Վարչապետն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տնտեսական գործակցության խորացման հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | December 3, 2010 14:12
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում: Բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մակարդակը` վարչապետ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության խորացմանը:
Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման ուղղությունները։ Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ փոխգործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության և օծանելիքի արտադրության ոլորտներում։
Դեսպան Ռենոն նշել է, որ Հայաստանում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար մեծ պատիվ է ու յուրահատուկ բովանդակություն ունի, ինչը բխում է Հայաստանի հանդեպ ֆրանսիացիների առանձնահատուկ վերաբերմունքից: Ընդգծելով, որ Ֆրանսիան եվրոպական առաջին ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության բոլոր ոլորտներում արձանագրված լուրջ առաջընթացի մասին, նա միևնույն ժամանակ ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի ձևավորված բարեկամական կապերի խորացման, ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:
Հյուրի խնդրանքով կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը և տնտեսական քաղաքականության գերակա ուղղությունները:
Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply