Ազգային մրցունակության հիմնադրամը հստակեցնում է գործունեության ուղղությունները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 4, 2010 19:37

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բացման խոսքում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մենք այսօր Ազգային մրցունակության հիմնադրամի նիստում մի հարց ենք քննարկելու, որը նախապատրաստել են ՄքՔինզիի մեր գործընկերները: Այն վերաբերում է նաև ապագայում Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության հստակեցմանը, թե ինչ խնդիրներով մենք պետք է զբաղվենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության մրցունակությունը բարձրանա: Միևնույն ժամանակ ներկայացվող ծրագիրը կառավարության համար նաև տալիս է տեսլական, թե մրցունակության ոլորտում ինչ ծրագրերի վրա պետք է կենտրոնանանք»:
Նիստում աուդիոկոնֆերանսի ռեժիմով ներկայացվել է ՄքՔինզի ընկերության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացման ծրագրի նախագիծը: Մասնավորապես, խոսվել է ՀՀ տնտեսական աճի մոդելի առանձնահատկությունների և տնտեսության մի շարք ոլորտների խթանման մասին: Տնտեսության զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում մեծապես կարևորվել է պետություն-մասնավոր համագործակցության նշանակությունը:
Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում աուդիոկապի միջոցով քննարկվել են ներկայացված ծրագրի մանրամասներ և Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ռազմավարության հստակեցմանն առնչվող հարցեր:
Քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ` 2011թ. հունվարի 22-ին կայանալիք նիստում կներկայացնի առաջարկություններ վերոնշյալ ծրագրի մեկնարկի վերաբերյալ:

Դիտվել է 1890 անգամ:
Print Friendly

Leave a Reply