Նկարչության ճշմարիտ ուղու նահապետները
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | December 4, 2010 15:09
Երկրային կյանքում ոչ բոլորն են հայտնվում մոռացության մեջ: Շատերին հիշում ու խնկարկում են մերձավորները, հարազատները, իսկ առավել օժտվածներին` բախտավոր աստղի տակ ծնվածներին, հիշում ու պատվում են ազգովի: Աստծո պարգևած շնորհով էին օժտված նաև Հարություն և Արմինե Կալենցները: «Կան մարդիկ, որոնք արվեստագետ են ծնվում, և Աստծո ձեռքը նրանց վրա է: Հարությունն առանց արվեստի չի ապրել մեկ րոպե անգամ: Նրա կյանքում արվեստը միշտ առաջնային է եղել, և կյանքին էլ նայել է արվեստի միջոցով»,- հավատացած էր Արմինե Կալենցը:
Երբ 1946 թ. հայրենադարձների քարավանը նրանց հայրենիք բերեց, Հարություն Կալենցն արտերկրում արդեն ճանաչված անուն էր, իսկ մեզանում նրա ժամանակը դեռ նոր պիտի գար:
Սեբաստիա նահանգի Կյուրին գյուղաքաղաքում, 1910 թ. Զատիկի գիշերը ծնվեց Կալենցը, այդ իսկ պատճառով անունը Հարություն դրեցին: Նկարչի զարմանալի գունազգացողությունը գեներով էր գալիս: Կյուրինի նշանավոր գորգի և շալի ֆաբրիկան ծնողներին էր պատկանում: Տարբեր գույնի ներկած բրդեր, ձեռք ու երես ներկած ներկարարներ. ահա նրա մանկության վառ հիշողությունները: Հենց այստեղից է գալիս նրա սերն ու ձգտումը անաղարտ, մաքուր գույնի նկատմամբ: Հետևաբար, պատահական չէ, որ իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա միշտ խուսափել է խառնուրդներից ու մեր արվեստասեր հասարակայնությանը ժառանգություն թողել մաքուր գույների վրա կառուցված 160 յուղաներկ, ինչպես նաև`200 գրաֆիկական գործ:
5 տարեկան էր, երբ սկսվեց կոտորածն ու փախեփախը, եղբայրների հետ հայտնվեց Սիրիայի, այնուհետև՝ Լիբանանի որբանոցներում: Ծանր էր որբանոցի կյանքը, բայց այնտեղ արդեն նկարչի համբավ ուներ: Հետագայում որբանոցի ուսուցչուհին պիտի հիշեր. «Դեռ փոքրիկ տղա էր, բայց որբանոցի բոլոր ուսուցիչներին նկարում էր` դասերը չսովորելով»: 13 տարեկան էր, երբ որբանոցը թողեց և մի գեղագրի մոտ աշխատանքի անցավ որպես աշակերտ: Որբանոցից հանեց նաև փոքր եղբորը` Հայկին: Այդպես սկսվեց Հարությունի ինքնուրույն կյանքը: Իսկ երբ 17 տարեկանում հանդիպեց ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոտ Միշլենին, արդեն նկարչի համբավ ուներ: Միշլենն այնքան սիրեց ու գնահատեց Հարությունին, որ իր արվեստանոցը նրան հանձնեց: Միասին շատ երկրներ ճամփորդեցին, ու որոշ ժամանակ անց ֆրանսիական բարձր հասարակայնության մեջ սկսեցին խոսել տաղանդավոր նկարչի հայտնության մասին:
1939 թ. Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի լիբանանյան սալոնի 7- մետրանոց պատը ձևավորելու համար կառավարությունը ոսկե մեդալ և դիպլոմ շնորհեց: Ավելին, Լիբանանի կառավարությունը Փարիզում ապրելու և ի շահ Լիբանանի աշխատելու առաջարկ արեց: Սակայն Հարությունը նախընտրեց հայրենիք վերադառնալ, որտեղ սով էր, թշվառություն: Եկան այն ժամանակ, երբ ժողովուրդը ստիպված էր հաղթահարել ոչ միայն հետպատերազմյան տնտեսական դժվարությունները, այլև դիմագրավել ստալինյան ռեժիմին ու գաղափարական ճնշումներին:
«Նրան ոչ միայն գրկաբաց չընդունեցին, այլև հեռացրին նկարիչների միությունից` համարելով, որ ակադեմիա չի ավարտել, հետևաբար՝ անգրագետ է: Սակայն այդ հեռացնողների անուններն այսօր չենք հիշում, բայց հայրս թանգարան ունեցավ և արժանի եղավ աշխարհի մեծագույն արվեստագետներից մեկը լինելու»,- արդեն թեթևացած հոգով ու հպարտությամբ փաստում է նկարչի նկարիչ որդին` Սարո Կալենցը: Նրան ֆորմալիստ նկարիչ էին համարում, ասել է թե`զբաղված է մարդկանց խաբելով: Չէր գովերգում երկիրը, կնշանակի` դեմ ես այդ երկրի քաղաքականությանը, ժամանակի որակմամբ` պարազիտ ես: Մինչդեռ որդու համոզմամբ, Կալենցը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Նրա հիմնական նպատակը նկարչությունն էր: «Քաղաքականությունը ժամանակի ընթացքում հնանում ու դառնում է անհետաքրքիր»,- հավատացնում է Սարո Կալենցն ու Գոյային օրինակ բերում, որի արվեստի վատ էջերը հենց քաղաքականությամբ զբաղվելու հետևանք են: Որդին հավատացած է, որ ժամանակակից արվեստն այսօր հեռացել է իր բուն նպատակից և քաղաքական խնդիրներ է լուծում: Մինչդեռ իսկական արվեստագետը զերծ պիտի լինի քաղաքականությունից:
Խորհրդային համայնավարության տարիներին վարպետն ընդամենը մեկ ցուցահանդես ունեցավ: Այդ օրը Արմինեն անչափ երջանիկ էր: Նրա ճշմարտությունն ասես հաղթել էր: Ասես մոռացվել էին անցյալի դժվարությունները: Բարեբախտաբար, նկարչի կյանքում հայտնվեց ակադեմիկոս Ալիխանյանը, որ ժամանակին շատ հայտնի անուն էր և կարողացավ փոխել Հարությունի նկատմամբ կարծրացած վերաբերմունքը: Ծանոթացրեց Մայա Պլիսեցկայայի, Ռայկինի, Կիտովիչի, Իլյա Էրենբուրգի հետ: Մարդ, որ Մատիսին ու Պիկասոյին համաշխարհային համբավի հասցրեց ու Կալենցին էլ նույն հարթակի վրա դրեց: Կալենցին նույն նժարին դրեց նաև նրա որբանոցի ընկեր Գառզուն` հանդիմանելով. «եթե Փարիզում մնայիր, ապա հայտնի նկարիչ կլինեիր»: Այդ ամենը հրաշալի գիտեր Հարությունը, ուստի հանգիստ էր ապրում:
Երկու նկարիչ, երկու լուսավոր մարդ՝ մի հարկի տակ: Ուշագրավ է, թե ինչպես խաչվեցին նրանց ճանապարհները: Արմինեն նկարիչ Ժիրայր 0րաքյանի արվեստանոցում սովորելու նպատակով Իտալիա է մեկնում, սակայն վերջինս խորհորդ է տալիս Բեյրութ գնալ, որտեղ Հարություն Կալենց անունով նկարիչ կա: 1938 թ. այդպես մտավ Հարությունի աշխարհը, և դիպվածը մեծ դեր ունեցավ: Սկզբում առաջին ուսուցիչն էր, հետագայում՝ կյանքի ընկերը: Ամուսնու մահից երեք տասնամյակ անց, ընթերցողի սեղանին դրվեց «Ների՛ր ինձ, Հարություն» գիրքը, որում, ընտանեկան վարագույրը նի կողմ քաշելով, ընթերցողին անկեղծորեն ներկայացրեց Կալենց մարդուն, նկարչին, ամուսնուն, այնպես, ինչպես տեսել, զգացել, ճանաչել, սիրել ու ներել էր:
Դժբախտաբար, Հարություն Կալենցը վաղաժամ հեռացավ կյանքից (1967 թ.)` ըստ արժանվույն չգնահատված: 40 տարի շարունակ Արմինեն ապրեց ու արարեց իր ամուսնու անունը կրող փողոցում: 500 կտավ վրձնեց: Փոքրամարմին Արմինեին երիտասարդ նկարիչները շատ էին սիրում, որովհետև նա մշտապես օգնում, խորհուրդներ էր տալիս` նկարչության մեջ ճշմարիտ ուղի որդեգրելու առումով:
2010 թ. ապրիլի 27-ին արվեստասեր հասարակայնության առջև իր դռները բացեց «Կալենց» թանգարանը, որի հիմնական ցուցադրությունն են կազմում ամուսինների հավաքածուները: Բացումը համընկավ երկու հոբելյանների, հետմահու պետական մրցանակի արժանացած` Հարություն Կալենցի 100-ամյակի և վաստակավոր նկարիչ Արմինե Կալենցի 90-ամյակի հետ:
Դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, ամենուր վառ գույներով կտավներ, որոնք ոչ միայն կյանքը սիրելու նշան են, այլև թանգարանի հարստությունը:
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
