Մակաբույծներ. ախտանշաններն ու բուժումը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 9, 2010 0:34

Մեզ շրջապատող աշխարհը զերծ չէ վարակներից: Օդում, ջրում, հողի, հատկապես կենդանիների բրդի մեջ վխտում են զանազան մանրէներ, վարակներ ու սնկեր: Մարդու օրգանիզմն ամեն վայրկյան է  հետ մղում դրանց գրոհը:  Բժիշկներն անընդհատ հիշեցնում են անձնական հիգիենայի պահպանման մասին, ուշադրություն հրավիրում ախտանշանների վրա, հորդորում անալիզներ հանձնել դրանց առկայության կամ էլ բացակայության մասին իրազեկվելու  նպատակով: Սակայն հարց է ծագում. իրո՞ք  մենք այդքան անպաշտպան ենք վարակների նկատմամբ:

Եթե ճիճուների ձվերը հայտնվել են աղեստամոքսային տրակտում, անխուսափելի՞ է հելմինտոզո՞վ վարակվելը

Մարդը միլիոնավոր տարիներ ապրել է մակաբույծների հետ «կողք կողքի»: Այդ ժամանակահատվածում բնությունը ձևավորել է դրանց ներթափանցումը կանխող յուրօրինակ պաշտպանություն: Ճիճուները կարող են սատկել  հենց բերանի խոռոչում՝ թքի մեջ  եղած ֆերմենտի ազդեցությամբ: Հաջորդ արգելքը ստամոքսի ագրեսիվ թթվային միջավայրն է: Եթե մակաբույծներին հաջողվի հաղթահարել այդ պատնեշը ևս, ապա նրանց սպասում է հաջորդ «թշնամին»` աղիքների տեղային իմունիտետը, որը մշակում է հակամարմիններ ցանկացած օտար գործոնի դեմ: Պաշտպանական մի մեխանիզմ ևս կա՝ հատուկ բջիջների՝ էոզինոֆիլի  մշակումը: Դրանք ընդունակ են հաղթելու և ոչնչացնելու խոշոր մակաբույծներին:

Եթե օրգանիզմը քրոնիկական հիվանդություններից թուլացել է, կամ էկոլոգիապես ոչ բարենպաստ պայմաններում բնակվելու հանգամանքով իմունիտետն ընկել է, ապա օրգանիզմի հակաճիճվային  «արգելապատնեշները» թուլանում են, և ճիճուներով վարակվելու ռիսկը մեծանում է: Խոցելի խումբ են երեխաները, քանի որ նրանց պաշտպանական ֆունկցիաները դեռևս հասունացած չեն, սակայն  կարելի է ճիճվային հիվանդությունները կանխել` ուշադրություն դարձնելով ախտանշաններին ու կատարել համապատասխան մաքրում: Օրգանիզմ մուտք գործելով` մակաբույծների թրթուրները սկսում են ակտիվ ներթափանցել օրգաններ ու հյուսվածքներ: Հիվանդության այս փուլը համարվում է սուր: Այս փուլում ակտիվանում է իմունիտետը, ի հայտ են գալիս ալերգիկ հակազդեցություններ: Այս փուլին բնորոշ են բարձր ջերմությունը (38-40C), ընդհանուր թուլությունը, ակտիվության ու աշխատունակության անկումը, նյարդայնությունը, գլխացավը, մկանային ու հոդացավը, մաշկի քորը, ցանը:

Հայտնվելով այս կամ այն օրգանում` թրթուրները դադարեցնում են տեղաշարժը և սկսում են զարգանալ՝ վերածվելով հասուն ճիճվի:  Սա հիվանդության գաղտնի փուլն է, որը հազվադեպ է կլինիկական դրսևորումներ ունենում:

Քրոնիկական փուլը սկսվում է այն պահից, երբ ճիճվի էգը ձվադրում է: Այս փուլը կարող է տարիներ ձգվել: Դրա տևողությունը կախված է մակաբույծի կյանքի տևողությունից: Այս փուլին բնորոշ են փորացավը (երբեմն ամբողջ փորի), որը պայմանավորված է մակաբույծի տեղաշարժով (հաճախ գաստրիտային ցավ կամ  էլ տասներկումատնյա աղիքի խոցային ցավ է հիշեցնում): Ճիճուները, կպչելով աղիքների պատերին, վնասում են այն,  կպչելու տեղում առաջանում է  բորբոքային օջախ, իսկ մանրէների «աջակցությամբ» այն վերածվում է խոցի, կարող է անգամ առաջանալ անցք, բացվածք, որն էլ կհանգեցնի որովայնախոռոչի բորբոքման (պերիտոնիտ): Ճիճուներն ունակ են հատուկ նյութեր մշակելու (հակապեպսին և հակատրիպսին), որոնք հակազդում են ստամոքսի ու աղիքների ագրեսիվ միջավայրին, ինչի հետևանքով խախտվում է մարսողության գործընթացը:

Փորկապություն. մակաբույծն ինքնին արդեն խանգարում է  աղիքներով սննդի անցանելիությանը: Աղիքների ռեցեպտորների մեխանիկական գրգռումը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարմանն ու մարսողության արգասիքների դուրսբերմանը:

Լուծ. ճիճուների կենսագործունեության հետևանքով աղիքների լուսանցք են ընկնում այնպիսի նյութեր, որոնք թուլացնող հատկություն ունեն: Բացի այդ, աղիքներում ճիճվի առկայությունն արդեն խաթարում է բնական միկրոֆլորայի հավասարակշռությունը, ինչն իր հերթին հանգեցնում է գազառաջացման, փորի փքման և լուծի:

Լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարում. մի շարք հելմիտներ կան, որոնք, բարակ աղիքի պատը ծակելով, մտնում են լյարդի արյունատար անոթների համակարգ ու արյան հոսքով մտնում լյարդի ու ենթաստամոքսային գեղձի  ծորաններ: Մակաբույծը մեխանիկորեն վնասում է այդ հյուսվածքները: Ճիճուների կուտակումը կարող է հանգեցնել այդ ծորանների խցանման ու մեխանիկական դեղնախտի: Ճիճվային վարակի հետևանքով կարող են զարգանալ թարախային օջախներ (աբսցես) լյարդում, թարախային բորբոքումներ լեղապարկում (խոլեցիստիտ), լեղածորանների բորբոքում (խոլանգիտ), ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ), որն էլ կհանգեցնի շաքարային դիաբետի զարգացման:

Անեմիա (սակավարյունություն). մակաբույծների «գործունեության» հետևանքով  վնասված աղիքի պատը սկսում է արյունահոսել, ինչի հետևանքով զարգանում է երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունություն: Իսկ  որոշ մակաբույծներ էլ մարդու հետ մրցակցության մեջ են մտնում B12 վիտամինի և ֆոլաթթվի համար:

Մակաբույծներով վարակվելու հետևանքով առաջացած բարդությունների շարքը կարծես կարելի է դեռ երկար թվարկել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 4,5 մլրդ մարդ վարակված է հելմիտներով, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանները:

Հելմինտոզի բուժման համար հնուց կիրառվում էին  ժողովրդական ամենատարբեր միջոցներ, երբեմն շատ էկզոտիկ,  օրինակ` աղոթքը,  հիվանդին խարույկի շուրջ պտտեցնելը:

Հայտնի են հակաճիճվային հատկություններով մի շարք բույսեր. սոխ, սխտոր, դդմի կորիզներ, նուռ, արևքուրիկ, ուրց: Սակայն հելմիտների առկայությունը կարող է պարզվել միայն անալիզների միջոցով, իսկ բժիշկ-վարակաբանը  կօգնի ընտրելու բուժման ճիշտ եղանակը: Եվ, իհարկե, ավելորդ չէ հիշեցնել, որ բուժումը պետք է շուտ սկսել:

Կանխարգելիչ նկատառումներով հարկ է պահպանել անձնական հիգիենան. լավ լվանալ բանջարեղենը, մրգերն ու կանաչին: Չի կարելի ուտել վատ մշակված ձուկ և միս (հատկապես` խոզի): Չի կարելի խմել բաց ջրամբարներից վերցված ջուր: Ցանկալի է, որ երեխաները քնեն տարբեր մահճակալներին. սովորեցրեք նրանց քնելուց առաջ լվացվել: Եթե պարզել եք, որ երեխան վարակված է հելմինտոզով, ապա նրան քնելուց առաջ հագցրեք ամբողջական նստող վարտիք և կարճ կտրեք եղունգները:

Դիտվել է 23269 անգամ:
Print Friendly

Leave a Reply