Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | December 3, 2010 10:56

ՀՀ առողջապահության նախարարության և «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այն իրավական դաշտ է ստեղծում համագործակցության հետագա զարգացման համար: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Հարկ է նշել, որ դեռևս 1988 թվականից ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ»  բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ, համատեղ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ինչպես` Մոբիլ բժշկական խմբերի ծրագիրը, որն ավարտվել է 2008-ին, Երեխաների առողջ սնուցման ծրագիրը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագիրը: 2010 թվականին մեկնարկել է Երեխաների առողջության քարողարշավ ծրագիրը, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել քայլեր ձեռնարկել մայրերի և երեխաների առողջությանն առնչվող հարցերի լուծման ու բարելավման ուղղությամբ:

Փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ապագայում նոր ծրագրեր իրականացնելու համար:

«Վորլդ Վիժն ինթերնեյշնլ»  բարեգործական կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Երեխայի առողջության հավաստագրի ծրագրի ներդրմանն ուղղված միջոցառումներին:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը բարձր է գնահատել կազմակերպության ներգրավվածությունը Երեխայի առողջության հավաստագրի ծրագրի ներդրման գործընթացում և հույս հայտնել, որ հետագայում ևս համագործակցությունը կլինի արդյունավետ և շարունակական:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply