Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարը պետք է նոր որակ ստանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 8, 2010 5:45

Թմրանյութերի տարածումն ու օգտագործումը միայն Հայաստանին չի վերաբերում, սա աշխարհի այն կարևոր հիմնախնդիրներից է, որին բախվում է յուրաքանչյուր պետություն: Թմրանյութերի անօրինական շրջանառության շուկայի ծավալը համադրելի է զենքի ու նավթի շուկայի հետ:

Սակայն չեմ ուզում համեմատություններ ու վիճակագրություն անցկացնել Ադրբեջանի կամ Վրաստանի հետ, որպեսզի ցույց տանք, թե տեսեք` մեզ մոտ ավելի քիչ է, քան այնտեղ: Մեզ մոտ, անշուշտ, այս հիմնախնդիրը շատ ավելի մեղմ է` համեմատած հարևան երկրների հետ:

Կամ միգուցե լավ կլիներ համեմատություն անել ժողովրդավարական երկրների հետ, բայց այս դեպքում էլ չափանիշների հարցում բարդություններ կառաջանան, քանի որ բարեկեցիկ երկրներում թմրանյութ ավելի շատ օգտագործում են սոցիալապես ապահով կամ այլ մոտիվներով մարդիկ, իսկ զարգացող երկրներում` սոցիալապես անապահով կամ անձնական ճգնաժամի մեջ հայտնված մարդիկ:

Ամեն դեպքում, դժվար է կամ թերևս անհնար որոշել թմրամոլների թիվը Հայաստանում, որովհետև այն որոշվում է ըստ բուժման համար դիմածների թվի, իսկ, բնականաբար, շատերը կան, որ չեն դիմում բժշկի:

Ուզում եմ անդրադառնալ այս ոլորտում առկա երկու ահազանգող հիմնախնդիրների, որոնք պետք է լինեն ապագա քաղաքական ու պետական գործիչների ուշադրության առարկա:

Առաջին` ներկայումս մեր դեղատներում վաճառվում են թմրանյութի պատրաստուկ համարվող դեղեր ու շատ վտանգավոր դեղեր: Դրանցից են կոաքսիլը, սենդալգինը, որոնց կործանարար ազդեցության մասին հայտարարեցին բժշկական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները, այնուամենայնիվ, դրանք դեռևս ազատ վաճառվում են Հայաստանի Հանրապետության դեղատներում, որովհետև սահմանվում են որպես ցավազրկող ու հակադեպրեսանտ դեղեր:

Բայց, օրինակ, երբ կոաքսիլը խառնում են բենզինի ու ծծումբի հետ, ստանում են չափազանց ուժեղ դոզա: Փաստորեն, ստացվում է, որ մի քանի հազարով գնվում է (10 հաբը 1000-2000 դրամ է) թմրանյութ: Կոաքսիլը նաև խառնում են աչքի կաթիլների` տրոպիկամիդի հետ:

Բացի այն, որ այս դեղերը, փաստորեն, դառնում են թմրանյութ, դառնում են ավելի վտանգավոր թմրամիջոց, քանի իսկական թմրամիջոցները:

Իհարկե, կոաքսիլը սեդալգինից անհամեմատ ավելի ուժեղ հոգեկան կախվածություն է առաջացնում, բայց երկուսն էլ ֆիզիկական ոչնչացման կամ ինքնասպանության դեղեր կարող ենք համարել: Գիտենք, որ հաբը չի կարելի սրսկվել, առաջացնում է լյարդի ֆունկցիայի խանգարում, բացի դրանից, այս դեղերը առաջացնում են գանգրենա` ոսկրախտ, քայքայում են մարդուն՝հանգեցնելով մահավան:

Մեր տվյալներով` Հայաստանում օրական միջինը 2 մարդ է մահանում այս դեղերից:

Այս թմրամիջոցներն ազդում են մարդու  բոլոր ֆունկցիաների վրա` սկսած պտղաբերությունից և վերջացրած գենոֆոնդային բոլոր մնացած մակարդակներով:

Սա լուրջ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության համար:

Եվ այդ դեղերն ազատ վաճառվում են ՀՀ տարածքում: Երիտասարդության շրջանում արագ տարածվում է այս էժան թմրամիջոցի մասին տեղեկությունը: Հատկապես տարածված է Գյումրիում:

Սոցիալական ու հոգեկան ֆրուստրացիաներով երիտասարդները հեշտ ընկնում են այս դեղն օգտագործողների շրջապատ ու սուիցիդի ենթարկվում: Զարմանալի է, որ մահվան դեպքերը չեն վախեցնում այն օգտագործողներին: Մի խոսքով, երկրաչափական պրոգրեսիայով աճում է սրանց օգտագործումը, հետևաբար, երկրաչափական պրոգրեսիայով նաև` մահվան դեպքերը:

Ուրեմն, այս պարագայում պետությունը պետք է ստանձնի կանխարգելու առաքելությունը. պետությունը պետք է իր դաստիարակչական գործառույթը զարգացնի:

Նշենք, որ  սրանք արտադրում է ֆրանսիական «Servier» դեղագործական ֆիրման:

Պետք է կա՛մ արգելել այս դեղերի վաճառքը, կա՛մ սահամանափակել սրանց ձեռքբերումը, մտցնել ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ցանկում. թող կապույտ դեղատոմսով ձեռք բերեն: Նախադեպը կա, երբ կոաքսիլն ու տրոպիկամետը հանվել են վաճառքից։ Պետք է բոլորն այդպես անեն. կառավարությունը պետք է հստակ օրենսդրական  արգելքներ դնի այս դեղերի վրա:

Այս առումով նաև ցանկալի է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ 2008 թ. օրենսդրական փոփոխությունների համաձայն` թմրամոլությամբ տառապողը, եթե դիմում է բուժվելու համար, ապա ազատվում է վարչական պատասխանատվությունից: Ուստի պետք է կոչ անել այդ դեղերն օգտագործողներին, դիմել բուժման ու փորձել ազատվել այդ սարսափելի զանգվածային ոչնչացման զենքից:

Եվ երկրորդ հիմնախնդիրը վերջերս գրանցված դեպքերն են, որ ահազանգում են Իրանից կամ Իրանի քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրումն ու տարածումը Հայաստանում:

Իրանի կողմից այս միտումը զարգանում է. պետք է փորձել հասկանալ` ինչու են այդ ելքային երկրից հաճախակի դառնում տվյալ դեպքերը: Ցանկալի է, որ մեր պետական գերատեսչական մարմինները, ուժային կառույցները չափազանց ուշադիր լինեն այդ հանցագործությունը կատարող անձի ազգության հարցում. այլ կերպ ասած, նրանք կարող են լինել Իրանի քաղաքացի, բայց` ազգությամբ ադրբեջանցի: Այդպիսի դեպքի  անցյալ տարի ականատես եղանք, երբ Իրանի քաղաքացի ու ազգությամբ ադրբեջանցի էր բռնվել` որպես լրտես:

Այս խնդիրը նոր հայացք ու զգոնություն է պահանջում:

Դիտվել է 3440 անգամ:
Print Friendly

Leave a Reply