Սպորտի թագուհու վիճակն անհուսալի չէ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | December 9, 2010 3:30
Թեև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը բնակվում է Ֆրանսիայում, հաճախակի է հայրենիք այցելում, որպեսզի անմիջականորեն զբաղվի կնճռոտ հարցերի կարգավորմամբ: Իսկ դրանք քիչ չեն: Եվրոպայի ռեկորդակիրը տևական ժամանակ Հայաստանում էր և Ֆրանսիա ուղևորվելուց առաջ սիրով հայտնեց, թե ինչ է հաջողվել անել իր այդ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:
Արդեն համաձայնագիր է ստորագրվել Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի հետ, նախատեսվում է համագործակցել: Ֆրանսիական կողմի ներկայացուցիչները հասցրել են լինել մեր երկրում: Քանի որ Հայաստանի հիմնական դժվարությունն այն է, որ ժամանակակից մարզաբազաներ չկան պարապմունքների անցկացման համար, հիմնական խնդիրն է, թե ինչպես կարելի է աթլետիկական հատվածներ սարքավորել: Էմմիյանի երազանքն այն է, որ Հայաստանում լինեն ժամանակակից, սինթետիկ ծածկով աթլետիկայի մարզադաշտեր: Նա կարծում է, որ դա կարող է բեկում մտցնել հայկական աթլետիկայում: Իսկ առանց այդպիսի պայմանների` արդյունքի հասնել հնարավոր չէ:
Այդ է պատճառը, որ Հայաստանում եղել է աթլետիկական հատվածներ սարքավորող աշխարհահռչակ ֆիրմաներից մեկի ներկայացուցիչը: Նրան մեր երկրի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը տարել է Հայաստանի տարբեր մարզադաշտեր, ուսումնասիրվել է, թե որտեղ է հնարավոր այդ ուղղությամբ աշխատանքներ ծավալել: Ի վերջո, այն եզրակցությանն են հանգել, որ դրանց մեծ մասում հնարավոր է աթլետիկական ժամանակակից հատվածներ սարքավորել: Ընդ որում, խոստացել են խնդիրը կարգավորելու հարցում ամենայն աջակցություն դրսևորել Հայաստանի պետական մարզական կառույցի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները: Այնպես որ, աթլետիկայի կամ, ինչպես ընդունված է ասել, սպորտի թագուհու վիճակը` մարզական պայմանների առումով, ծանր է, սակայն անհուսալի չէ:
«Եղել ենք Աբովյանի քաղաքային, Երևանի «Հրազդան», «Հանրապետական» մարզադաշտերում: Ցանկալի է, որ Հայաստանի բոլոր քաղաքներում լինեն այնպիսի հարմարություններ, որ աթլետները կարողանան ժամանակակից պայմաններում պարապմունքներ անցկացնել, բարձրացնել իրենց վարպետությունը: Դա շատ կարևոր է, քանի որ օլիմպիական խաղերում ամենից շատ պարգևները` մեդալների 48 հավաքածու, խաղարկվում են հենց այս մարզաձևում: Նպատակն այն է, որ Հայաստանում աթլետիկան այնպիսի զարգացում ունենա, բարձր մակարդակի հասնի, որ խոշորամասշտաբ ստուգատեսներում լուրջ հավակնություններ ունենանք: Սակայն Հայաստանում աթլետիկայի քիչ մրցաձևեր են արմատավորված»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Այդուհանդերձ, աստիճանաբար այդ բացը լրացվում է: Մասնավորապես նշվեց, որ Հայաստանի աթլետիկայի հավաքականը համեմատաբար մեծ թվով` 29 մասնակցով հանդես է եկել Եվրոպայի 3-րդ լիգայի առաջնությունում և մեր մարզիկներից երկուսը զբաղեցրել են 2-րդ, երեքը` 3-րդ տեղ: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց լավագույնս են դրսևորել նաև Ֆրանսիայում կազմակերպված միջազգային ներկայացուցչական մրցումներում` 5 և 10 հազար մետր մրցատարածություններում գրավելով առաջին տեղը: Էմմիյանը հայտնեց, որ երիտասարդ, բայց հեռանկարային աթլետներ ունենք, որոնք նպատակային պարապմունքների միջոցով շատ բանի կարող են հասնել: Դրա համար միայն պայմաններ են անհրաժեշտ: Սևակ Եղիկյանը (800 մ վազք) և Աշոտ Հայրապետյանն (3000 մ վազք) ուսումնամարզական հավաք կանցկացնեն, որպեսզի մասնակցեն առաջիկայում Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ի դեպ, արտասահմանում բնակվող մի շարք հայրենակիցներ առաջիկայում կհամալրեն մեր հավաքականը: Նրանցից ամենից հայտնին 22-ամյա գնդահրորդ Ջեֆրի Չաքոյանն է: ԱՄՆ-ում բնակվող և մարզվող այս աթլետն այդ երկրի առաջնությունում 4-րդ տեղ է գրավել: Հունաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից երկու հեռացատկորդ և մեկ ձողացատկորդ նույնպես ցանկանում են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Ընդ որում, ձողացատկորդը, որի անունը Արթուր է, ցույց է տալիս բարձր` 5 մ 40 սմ արդյունք: «Հայաստանի ներկայացուցիչները լրջորեն են նախապատրաստվելու մարտի 4-6-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Բերսի» մարզապալատում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, նաև օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 4-ը Հարավային Կորեայում անցկացվելիք աշխարհի ամառային առաջնությանը»,- ասաց Էմմիյանը:






Facebook
Tweet This
Email This Post
