«Թուրքը մնում է թուրք», Եվրոպան՝ առավել ևս…

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 2, 2010 16:19

1-Հայ-թուրքական հարաբերությունների այսպես ասած սառեցված գործընթացի շրջանակներում Թուրքիայի նախագահ Գյուլը սույն թվականի նոյեմբերի սկզբին գրեթե համահունչ արձագանքեց, երբ նույն օրերին Շվեյցարիայից վերադարձին հայտարարում էր, թե գործընթացը կարելի է բնութագրել որպես «լուռ դիվանագիտություն….»:
2- Նոյեմբերի կեսերին և այս անգամ Թուրքմենստանից վերադարձին Գյուլը միանգամայն շրջադարձային հայտարարություն արեց՝ ասելով. «…Այդ խնդրի գծով կապի մեջ եմ Սերժ Սարգսյանի, Ալիևի, Մեդվեդևի և Պուտինի հետ…»: Միջանկյալ նշենք, որ հենց նոյ. 9-10-ին Անկարայում էր գտնվում ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջան Քերին, ով մամլո ասուլիսի ընթացքում փորձում էր «պատգամել» թուրք իշխանավորներին, թե «այս տարի սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի աջակիցների թիվը բարձրանալու է…»՝ ավելացնելով ու ընդգծելով նաև, որ ԱՄՆ-ի համար գերկարևոր նշանակություն ունի Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղակայումը, չմոռանալով հիշեցնել միաժամանակ «Իրանի ատոմային սպառնալիքը», դրան գումարելով նաև թուրք-իսրայելական վերջին անախորժությունների աննպատակահարմարությունը…»:
3- Այժմ, նոյեմբերի վերջին Գյուլն արդեն առաջարկում է, որ Հայաստանի նախագահը կամք ու համարձակություն դրսևորի, որպեսզի գործընթացը իր բարեհաջող ավարտով եզրահանգվի. չմոռանալով, սակայն, հայտնի նախապայմանը՝ հայկական ուժերի դուրսբերումը «ադրբեջանական օկուպացված տարածքներից»:
4- ՆԱՏՕ-ի տվյալ գագաթաժողովին, ի հեճուկս թուրքական լարախաղացության (Թուրքիան իբր խիստ պահանջում էր ՆԱՏՕ-ից, որ իր հակահրթիռային համակարգի սեփական երկրում տեղակայումը չպետք է որևէ երկրի (ասել է թե՝ Իրան, Ռուսաստան) դեմ կիրառվելիք քայլ համարվի, որը, ի դեպ, զավեշտալի էր բնութագրվում նույնինքն Թուրքիայի ազգայնական կուսակցապետ Բահչելիի կողմից), այդուհանդերձ, ՆԱՏՕ-ականները հաստատում են նախագծված հռչակագիրը, որում զետեղված էր հարավկովկասյան երկրների լոկ «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունքը և հակառակ նախորդ տարիների նույնանման հռչակագրերի՝ զեղչվել էր «ազգերի ինքնորոշման իրավունքի» սկզբունքը (չի բացառվում, որ Թուրքիա-ՆԱՏՕ սակարկությունների արդյունքում կատարվել է «առ և տուր»-ի գործարք՝ հակահրթիռային կայանների տեղակայում՝ ադրբեջանամետ բանաձևի դիմաց): Այստեղից էլ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ նախագահի չմասնակցելը… Իսկ մյուս կողմից` նույն գագաթաժողովին մասնակից Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի առաջարկը, որով ՆԱՏՕ-Ռուսաստան հրթիռակայանների օգտագործման խնդրում համատեղ գործակցության տարբերակն էր առաջ քաշում, միանշանակ մերժվեց ՆԱՏՕ-ի կողմից:
5- Այս իրադարձությունները, սակայն, իրենց հաջորդականությամբ տեղի են ունենում մոտալուտ՝ դեկտ. 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի վեհաժողովի նախօրյակներին, որտեղ իբր պետք է նախանշվեն Արցախյան հարցի կարգավորման շուրջ կողմերի «նորացված մոտեցումները», այլապես Գյուլի մատնանշած կամքը ՀՀ նախագահի կողմից չդրսևորվելու դեպքում շրջանը կրկին ականատեսը կը լինի նոր պատերազմի բռնկման… անշուշտ՝ մեղքը բարդելով Հայաստանի վրա…: Դա են ապացուցում նաև ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Չավուշօղլուի արցախյան հարցի մասին օրերս բարձրաձայնումներն ու նույնինքն Գյուլի կողմից ԵԱՀԿ-ի գալիք վեհաժողովում նոր նախագահության (թուրք ներկայացուցիչ) առաջադրման մտադրությունը:
6- Ահավասիկ, Գյուլի ասած «լուռ դիվանագիտությունը» վերածվել է աղաղակող հոխորտանքների, որոնց առթիվ այլևս «թուրքը մնում է թուրք» բնութագիրը անբավարար կը լիներ: Ավելին՝ դրանով հայկական կողմի ինքնարդարանալու պատրանքով ու «համաշխարհային հանրային կարծիքի առջև Հայաստանի դրական իմիջի» խաբկանքով տարվելը, մեղմ ասած, վնաս է լինելու հայոց պետական ու ազգային շահերին:
Ի վերջո, համարձակություն ունենանք բարձրաձայնելու, որ «Եվրոպան էլ մնում է Եվրոպա…», ոչ միայն պատմական կտրվածքի փաստացի հայադավությամբ, այլև՝ այսօրյա քաղաքական ու դիվանագիտական խաղերի թրքամետությամբ:
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
«Ալիք»

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply