Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին
Հարցազրույց | ankakh | December 3, 2010 16:29
– Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ու դրա արդյունքերի շուրջ կզրուցենք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Բարի երեկո, պարոն Քոչարյան:
– Բարի երեկո:
– Պարոն Քոչարյան, արցախյան կարգավորման մասով ի՞նչ տվեց մեզ Աստանայի գագաթնաժողովը եւ արդյոք, կարելի՞ է խոսել ինչ-որ արդյունքների մասին:
– Նախ գագաթնաժողովում շատ հստակ արձանագրվեցին թե՛ հնգակողմ հայտարարությամբ, թե՛ համանախագահող երկրների բարձր մակարդակի ներկայացուցիչների ելույթներով հետեւյալ դրույթները.
Առաջինը. չի կարելի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքերից ընտրովի առանձնացնել որեւէ մեկը եւ դրոշ դարձնելով փորձել առաջ գնալ` անտեսելով այլ սկզբունքներ:
Երկրորդ. կարգավորման գործընթացում միանշանակ բացառվում է ուժի կիրառումը խնդիրն իր օգտին լուծելու համար:
Եւ վերջապես երրորդը. դա նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հարցազրույցում եւ ելույթում է արտահայտված. ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, հետ քաշել դիպուկահարներին:
Ընդհանուր առմամբ, եւս մեկ անգամ բացահայտվեց Ադրբեջանի մեկուսացումը իր դեստրուկտիվ քաղաքականության մեջ:
– Իսկ դրանք կարելի՞ է արձանագրել որպես արդյունքներ:
– Ես այսպես կասեի, սա միջազգային հանրության հերթական փորձն էր Ադրբեջանին իր դեստրուկտիվ դաշտից բերելու դեպի կոնստրուկտիվ դաշտ:
– Այդ ապակառուցողական քայլերի մասին մենք դեռ կխոսենք, սակայն պարոն Քոչարյան, մեզանում կա շատ մեծ խնդիր, շատ լուրջ պրոբլեմ, որ մասնավորապես Աստանայից առաջ հնչում էին խուճապային հայտարարություններ, որ համաժողովում կարող է ընդունվել արցախյան կարգավորման մասով ոչ հայանպաստ դիրքորոշում, ոչ հայանպաստ զարգացումներ եւ այսպես շարունակ, ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Մենք պարբերաբար դրան հանդիպում ենք: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ադրբեջանը ոչ թե գնում է խնդրի կարգավորմանը, այլ բանակցային գործընթացի քողի տակ փորձում է քարոզչական եւ տեղեկատվական պատերազմ իրականացնել Հայաստանի դեմ: Եվ ցավոք, մեր լրատվական դաշտի որոշակի հատված, առանձին վերլուծաբաններ եւ նույնիսկ քաղաքական ուժեր դարձել են այդ քարոզչության եւ ապատեղեկատվության պատանդ: Կարծում եմ, որ ոչ թե պետք է հավատալ ադրբեջանական հայտարարություններին` միապաղաղ, միանման, այլ ավելի ուշադիր լինել դեպքերի զարգացումներին եւ վերլուծել այն, ինչ իրականում տեղի է ունենում:
– Իսկ հնարավո՞ ր է այդ տեսակը չեզոքացնել մեզանում:
-Կարծում եմ դա ամեն մի անձից է, ամեն մի քաղաքական ուժից է, ամեն մի
լրատվամիջոցից է գալիս, թե որն է նրա համար առաջնային տեղեկատվությունը` մեր երկրի պաշտոնյաների հայտարարությունները, թե` Ադրբեջանի:
– Պարոն Քոչարյան, հնգակողմ հայտարարության մեջ առաջին անգամ մեջբերվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, դիվանագիտության մեջ ընդունված է ասել, որ մտնում ենք սատանայի մանրուքների մեջ: Ինչպե՞ ս հասկանալ սա:
– Գիտեք, ինչն է հետաքրքիր, իրականում դա կարելի էր նաեւ չանել, բայց դա արվեց, որպեսզի ավելի ցցուն դարձվի, եւս մեկ անգամ ընդգծվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի աղավաղումը: Հելսինկյան եզրափակիչ ակտը միանշանակ հենվում եւ անընդհատ հղումներ է կատարում ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այսպիսով, Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինքնին բավարար է, բայց անհրաժեշտություն առաջացավ նշել ՄԱԿ-ի կանոնադրությունը, որպեսզի չմնա շահարկումների տեղ: Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլխի ժողովուրդների իրավահավասարութունն ու ինքնորոշումը դա ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, չորս նպատակից մեկը: Երկրորդ գլխում թվարկվում են սկզբունքներ, որոնք ուղղված են այդ նպատակներին հասնելուն, եւ այդ սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն է: Միջոցը երբեք չի կարող հակադրվել նպատակին, կամ այս դեպքում տարածքային ամբողջականությունը երբեք չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշմանը:
– Պարոն Քոչարյան, կա՞ն, արդյոք, երաշխիքներ, որ Աստանայից հետո Ադրբեջանը կփոխի այս կամ այն կերպ իր ապակառուցողական դիրքորոշումը եւ չի դիմի մանր եւ փոքր սադրանքների:
– Գիտեք, մենք այսօր արդեն ստացանք արձագանքներ Ադրբեջանի Նախագահի աշխատակազմից, որոնք ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ` ոչ: Անմիջապես հնգակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո կրկին փորձ է կատարվում խոսել ուժի դիրքերից: Եթե խաղաղ գործընթացը չբերի իրենց համար ցանկալի արդյունքի, իրենք իրավունք ունեն ուժ կիրառել: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարցի կարգավորում, ընդհանապես չի ցանկանում: Այն հարցադրումները, որ ինքը դրել է, միանշանակ է, որ հայկական կողմերի համար անընդունելի են: Չեն կարող լինել միակողմանի զիջումներ, փոխզիջում հնարավոր է, միակողմանի` ոչ: Երկրորդ ճանապարհը ռազմականն է, բայց Աստանայում բոլորի կողմից միանշանակ հայտարարվեց, որ դա անընդունելի է, մասնավորապես, դա հստակ հայտարարեց Ռուսաստանի Նախագահը եւ մեր Նախագահն էլ շատ հստակ հենց Աստանայում ձեւակերպեց դա: Այսինքն, ռազմական լուծման գնալը բացառում են բոլոր միջնորդ երկրները եւ ուժային կենտրոնները, իսկ հայկական պետությունները պատրաստ են նմանատիպ արկածախնդրության դեպքում հակահարված տալ: Բա ինչի ՞ վրա է Ադրբեջանի հույսը: Մնում է մեկ բան ենթադրել. իրենց պետք չէ հարցի կարգավորում: Ինչո՞ւ, որովհետեւ այս հակամարտության չլուծվածությունը Բաքվի ժառանգական ռեժիմի գաղափարական սնուցման աղբյուրն է, այլ գաղափարական սնուցում նա չունի: Ավելին. ստացվում է, որ ադրբեջանցիների ինքնության հաստատման համար Բաքուն, ցավոք սրտի, առաջարկում է միայն մեկ եղանակ ` հակահայկականությունը, այլ ձեւ չկա: Կարելի է հիշատակել ինքնության հաստատման երկրորդ փորձը` այսպես կոչված, մեկ ազգ, երկու պետություն, բայց Wikileaks-ի վերջին բացահայտումներից հետո եւս մեկ հարված հասցվեց այդ գաղափարին: Այնպես որ, Բաքուն իր ժողովրդին ինքնության ինքնահաստատման փակուղային ճանապարհ է առաջարկում:
– Թուրք-ադրբեջանական եղբայրության առանձնահատկություններին մենք այս թողարկման ընթացքում կանդրադառնանք, սակայն կարծում եմ, որ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, իսկապես, արժանի պատասխան էր այդ ռազմատենչ հայտարարություններին եւ ադրբեջանական պահվածքին, առհասարակ, միջազգային հարթության վրա, երբ Նախագահը հայտարարեց, որ ցանկացած ագրեսիայի փորձի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
– Առաջին հերթին կառանձնացնեի այդ նույն պատասխանի երկրորդ մասը. որ Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի պաշտպանության համար: Այդ տեսակետից, այո, շատ հստակ, միանշանակ էր ձեւակերպումը, իսկ դե յուրե ճանաչման հիշատակումը պարունակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց, իսկ մեր հարաբերությունները Արցախի հետ կառուցված են որպես իրավահավասար սուբյեկտների միջեւ հարաբերություններ: Ավելին. Նախագահի ամբողջ ելույթը նաեւ ուղղված էր, հարցը միայն քաղաքականից տեղափոխելու նաեւ դեպի իրավական դաշտ, որտեղ անընդհատ շահարկումներ է կատարում Ադրբեջանը: Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս գագաթաժողովը, եւս մեկ անգամ բացահայտելով Ադրբեջանի մեկուսացումը, եւս մեկ անգամ Բաքվին շատ լուրջ ազդանշան տվեց, Բաքուն եթե իրոք ցանկանում է հարցի կարգավորում, այլ ոչ` ստատուսքվոյի պահպանում, ապա պետք է վերջ դնի իր դեստրուկտիվ քաղաքականությանը:
-Շնորհակալություն, պարոն Քոչարյան, մնում է հուսալ, որ
իրադարձությունները կզարգանան խաղաղ հունով:
-Անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է անկախ պետության կերտման իր ճանապարհը եւ ապացուցել է, որ արժանի է եւ ունակ աշխարհի քարտեզի վրա զբաղեցնելու իր տեղը, որպես անկախ ժողովրդավար պետություն:
-Շնորհակալություն, պարոն Քոչարյան:






Facebook
Tweet This
Email This Post
