ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Պլասիդո Դոմինգոյին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 2, 2010 19:51

Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով էր այցելել «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը: «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգը կայանալու է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակներում:

ՀՀ Ազգային ժողովում աշխարհահռչակ տենորին դիմավորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի պատիվ հանրահայտ տենորի այցի` աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախումբը` «Փարոս»-ը, ԱԺ բակում կատարեց Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից: Իսպանացի տենորը շնորհակալություն հայտնեց երգչախմբի անդամներին` նշելով, որ տպավորված է նման ընդունելությամբ: «Սա ինձ համար անակնկալ էր: Միշտ ներդաշնակ եղեք երաժշտության հետ, որովհետեւ դա մարդկանց միավորում է, նոր կյանք է ստեղծում: Երբ ամեն առավոտ արթնանում ես երաժշտության հետ ներդաշնակ, կյանքը այնպես լավ է թվում: Շարունակեք այդպես»,- հորդորեց պարոն Դոմինգոն: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երգչախմբին հրավիրեց մասնակցելու աշխարհահռչակ տենորի վաղը կայանալիք համերգին, իսկ պարոն Դոմինգոն իր հետ համատեղ կատարմամբ հանդես գալու առաջարկ արեց: Ի հիշատակ` երգչախմբի անդամները լուսանկարվեցին ԱԺ նախագահի եւ հանրահայտ տենորի հետ:

Ի դեպ, նշենք, որ մինչ աշխարհահռչակ տենորի այցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զրուցեց աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախմբի` «Փարոս»-ի անդամների հետ, հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ հերթական անգամ նվիրատվություն կատարեց երգչախմբին:

Այնուհետեւ ԱԺ ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ համերգային ծրագրով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կապակցությամբ հանրահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն պարգեւատրվեց ԱԺ Պատվո մեդալով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Մեծարգո պարոն Դոմինգո, մեզ համար մեծ պատիվ է   Հայաստանի Ազգային ժողովում հյուրընկալել Ձեզ նման համաշխարհային մեծության աստղի:

Հարգելի մաեստրո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ավանդաբար Պատվո մեդալի է արժանացնում գործունեության տարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների: Երգարվեստի բնագառավում Դուք առաջինն եք արժանանում Հայաստանի խորհրդարանի բարձրագույն այս պարգեւին այդ ոլորտում  մարդկությանը մատուցած մեծ ծառայությունների համար: Ուզում եմ հուսալ, որ Ձեր բարձր տիտղոսների ու պարգեւների կողքին Հայաստանի Ազգային ժողովի  Պատվո մեդալը կունենա իր ուրույն տեղը` նկատի ունենալով, որ այն իր մեջ կրում է մեր ջերմ զգացումն ու երախտիքը Ձեր արվեստի նկատմամբ:

Սիրելի բարեկամ, Ձեր արվեստը  ավելի քան 40 տարի հմայում է աշխարհի բազմաթիվ երկրների ունկնդիրների:

Թեեւ Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, սակայն մեր երկրում եւս  Ձեր  բարձր արվեստի ու հզոր ձայնի բազում երկրպագուներ ունեք: Մեր  հիշողությունից անջնջելի են Ձեր օպերային 128 դերերգերն ու,  իհարկե, հանրահայտ «Երեք տենոր» նախագծի շրջանակներում Լուչիանո  Պավարոտտիի եւ Խոսե Կարերասի հետ ելութները: Դրանց հետեւել ենք առավելապես հեռուստատեսությամբ, սակայն այսօր, մեզ բախտ է վիճակվել անմիջականորեն հաղորդակից լինելու Ձեր բարձր արվեստին: Շնորհակալ եմ, որ համերգային շրջագայությունների  հագեցած Ձեր ծրագրում ներառել եք նաեւ Հայաստանը եւ ելույթ եք ունենալու հայաստանյան բեմում: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ հայ ունկնդիրը գիտի գնահատել բարձր արվեստը եւ հավատացած եմ, որ Դուք էլ բավականություն կստանաք այդ հաճելի արձագանքից: Եվ Ձեր երեւանյան համերգը, վստահ կարող եմ ասել, որ մեր մշակութային կյանքի շրջադարձային իրադարձություններից է»:

Շնորհակալություն հայտնելով նման բարձր  պարգեւի արժանանալու համար` պարոն Դոմինգոն նշեց, որ Հայաստան իր այցելությունը ուշացած է, քանի որ երկար ժամանակ ցանկություն է ունեցել այցելել Հայաստան: Նա հույս հայտնեց, որ առաջին համերգը հիմք կդնի  ապագա շարունակական ու գեղեցիկ նոր նախագծերի համար: Հանրահռչակ տենորը նշեց, որ իր կապը հայերի եւ Հայաստանի հետ եղել է մանկությունից, որովհետեւ իր ծնողները եղել են երգիչներ, մայրը Փարիզում երգեցողության դասեր է անցել տիկին Բաբայանի մոտ: «Այնպես, որ իմ առաջին ծանոթությունը, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ, եղել է Հայաստանը: Իսպանիայից հետո առաջինը ես իմացել եմ Հայաստանի մասին»,- ընդգծեց նա: Պարոն Դոմինգոն ուրախությամբ նշեց, որ իր ընկերների թվում են մեծն Շարլ Ազնավուրը, Բարսեղ Թումանյանը եւ այլ հայտնի հայորդիներ, նա Արամ Խաչատրյանի մեծ երկրպագուն է: Լինելով Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծված «Եվրոպան միասին» ասոցիացիայի նախագահ` նա հորդորեց մշակութային հնագույն ժառանգություն ունեցող հայ ժողովրդին հետեւողականորեն պահպանել այդ հարստությունը: «Իմ եւ ասոցիացիայի անունից ես ուզում եմ հույս հայտնել, որ Կովկասի տարածաշրջանը, որը գտնվում է Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի խաչմերուկում, կլինի խաղաղության եւ բարգավաճման կենտրոն, կկարողանա իր հազարամյա ժառանգությունը պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Շատ շնորհակալություն եւ հուսով եմ, որ օրերից մի օր դուք կլինեք իմ հին ընկերները»- ավարտեց իր խոսքը աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply