Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 2, 2010 19:48

Դեկտեմբերի 2-ին  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին:

Մինչ հանդիպումը ի պատիվ հանրահայտ տենորի այցի` աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախումբը` «Փարոս»-ը, ԱԺ բակում կատարեց Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից: Իսպանացի տենորը շնորհակալություն հայտնեց երգչախմբի անդամներին` նշելով, որ տպավորված է նման ընդունելությամբ: «Սա ինձ համար անակնկալ էր: Միշտ ներդաշնակ եղեք երաժշտության հետ, որովհետեւ դա մարդկանց միավորում է, նոր կյանք է ստեղծում: Երբ ամեն առավոտ արթնանում ես երաժշտության հետ ներդաշնակ, կյանքը այնպես լավ է թվում: Շարունակեք այդպես»,- հորդորեց պարոն Դոմինգոն: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երգչախմբին անակնկալ մատուցեց` հրավիրելով մասնակցելու աշխարհահռչակ տենորի վաղը կայանալիք համերգին, իսկ պարոն Դոմինգոն իր հետ համատեղ կատարմամբ հանդես գալու առաջարկ արեց:

Ի դեպ, նշենք, որ մինչ աշխարհահռչակ տենորի այցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զրուցեց հաշմանդամների կամերային երգչախմբի` «Փարոս»-ի անդամների հետ եւ հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ հերթական անգամ նվիրատվություն կատարեց երգչախմբին:

Այնուհետեւ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Պլասիդո Դոմինգոյի առանձնազրույցը:

Ողջունելով տաղանդավոր արվեստագետին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մաեստրոյի այցը բացառիկ իրադարձություն է  Հայաստանի մշակութային կյանքում : ԱԺ նախագահը նշեց, որ մեծ երգիչը  Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի եւ սա լավագույն հնարավորությունն է հայ երաժշտասեր հասարակության համար ունկնդրելու բարձրակարգ եւ  որակյալ դասական երաժշտություն: Հովիկ Աբրահամյանը Պլասիդո Դոմինգոյին առաջարկեց  կրկին այցելել Հայաստան իր աշխարհահռչակ մյուս գործընկերների հետ  եւ հանդես գալ համատեղ համերգով, որոնց թվում կլինի նաեւ  մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրը, ում հետ պարոն Դոմինգոն բազմիցս ելույթ է ունեցել:

Պլասիդո Դոմինգոն  շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել  հազարամյա պատմություն եւ ավանդույթներ ունեցող  երկրում եւ հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ: Նա սիրով ընդունեց Ազգային ժողովի նախագահի հրավերը  կրկին այցելել Հայաստան եւ հանդես գալ Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգով:  Աշխարհահռչակ տենորը  նշեց, որ ինքը գլխավորում է «Մեր Եվրոպա» ասոցիացիան, որը  զբաղվում է համաշխարհային մշակութային արժեք ներկայացնող ժառանգության վերականգնմամբ եւ պահպանմամբ` պատրաստակամություն  հայտնելով Հայաստանում գտնվող պատմամշակութային լավագույն արժեքները նույնպես ընդգրկել ասոցիացիայի  ցանկում:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply