Ս.թ. դեկտեմբերի 1-ին երկարատև և ծանր հիվանդությունից հետո, կյանքի 83-րդ տարում վախճանվել է պետական ականավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների առաջին նախարար Ջանիկ Արտաշեսի Ջանոյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2010 19:43

Ջանիկ Ջանոյանի թաղման կազմակերպման կառավարական հանձնաժողովը հայտնում է, որ հանգուցյալի դագաղը դեկտեմբերի 3-ին դրվելու է Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան, 1): Հրաժեշտի համար մուտքը ժամը 12.00-14.00-ը: Հուղարկավորությունը ժամը 14.00-ին Երևանի քաղաքային գերեզմանոցի նոր պանթեոնում:

Ջ ա ն ի կ Ջ ա ն ո յ ա ն

Ջանիկ Ջանոյանը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 20-ին Հայկական ԽՍՀ Ղուկասյանի շրջանի Վարդաղբյուր գյուղում:
1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1951-56թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո 1956-58թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարարությունում:
1958-69թթ. պաշտոնավարել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի աշխատակազմում, ռեֆերենտից հասնելով մինչև խմբի ղեկավար: 1969-75թթ. եղել է Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի բնակչության կենցաղային սպասարկման, նյութատեխնիկական մատակարարման և առևտրի բաժնի վարիչ:
1975թ. Ջ. Ջանոյանը նշանակվում է Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարար, այդ պաշտոնը վարելով 15 տարի անընդմեջ, հանդիսացել ՀԽՍՀ կառավարության նախագահության անդամ:
1990-93թթ. նա եղել է մեր նորանկախ հանրապետության ֆինանսների առաջին նախարարը:
Մեծ է Ջ. Ջանոյանի ավանդը Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի ստեղծման ու կայացման •ործում: 1993թ., իբրև պետական հանձնաժողովի համանախագահ, նա մեծ աշխատանք կատարեց ազգային արժույթի` հայկական դրամի ներդրման նախապատրաստման ու իրականացման համար: Նրան վիճակվել է իր ստորագրությունը դնել ՀՀ անդրանիկ թղթադրամներից առաջինի վրա:
2001թ. սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով Ջ. Ջանոյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Նա արժանացել է նաև Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ԽՍՀՄ մեդալների, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրերի:
1975-90թթ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին կազմում: Կյանքի վերջին տարիներին Ջ. Ջանոյանը աշխատել է “Զարգացման հայկական բանկի” տնօրենների խորհրդի նախագահ:
Ջանիկ Արտաշեսի Ջանոյանը մեծ հարգանք ու հեղինակություն էր վայելում ֆինանսական, տնտեսական, պետական համակարգի ամենալայն շրջանակում: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Կառավարական հանձնաժողով

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply