Հումանիտար միջանցք Ալիևի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2010 14:44

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյան

Անդրադառնալով Աստանայում հնչած նախագահ Սարգսյանի ելույթին և համադրելով այն այս տարեսկզբին «Չեթըմ հաուզ»-ում ունեցած ելույթի հետ՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն ասաց, որ հայկական կողմը ցուցաբերեց վճռականություն առ այն, որ ցանկացած նկրտումներ ուժային ճանապարհով հեռանկարային չեն:

«Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար»,- ասել էր նախագահ Սարգսյանը Լոնդոնում:

«Տպավորություն է, որ Ադրբեջանական կողմը հայտնվելէ փակուղային վիճակում,  և  մենք պետք է փորձենք մեր դիվանագիտությունը Ալիևին  մարգինալ վիճակից դուրս բերելու և նրա համար հումանիտար միջանցք ստեղծելու համար,- ասում է Հարությունյանը,-որպեսզի նա չկարողանալով կորցնել իր դեմքի արժանապատվությունը՝ կարողանա մի փոքր նահանջի իր դիրքերից, որովհետև այն դիրքորոշումը, որ նա ունի, տրամաբանական չէ»:

Ալիևի նման  դիրքորոշումը Հարությունյանը պայմանավորում է մի քանի գործոնով, որից մեկն էլ այն է, որ նրա կլանը ներգրավված է զինամթերքի առք ու վաճառքի մեջ, ինչը ավելի շահաբեր է, քան նավթի առևտուրը:

Ի դեպ, Վիկլիքսյան վերջին բացահայտումներից մեկում Ալիևը համեմատվում է Դոն Կորլեոնի ավագ որդի Սոնի Կորլեոնիի հետ, ով հայտնի էր իր հախուռն և ոչ կշռադատված վարքագծով:

Հարությունյանը դրական է գնահատում ԼՂՀ բանակցային խնդիրներին վերաբերվող ընդունված փաստաթղթին:  «Վերջնական հռչակագրում Ղարաբաղ բառը չկար և դա վկայում է, որ ինչ որ մի բան փոխվել է,- մեկնաբանում է նա,- իմ համոզմամբ՝ հիմնախնդրի շուրջ ֆոնը փոխվել է և փոխվել է դեպի դրականը»:

Հարությունյանը այդ փոփոխությունները կապում է երկու հանգամանքի հետ: «Առաջինը դա Ռուսաստանի դերակատարման մեծացումն է ԵԱՀԿ ձևաչափում, մյուսը՝ հայկական կողմի ամուր դիրքորոշումը»,- ասում է նա:

ՀՅԴ-ն ևս դրական է վերաբերում  նախագահ  Սարգսյանի ելույթին:  «Ճիշտ, ժամանակին արված հայտարարություն էր,- ասաց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը ,- Անհրաժեշտ էր, որ այդ ամենը ասվեր բաց տեքստով: Վայրն էլ էր ճիշտ ընտրված: Այդ շեշտադրումներով էլ պետք է շարունակվի»:

Միևնույն ժամանակ Մանոյանն ասում է, որ  Աստանայում ընդունված հռչակագիրը լավն է այնքանով, որ ավելի վատը չի. «բայց ինքնին լավ փաստաթուղթ չէ: Բայց փաստը, որ եղավ փաստաթուղթ, որում ասված է, որ կողմերը շարունակելու են բանակցությունները, դա ինքնին դրական է այնքանով, որ կնպաստի կամ ցույց կտա, որ բանակցությունները տապալված չեն ամբողջությամբ»։ ։

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply