյուրի, և նրանց չափերը նույնպես տարբերվում են:

Լիթոտրիպսիայի (քարափշրման) գները
1. Ուրոլոգիայի կենտրոն – 120.000 դրամ, կրկնությունն` անվճար;
2. Էրեբունի բժշկական կենտրոն – առաջին սեանսը` 130.000 դրամ, հաջորդ սեանսները՝ 50.000 դրամ;
3. Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոն – 150.000, զննումը և հետազոտությունները՝ մոտ 40-50.000;
4. Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ – առաջին սեանսը՝ 120.000 դրամից սկսած, հաջորդ սեանսները՝ 60.000 դրամ;
5. «Արմենիա» ՀԲԿ – առաջին սեանսը` 130.000 դրամ, հաջորդ սեանսները` 50% զեղչով:

Դիտվել է 10206 անգամ:
Print Friendly

Leave a Reply