Մինչ Հայաստանում վիճում են գորգի թանգարանի շուրջ, ադրբեջանական գորգը ճանաչվեց մարդկության ոչ նյութական ժառանգություն
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | December 6, 2010 2:49
Վերջին ամսվա ընթացքում գորգի և գորգագործության թեման արդիական է թե՛ Հայաստանում և թե՛ հարևան Ադրբեջանում: Եթե ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են լուրերով այն մասին, որ երկար տարիների աշխատանքից հետո ի վերջո ադրբեջանական գորգն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում, ապա Հայաստանում քննարկումներն այլ բնույթ ունեն: Այստեղ մասնագիտական շրջանակներում քննարկում են, թե արդյոք Հայաստանին պե՞տք է գորգի թանգարան-գիտահետազոտական կենտրոն:
Ազգագրագետ-գորգագետ Աշխունջ Պողոսյանը նշում է, որ գորգի թանգարան հիմնելու գաղափարը նոր չէ, դեռ խորհրդային տարիներին` 1981-ին է նման թանգարան հիմնելու որոշում կայացվել: «Մինչ թանգարանին հատկացված շենքը կարգի կբերվեր, հավաքվեց հսկայական հավաքածու` 2000 գորգ և 1000-ից ավելի կարպետ»,- ասում է Պողոսյանը` հավելելով, որ թանգարանի գաղափարն այն ժամանակ կյանքի չկոչվեց, քանի որ շենքը երկրաշարժից վնասվեց, կային նաև ինժեներական սխալներ: Իսկ արդեն անկախության տարիներին թանգարանի գաղափարն անտեսվեց: Գորգի թանգարանի համար հավաքված նմուշներն այժմ պահվում են Ազգագրության պետական թանգարանում, որտեղ նման խոշոր հավաքածու պահելու համար համապատասխան պայմաններ չկան: «Ցանկացած աշխատանք գորգերի առնչությամբ խոչընդոտների է դեմ առնում, դժվար է որևէ գորգ գտնելը, քանի որ նեղվածք է, թանգարանի պահոցներում պահվում է կրկնակի ավել նմուշ, քան նախատեսված է այդքան տարածքի համար»:
Պողոսյանը նշում է, որ անկախության հռչակումից ի վեր դիմել է և՛ մշակույթի նախարարությանը, և՛ կառավարությանը` գորգի թանգարան բացելու առաջարկով: Որևէ արդյունքի չհասնելով` այս տարի Պողոսյանը, որ նաև Հանրային խորհրդի Մշակութային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի անդամ է, իր առաջարկը ներկայացրել է այդ խորհրդի քննարկմանը: Առաջարկը, սակայն, նոյեմբերի 9-10-ը կայացած ՀԽ լիագումար նիստի ժամանակ քվեարկության չդրվեց, քանի որ կարծիքները հակասական էին:
Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը նշում է, որ ինքը դեմ է տվյալ առաջարկին, քանի որ այն պետք է հիմնվի այլ թանգարանների հավաքածուների հիման վրա` սեփականը չունենալով: Պողոսյանը, սակայն, նշում է, որ ժամանակին թանգարանի համար հավաքված հավաքածուն բավարար է անգամ մի քանի թանգարան հիմնելու համար, ուստի ստեղծվելիք գորգի թանգարանը որևէ այլ հավաքածուի կարիք չի ունենալու: Բացի այդ էլ թանգարանային բոլոր հավաքածուներն էլ պետության սեփականությունն են ու տնօրինողն էլ պետությունն է: «Մեր պատկերացումով, գորգի թանգարանը մի պարզ թանգարան չի լինելու, այն պետք դառնա նաև գիտահետազոտական ինստիտուտ: Թանգարան ունենալը դեռ հարցի մի կողմն է, պետք է ապահովել գորգագործական ավանդույթների վերածնունդը, քարոզչությունը, այսինքն` աշխարհին ստիպի ճանաչել նաև հայկական գորգը,- ասում է Պողոսյանը:- Թանգարանը պետք է նաև լուրջ գիտական ներուժ ունենա, որ ի վիճակի լինի ուսումնասիրելու հայոց ավանդական գորգերի ներկանյութերը, տարիքը, թելերի բաղադրությունը և այլն: Այն պետք է հանդիսանա նաև գորգագործական ընկերությունների աշխատանքին նպաստող ու ուղղորդող մի կառույց»:
Նրա խոսքով, թանգարանն անշուշտ, նաև դարբնոց պետք է լինի այս ոլորտի մասնագետների պատրաստման համար. այսօր Հայաստանում գորգի մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել, իսկ նոր կադրեր չեն պատրաստվում: «Մարդիկ հավերժ չեն ապրում, կադրերը պետք է թարմացնել: Մի քանի տարի հետո ո՞վ է զբաղվելու հայկական գորգի ուսումնասիրությամբ»:
Պողոսյանն ասում է, որ հայոց գորգագործական մշակույթը արևելյան գորգագործական մշակույթի համակարգում բացառիկ տեղ է զբաղեցրել ու Հայկական լեռնաշխարհն էլ գորգագործական մշակույթի առաջացման բնօրաններից է: Հայկական բարձրավանդակից պեղումների ժամանակ գտնված գորգագործական գործիքները վերաբերում են մթա V-IV հազարամյակներին: Արթիկի դամբարանադաշտից հայտնաբերվել են մթա XII-XI դարերին վերաբերող կարպետի պատառիկներ, իսկ Կարմիր բլուրից` մ.թ.ա. VII-VI դարերով թվագրվող գորգի ու այլ գործվածքների մնացորդներ:
Պողոսյանը հավաստում է, որ հայկական ծագում ունի նաև 1949-ին Լեռնային Ալթայում պեղված և այժմ Էրմիտաժում պահպանվող 2500-ամյա «Պազիրիկ» գորգը: Այդ գորգը գործված է հայկական գորգարվեստում կիրառվող կրկնակի հանգույցով, որն անգամ պարսիկներն անվանում են հայկական հանգույց /արմանի բաֆ/, գորգի գեղազարդման համակարգը հստակ ընդհանրություններ ունի վաղ հայկական /ուրարտական/ պատկերագրման ավանդույթների հետ ու դրանում համոզվելու համար բավական է այն համեմատել թեկուզև էրեբունի ամրոցում պահպանված որմնանկարների հետ, բացի այդ, դեռևս 1987-ին Էրմիտաժի փորձագետները պարզել են, որ գորգի ներկանյութը ստացված է Արարատյան դաշտավայրի որդան կարմիրից:
Այսքան հիմնավորումներով հանդերձ, Պողոսյանի խոսքով, միջազգային ասպարեզում թերահավատությամբ են վերաբերվում գորգի հայկական լինելու վարկածին` այն վերագրելով թուրքերին, իրանցիներին, անգամ քրդերին:
Հայկական գորգի հեղինակության և համբավի մասին առանձնապես մեծաթիվ վկայություններ են հաղորդել արաբ պատմիչները: Ըստ այդմ` վաղ միջնադարում Արաբական խալիֆաթի ազդեցության ողջ տարածքում` Մարոկկոյից մինչև Չինաստան, հայկական գորգ ունենալը եղել է իշխանական վերնախավին պատկանելու նշան: Իշխանավորները անձին պատվելու համար նրան հայկական գորգ են նվիրել:
Հայկական պետականության անկումից և ողջ տարածաշրջանը մահմեդական ցեղերով լցվելուց հետո գորգագործությունը Հայաստանում անկում է ապրել. մինչ այդ պետական մակարդակով կազմակերպված մանուֆակտուրային գորգագործությանը փոխարինելու է գալիս տնայնագործականը: Իսկ Հայաստանում հաստատված ցեղերն էլ աստիճանաբար յուրացնում են հայկական գորգագործական արվեստի նրբությունները:
«1870-ականներից, երբ թուրք ժողովուրդը սկսեց ձևավորվել որպես ազգ, և առաջացել էր ազգային մշակույթ ունենալու անհրաժեշտությունը, սկսվել էր գիտականորեն հիմնավորվել, որ տարածաշրջանի գորգագործությունը, ընդհանրապես գեղարվեստական արհեստագործություններն ու ճարտարապետությունն ունեն սելջուկ-թուրքական ակունքներ: Այդ ժամանակներից էր սկսվել հայկական մշակույթի պետական մակարդակով յուրացումն ու որպես սեփականը ներկայացնելու գործընթացը: 1920-ականներից սկսեցին հիմնադրվել գիտահետազոտական ինստիտուտներ, գորգի թանգարաններ, միջազգային ասպարեզում լայն քարոզչություն ծավալվեց, ինչի շնորհիվ էլ, որպես արևելյան գորգի հոմանիշ, աշխարհը ճանաչեց «թուրքական» գորգը»,- ասում է Պողոսյանը և հավելում, որ 1970-ականներից հետո նույն գործընթացները պետական մարմինների եռանդուն ջանքերի շնորհիվ ծավալվեցին նաև Ադրբեջանում: Ստեղծվեց գորգի թանգարան ու պետական աջակցությամբ հրատարակվեցին ադրբեջանական գորգի պատմությանն ու տիպաբանությանը նվիրված բազմահատոր գրքեր:
«Աշխարհը թուրքականից բացի ճանաչեց նաև ադրբեջանական գորգը, իսկ հայկականը նորից ստվերում մնաց»,- ասում է Պողոսյանը: Ըստ ազգագրագետի` դեռ այսօր էլ ուշ չէ վերականգնելու կորսվող մշակութային ժառանգությունը: «Հատկապես գլոբալիզացիայի պայմաններում գորգի թանգարանն անհրաժեշտություն է: Երբեք ուշ չի լինում, բայց հայկական գորգի միջազգային ճանաչումը և ըստ արժանվույն գնահատումը հետզհետե կդժվարանա: Դա ո՛չ մեկ տարվա, ո՛չ էլ տասը տարվա գործ է, դրա համար տասնամյակներ են հարկավոր և բարձր մակարդակով պետական հոգածություն. անհատների մակարդակով լուրջ հաջողությունների հասնելն իրատեսական չէ: Այստեղ գործ ունենք հայոց պատմամշակութային ժառանգության մի հարուստ ու յուրահատուկ ոլորտի պահպանման հետ»:
Ադրբեջանում 1983-ից մինչ օրս գորգին նվիրված երեք միջազգային խոշոր գիտաժողով է կազմակերպվել, 4-րդն էլ նախատեսված է 2011-ին: Հաջորդ տարվա գիտաժողովի համար 700 հազար եվրո է տրամադրվել: Իսկ Հայաստանում, Պողոսյանի խոսքով, անգամ տեղական գիտաժողով երբևէ չի կազմակերպվել:
Ադրբեջանում կա գորգի 12 թանգարան, որոնցից 10-ը բացվել են անկախության հռչակումից հետո: Իսկ Թուրքիայում այդպիսի մի քանի տասնյակ թանգարան կա:
Անդրադառնալով համաշխարհային մակարդակով փորձագետների և մասնագետների քամահրական վերաբերմունքին հայկական գորգի նկատմամբ` Պողոսյանը նշում է, որ մասնագիտական շրջաններն անգամ լավ չեն տեղեկացված հայկական գորգի ու հայերի ծագումնաբանության մասին.«Բացի այդ, մեր օրերում առաջնային են ֆինանսական շահերը, ուստի հայկական գորգի մերժումը կատարվում է թուրքական ու ադրբեջանական կողմերի անմիջական ազդեցությամբ: Իսկ ընդհանրապես արտերկրի ուսումնասիրողներին առանձնապես չի էլ հետաքրքրում գորգի ծագումնաբանությունը` նրանք մեծամասամբ ունեն կոմերցիոն հետաքրքրություններ: Դա մեր մշակութային ժառանգությունն է ու մենք պետք է շահագրգռված լինենք դրա պահպանման համար: Վաղուց հրատարակման են պատրաստ «Հայոց գորգագործական մշակույթը» պատմաազգագրական ուսումնասիրությունը` իմ թեկնածուական թեզը, «Արցախի գորգագործական մշակույթը», «Հայոց գորգերի տիպաբանությունը» աշխատությունները, որոնցում տրված են այստեղ բարձրացված հիմնահարցերի մեծ մասի պատասխանները, սակայն անտիպ վիճակում դրանք որևէ նշանակություն չեն կարող ունենալ»:
Հ.Գ.
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է ընդգրկված նաև հայկական դուդուկը և խաչքարերի արվեստը, իսկ Ադրբեջանին է վերագրվում մուղամը, թուրքական, հնդկական և այլ մահմեդական երկրներում նշվող նովրուզ տոնը և աշուղական արվեստը:







Facebook
Tweet This
Email This Post
