Խորհրդարանական «բազարները» սկսվել են

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 2, 2010 14:40

Խորհրդարանական ընտրություններին դեռ տարիուկես կա, սակայն Հայաստանում սկսել են արդեն  քննարկել Ազգային ժողովի ապագա կազմի դասավորությունները: Այդ մասին առաջինը սկսեց խոսել բրիտանական «Պոպուլուս» սոցիոլոգիական կազմակերպությունը, որն օրերս հրապարակել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվիրած հարցումի արդյունքները: Ըստ արդյունքների՝ կուսակցությունների վարկանիշային ցուցակը գլխավորում է ԲՀԿ-ն` 26 տոկոսով, երկրորդ տեղում ՀՀԿ-ն է՝ 21 տոկոսով, ՀՅԴ-ին ձայն կտա հայաստանցիների 7 տոկոսը, ՕԵԿ-ին` 4 տոկոսը, ՀԱԿ-ին` 3 տոկոսը: Հարցման արդյունքների նկատմամբ անվստահություն են հայտնել Հանրապետականից՝ Գալուստ Սահակյանը և «Ժառանգությունից»՝ Լարիսա Ալավերդյանը: Հարցումը, ամենայն հավանականությամբ, ամենից շատ դուր կգա «Բարգավաճ Հայաստանին»: «Պոպուլուսին» հաջորդեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կազմակերպության նախագահ Ահարոն Ադիբեկյանը, որ շտապեց հարցում անցկացնել և ներկայացնել իր արդյունքները: Ադիբեկյանը հոկտեմբերի 20-25-ը սեփական միջոցներով հարցում է  անցկացրել 1650 քաղաքացիների շրջանում, որի արդյունքում պարզվել է, որ հանրապետության ամենաազդեցիկ մարդը նախագահ Սարգսյանն է, նրան հաջորդում են Գագիկ Ծառուկյանն ու վարչապետ Սարգսյանը: 20 հոգանոց սանդղակը եզրափակում է  Վիկտոր Դալլաքյանը: Հարցված քաղաքացիների 49.2 տոկոսը երկրի տնտեսական իրավիճակը կապում է նախագահի հետ, 25.9 տոկոսը՝ վարչապետի: Սոցիոլոգն ասում է, որ  կանխատեսումներն իրականացվում են 6 գործոնների հիման վրա.  «Հաշվի ենք առնում անդամների ու տեղական կառույցների թվաքանակը, կառույցների աշխատունակությունը միջընտրական շրջանում, ֆինանսական կարողությունները, համայնքների ղեկավարների թվաքանակը, որոնք պատկանում են տվյալ կուսակցությանը, և հեղինակավոր անձերի թվաքանակը, որոնք մտնում են կուսակցության մեջ»: Մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածում նա միշտ անցկացնում է  այդպիսի հարցումներ` «ձեռքը ներքաղաքական զարկերակի վրա պահելու և նրա բաբախյունն զգալու համար»: «Նոր խորհրդարանում անպայման կհայտնվեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը,- կարծում է  Ադիբեկյանը,- քանի որ իշխող կոալիցիայի երեք կուսակցությունները մեծ թվով համայնքապետեր ունեն: Տեղական ղեկավարները մարզպետներից ուժեղ են, որովհետև նրանք  ամեն օր տեղում խնդիրներ են լուծում. տանիքի հարց, դեղի կամ սերմացուի փող և այլն, և մարդիկ նրանց վստահում են»: Հանրապետության 915 համայնքներից 675 համայնքապետ հանրապետական է, մոտ 100-ն էլ ԲՀԿ-ից է,  մի քանի տասնյակ համայնքապետ ունի ՕԵԿ-ը: «Խնդիրն այն է, թե «Բարգավաճը» որքանով է դիստանցավորված Հանրապետականից,-ասում է Ադիբեկյանը,- եթե «Բարգավաճը» կարողանա տնտեսական ճգնաժամի և դրան հաջորդած հետևանքների մասով մեղքի մեծ բաժինը գցել Հանրապետականի վրա, ապա կարող է նաև ըննդդիմության ձայների մի մասը  քաշել իր կողմը»: Սոցհարցումների փորձն Ադիբեկյանին ցույց  է տվել, որ ձայների մեծ մասը վերահսկելի է, և կան բազմաթիվ նուրբ եղանակներ՝ քվեները մի քաղաքական ուժից այլ ուղղությամբ կողմնորոշելու համար: Սոցիոլոգի կարծիքով՝ մարզերում ընդդիմությունը հաղթելու ոչ մի շանս չունի: «Այլ բան է Երևանը,- կարծում է Ադիբեկյանն ու հավելում, որ հենց այնտեղ էլ ընդդիմությունը  ձայներ կհավաքի:- ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը ևս կհաղթահարեն նվազագույն շեմը. «Ժառանգությունն», օրինակ, Ռաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշի»: Ադիբեկյանն ընդգծեց, որ  այս պատկերը ընտրությունների նախաշեմին կարող է փոխվել. «Վերջնական հարցումներն անում ենք  ընտրություններից մեկ շաբաթ առաջ»: Կուսակցությունների տոկոսային վարկանիշներն Ադիբեկյանը կներկայացնի տարվա վերջին: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` ՀԱԿ-ն-ու ՀՅԴ-ն   հաստատ կլինեն ԱԺ նոր կազմում: «ՀՅԴ-ն ունի որոշակի էլեկտորատ, որը գործնականում վերջին 20 տարիների ընթացքում չի փոխվել,- մեկնաբանում է նա,- երբեմն նրանք եղել են իշխանություն և օգտագործել են իշխանական լծակներ, այժմ նրանք ընդդիմություն են, և կօգտագործվի հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ բռնած կոշտ դիրքորոշումը»: Բոզոյանի կարծիքով` հիմնական պայքարը կընթանա «Բարգավաճի» ու Հանրապետականի միջև, իսկ ՀԱԿ-ը խորհրդարանում կհայտնվի իներցիայի տրամաբանությամբ, որը պահպանվել է 2008 թ. հավաքած թափից հետո: Քաղաքագետը բացառում է, որ որևէ քաղաքական ուժ կարող է ՀԱԿ-ի հետ դաշինք կազմել. «Նրանց վարկանիշը շարունակում է անկում ապրել»: «Ժառանգություն» կուսակցության վերաբերյալ Բոզոյանը կասկածներ ունի. «Ես հարգանքով եմ վերաբերվում Ռաֆֆի Հովհաննիսյանին, բայց նրանք պետք է լավ աշխատեն խորհրդարանում հայտնվելու համար»: Նա չի բացառում չորրորդ ուժի հայտնվելու տարբերակը, որպիսին եղել են «Բարգավաճ Հայաստանը» 2007 թ., ՄԱԿ-ը 2003 թ., «Օրինաց երկիրը» 1998 թ.:

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply