Ամանորի շեմին հավկիթի գնի բարձրացում չի սպասվում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2010 10:46

Ամանորի շեմին հավկիթի գնի բարձրացում չի սպասվում: Այս մասին հայտարարեց Լուսակերտի թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մանասե Եփրեմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Մ. Եփրեմյանի խոսքով` առաջիկայում կպահպանվեն հավկիթի շուկայում ներկայիս 50 եւ որոշ տեսակների համար` 60 դրամ սակագները:

«Ամառվա համեմատ վերջին շրջանում հավկիթի գների բարձրացում շուկայում եղել է, սակայն դա ես կանվանեի ոչ թե գների բարձրացում, այլ վերականգնում: Ամռանը տեղի էր ունեցել հավկիթների գների անկում գերարտադրության պատճառով, իսկ այսօր գների իրական չափը վերականգնվել է»,- ասաց նա: Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ գների անկումը ողջունելի է, եթե դա չի արվում այլ նպատակով: Ըստ նրա`շատ դեպքերում խոշոր տնտեսվարողները, ունենալով ռեսուրսներ, դեմպինգային քաղաքականություն են կիրառում, որ փոքր արտադրողները չդիմանան եւ դուրս մնան դաշտից: Ա. Պողոսյանի կարծիքով` դա անբերխիղճ մրցակցություն է:

Մ. Եփրեմյանը նշեց, որ դեմպինգային քաղաքականության ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չի դիմել, պարզապես հավկիթների գերարտադրության պարագայում ամբողջ արտադրանքը վաճառքի դուրս բերելու պարագայում գնանկում է տեղի ունեցել: Նա նաեւ ավելացրեց, որ հավկիթն արտահանելու հնարավորություն չկա: Ա. Պողոսյանը, անդրադառնալով հավկիթի շուկայում առկա իրավիճակին, նկատեց, որ վերջին շրջանում բավականին շատ խնդիրներ լուծումներն են ստացել:

Ըստ նրա` եթե նախկինում շատ քիչ խանութներում էր հնարավոր հանդիպել մակնշված հավկիթների, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է: «Հավկիթի շուկայում զգալի փոփոխություններ նկատվում են, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ չկան: Հաճախ հանդիպում ենք խանութների, որտեղ ձվի վաճառքի համար անհրաժեշտ ջերմաստիճան չեն ապահովում, իսկ դա կարող է ապրանքը փչանալու պատճառ դառնալ»,-ասաց Ա. Պողոսյանը: Ըստ նրա` հավկիթների վաճառք դեռ շարունակում են իրականացնել փողոցային առեւտուր կազմակերպողները, ինչն անթույլատրելի է:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply