Աստանա. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 2, 2010 16:00
«Հայաստանի և Ադրբեջանի շարունակվող զինված հակամարտությունը մեծ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանային խաղաղության և կայունության առումով: Հայաստանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը զավթվել է: 1 միլիոն ադրբեջանցի դարձել է փախստական և հարկադիր գաղթական իր հողում: Հայաստանը զավթել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, այլ նաև Ադրբեջանի ևս 7 շրջան»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահի խոսքով` Հայաստանը ոչնչացրել է ադրբեջանական քաղաքները և գյուղերը, տները, սրբազան վայրերը, նախնիների գերեզմանները, ադրբեջանական մզկիթները:«Նրանք ռազմական հանցագործություններ են իրականացրել, ցեղասպանություն` Խոջալուում, որտեղ 100-ավոր խաղաղ բնակիչներ սպանվել են հայկական զինյալ ուժերի կողմից միայն նրա համար, որ ադրբեջանցիներ են: Խոջալուի անմեղ զոհերի թվում կան ավելի քան 100-ավոր երեխաներ »,- հայտարարել է Իլհամ Ալիևը: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի պատմական մաս, որը ճանաչվել է միջազգային մակարդակում:.«Այսօր Հայաստանը չի դադարեցնում ուժի կիրառումը` զավթված տարածքներում իր հսկողությունը պահպանելու համար և նպատակ է հետապնդում խանգարելու հարկադիր գաղթականների վերադարձը իրենց տներ«,- ասել է Իլհամ Ալիևը: Այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահի խոսքով` Ադրբեջանը եղել է և մնում է խաղաղ բանակցություններին հավատարիմ և նախկինի պես հուսով է, որ դրանք արդյունքներ կբերեն: . Նրա խոսքով` հակամարտության հանգուցալուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի և նորմերի վրա` կիրառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, ԵԱՀԿ-ի որոշումները, Եվրոպական խորհրդարանի , Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ կազմակերպությունների բանաձևերը: .«Հայաստանը, սակայն, բարի կամքի ոգով բանակցությունների փոխարեն` նախընտրում է լարվածությունը`անկանխատեսելի հետևանքներով: Հայաստանը մշտապես խախտում է հրադադարի կարգը, զորավարժություններ է անցկացնում զավթված տարածքներում, ջանում է վերանվանել մեր քաղաքները և գյուղերը »,- ասել է Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով` Հայաստանն ապօրինի բնակեցնում է զավթած տարածքները, ջանում է իրադրությունը դարձնել անդառնալի և խաղաղության գործընթացը` անիմաստ: Հայաստանի ապօրինի գործունեության մասին անդրադարձել են ԵԱՀԿ գնահատող առաքելության հաշվետվության մեջ: Սակայն Հայաստանը բանակցային գործընթացում իրեն այնպես է պահում, որ մենք եզրակացնում ենք` Հայաստանը խաղաղություն չի կամենում, չի կամենում ազատել զավթած տարածքները, ջանում է պահպանել ստատուս քվոն` քանի դեռ հնարավոր է, որպեսզի բանակցային գործընթացը անվերջ դարձնի»,- ասել է նախագահը: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, սակայն 20 տարիների բանակցություններն անարդյունք են,- նշել է Ալիևը: Ադրբեջանը գնահատում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, որոնք նրանք մշակել են 6 տարիների ընթացքում` Փարիզի գործընթացի շրջանակում: «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, ավարտել այն` որքան հնարավոր է շուտ և հասնել հանգուցալուծման` միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիևը նաև իր երախտագիտությունն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և ղազախ գործընկերներին` բարձր մակարդակներում հանդիպումը գերազանց կազմակերպելու, ջերմ հյուրընկալության և ԵԱՀկ-ն 1 տարի նախագահելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
