Բուհական քննություններին տրամադրվող ժամանակը կրճատվել է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 27, 2009 16:15

manuk-mkrtchyan-1Այսօր Լոնդոնից Հայաստան բերված քննական թեստերը տեղափոխվեցին Երևանի և մարզերի Արարատ բանկի մասնաճյուղեր, որտեղ դրանք կմնան մինչև քննությունները:

Գիտության և կրթության նորանշանակ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի խոսքերով` թեստերը կազմվել են հատուկ ընտրված հանձնաժողովի կողմից, սակայն բովանդակության համար պատասխանատու է նաև նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը:

Փոխնախարարի տվյալներով` այս տարի միասնական քննությունների ընթացակարգի փոփոխություններ են կատարվել. եթե անցյալ տարի դպրոցների ավարտական և բուհերի ընդունելության քննությունները տեղի էին ունենում միևնույն օրը, ապա այս տարի նախ կլինեն միասնական և անմիջապես հաջորդ օրը ավարտական քննությունները, որպեսզի քննական կենտրոններում ավելորդ ծանրաբեռնվածություն չլինի: Նաև փոխվել է քննությանը տրամադրվող ժամանակը. բացի օտար լեզվից, մյուս բոլոր քննությունների տևողությունը կրճատվել է 1 ժամով`դառնալով 3 ժամ: Մկրտչյանի խոսքերով` ավելորդ 1 ժամը նախորդ տարիներին պատճառ դարձավ, որ թույլ գիտելիքներ ունեցող դիմորդները արտագրեն:

Այս տարի բուհ ընդունվելու հայտերը 19.164-ն են: Միասնական քննությունները կընթանան հունիսի 2-22-ը: Երևանում և մարզերում ընդհանուր թվով կազմվել են 43 քննական կենտրոններ:

Մանուկ Մկրտչյանն անդրադարձավ նաև կոռուպցիային. «Մեզանից ոչ ոք Մարսից չէ, բոլորս էլ գիտենք, որ մեկ օրում կաշառակերությունը վերացնելն անհնար է, դրա համար ժամանակ է հարկավոր, մենք անում ենք ամեն ինչ, որ հնարավորինս կանխենք կաշառակերությունը»: Իսկ ինչ վերաբերում է վերջին տարիներին հաճախակի փոխվող կրթության նախարարներին, Մկրտչյանն ասաց, որ դա կրթության համակարգի վրա բացասական ազդեցություն չի ունենում:

Դիտվել է 2121 անգամ:
Print Friendly

Leave a Reply