Կինը` Հռոմի պապ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | December 4, 2010 9:00

Թվում էր, թե Հռոմի պապ Հովհաննես VIII-ը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից, մինչ այն պահը, երբ հանդիսավոր արարողության ժամանակ ծննդաբերեց: Այս է լեգենդը: Սա ապշեցուցիչ պատմություն է մի կնոջ մասին, որը տղամարդու հանդերձանք էր հագնում,  ներկայանում  որպես տղամարդ և Հռոմի պապի գահին էր մինչ այն ճակատագրական պահը, երբ բնությունն իր գործն արեց:

Միջնադարի պատմաբան Բարթոլոմեո Պլատինոսը «Հռոմի պապերի կյանքը» գրքում, որը լույս է տեսել 1479 թ., գրում է. «Ծագումով անգլիացի Հռոմի VIII պապը ծնվել է Մեթցում, ինչպես ասվել է, պապական նստավայր է թափանցել սատանայական միջոցներով` իրականում լինելով կին: Նա դեռահասության տարիներին իր սիրեկանի հետ եկավ Աթենք, ուր պրոֆեսորների մոտ  ուսանելիս այնքան առաջադիմեց, որ երբ Հռոմ հասավ, գիտության մեջ քչերն էին նրան հավասար: Նա տիրապետում էր գրերին, ճարտար էր ընթերցանության մեջ ու բանավեճերում հանդես էր գալիս փաստարկներով, արժանացել էր հարգանքի ու ազդեցություն ուներ այնքան, որ Հռոմի  գործող պապի մահից հետո համընդհանուր համաձայնությամբ  գահին բազմեց: Ու հերթական հանդիսավոր արարողության ժամանակ, երբ պապական թափորը գտնվում էր Կոլիզեյի ու Սբ Կլեմենտոսի տաճարի արանքում, նրա պտուղը դուրս եկավ, ու նա տեղում մահացավ` գահակալելով երկու տարի, 5 ամիս և 4 օր ու թաղվեց առանց մեծարանքի: Այս պատմությունը բերնեբերան տարածվեց, սակայն  այն հաստատող աղբյուրների հեղինակները շատ կասկածելի են ու անհայտ…»:

Զարմանալի չէ, որ  այս պատմությունը տարածվեց, այդ են վկայում փաստագրական աղբյուրներում արված բազում հիշատակությունները: Դրանցից ամենահինը IX դարի լուսավորյալ հռոմեացի Անաստասիուսի աշխատության մեջ է հանդիպում: Անաստասիուսը ծառայում էր Վատիկանում որպես գրադարանի պահապան և այնքան լավատեղյակ էր պապական գործերից, որ նախորդ պապի (Լևոն IV ) մահից հետո` 855 թ., նույնիսկ նրա թեկնածությունն էր քննարկվում պապական գահին բազմելու համար: Սակայն նրան հարմար թեկնածու  չհամարեցին, ու գահ բարձրացավ Բենեդիկտ Երրորդը: Քանի որ Հովհաննես  պապի կարճաժամկետ գահակալությունը զուգադիպում է ժամանակային առումով,  Անաստասիուսի վկայությունը խիստ կարևոր է:

Այս պատմությունը մեծ արձագանք  է ստացել հետագա սերունդների մոտ: Քյոլնի Սբ Մարտին (Գերմանիա) աբբայության վանական Մարտինուս Սկոտուսը, որը մահացել է 1086 թ., գրել է. «Ք.ա.  854 թ. Հովհաննեսուհին` մի կին, ժառանգեց Լևոն պապի գահը և թագավորեց երկու տարի, հինգ ամիս  և չորս օր»: Բելգիացի տարեգիր Սինգեբերտ դե Հեմբլուն, որ մահացել է  1112 թ., հավելում է.«Պահպանվել են տեղեկություններ այն մասին, որ Հովհաննես պապն իրականում կին է եղել, հղիացել է իր երկու ծառաներից մեկից ու երեխա ծնել, ինչի հետևանքով  նրան չեն դասում պոնտիֆիկների շարքը: Ստեֆենը՝ Բուրբոնից (մահացել է 1261-ին) իր «Սուրբ հոգու յոթ շնորհները» գրքում հաստատում է այդ փաստը, սակայն նրա շարադրանքում մանրամասներն ուրիշ են. նրա վկայությամբ` ծպտյալ պապի անունն այդպես էլ անհայտ մնաց. նա արդեն հղիության վերջին ամիսներն էր անցկացնում, և երբ ավարտվեցին պապի ձեռնադրման բոլոր դժվարին միջոցառումները, նա վերջնականապես  Հռոմի պապ հռչակվեց: Իրականում նա շատ կարճատև թագավորեց, քանի որ այդ ողջ հանդիսությունը պետք է պսակվեր գահին բազմելով, հենց այդ  երդման հանդիսավոր արարողության ժամանակ նա  ծննդաբերեց: Կատաղած ամբոխը նրան քաղաքից դուրս քշեց ու քարերով սպանեց` մեղադրելով  սրբապղծության մեջ:

Միջնադարյան որոշ աղբյուրներում նրան հիշատակում են Ագնեսա կամ էլ Հիլբերտա անունով, իսկ մեկում նույնիսկ առաջ է քաշվում մի ենթադրություն, թե իբր նա եղել է  Լևոն Չորրորդի կինը և գահը ժառանգել է վերջինիս մահից հետո: Տարածում ունի ևս մի վարկած, որ շարադրված է նաև դոմինիկացի վանականի «Պոնտիֆիկների ու կայսրերի ժամանակագրությունը» աշխատության մեջ.«Լևոն IV-ից  հետո Հովհաննես Անգլիացին, ծնված Մեթցում, երկու տարի, հինգ ամիս ու չորս օր ղեկավարեց: Պապական գահը դատարկ էր համարյա մեկ ամիս: Նա մահացավ Հռոմում: Ճշտվել է, որ  Հռոմի պապ Հովհաննեսը կին է եղել: Դեռահասության տարիներին կանացի հագուստը փոխարինել է  տղամարդու  հանդերձանքով և Աթենք եկել, այնտեղ  գիտություններ է ուսանել ու առաջադիմել այնքան, որ նրան հավասարը չկար: Այդ է պատճառը, որ Հռոմում ևս երեք տարի սովորելուց հետո նա իր աշակերտների ու ունկնդիրների շրջանում համարվեց գիտուն: Իսկ երբ քաղաքում բարձր կարծիք ձևավորվեց նրա բարեգործությունների ու գիտելիքների մասին, առանց երկընտրանքի նրան պապ ընտրեցին: Սակայն պապության շրջանում նա հայտնվեց հետաքրքիր վիճակում և Սբ Պետրոսի տաճարից դեպի Լաթերանյան ամրոց ձգվող հանդիսության ժամանակ նրա մոտ սկսվեցին ծննդաբերական ցավեր, ու պապը ծննդաբերեց հենց փողոցում: Նա մահացավ ծննդաբերության ժամանակ ու թաղվեց անմիջապես` առանց պատիվների»: Լեգենդ է սա, թե իրականություն,  բայց փաստ է, որ մինչև Լևոն X-ի գահակալությունը (1513-1521) գոյություն է ունեցել մի օրենք, որի համաձայն` պապի գահի բոլոր թեկնածուները պարտադիր սեռաստուգում էին անցնում, որպեսզի բացառվի կնոջ գահակալությունը:

818 թ. անգլիացի միսիոներների ընտանիքում աղջիկ ծնվեց` Ջոաննան: Նա ոչ միայն հետաքրքրասեր էր ու խելացի, այլև շատ համակրելի: 12 տարեկանում նա սիրահարվում է մի վանականի ու որոշում  նրա հետևից թեկուզ աշխարհի ծայրը հասնել: Կերպարանափոխվելով, Ջոաննան մտնում է վանք որպես վանական եղբայր: Սիրահարների գաղտնիքը բացահայտվելու վտանգի տակ էր, ու նրանք որոշում են փախչել հարավ: Սակայն երիտասարդը սնափառ վանական էր ու երազում էր Հռոմում  կարդինալ դառնալու մասին, իսկ եթե  բախտը բերեր, նույնիսկ Հռոմի պապ: Աղջիկն էլ իր կապվածությամբ ու շան հավատարմությամբ արդեն ձանձրացրել էր երիտասարդին, ու նա Աթենքում որոշեց իր կարիերան սկսել առանց  կպչուն «տզրուկների»: Ջոաննան որոշեց ինքն էլ մեկնել Հռոմ ու աստվածաբանություն ուսումնասիրել: Շուտով իր ունակությունների, հռետորական արվեստի, հարուստ գիտելիքների շնորհիվ, հունական դպրոցում ամբիոն ստացավ: Ջովանի Անգլիկացու համբավը հասավ  պապական նստավայր: Նա դարձավ եկեղեցական ու պետական գործիչ: Իսկ Հռոմի պապ Լևոն  IV-ից հետո` հռոմեական եկեղեցու գլուխ: Ջոաննան բազմիցս էր իրեն բռնացրել այն մտքի վրա, որ մարդկային ճակատագրեր վճռելու կամ էլ նոր կառույցներ դիտարկելու պատրվակով շատ հաճախ է իր մոտ կանչում իր կառավարչին, եթե նույնիսկ դրա անհրաժեշտությունը չկար…

Արևոտ օր էր ու ոչինչ չէր գուժում լուրջ խնդիրների մասին: Ամբոխը դուրս էր եկել ողջունելու պապին, որ հանդիսավոր շքերթի առջևից էր ընթանում: Շուտով նա անտանելի ցավերից ընկավ գետնին ու վերածվեց ծննդկանի: Լույս աշխարհ եկավ նոր «մեղավոր» հոգին: «Բարի» կաթոլիկները մորն ու երեխային քարկոծելով սպանեցին ու թաղեցին Սբ Կլեմենտինի եկեղեցում:

Հռոմի հոգևորականությունն արդարանում էր` ասելով, որ հնարավոր չէր ծպտյալ պապի մեջ կին տեսնել: Հետագայում նման խաբեություններից խուսափելու նպատակով  Լաթերանյան ամրոցի Փրկչի ժամում տեղադրվեց բացվածքով ծիրանաքարե բազմոց (sedes stercoraria), որին նստեցնում էին նորաթուխ պապին: Բարձրագույն սարկավագը կամ էլ արժանապատիվ  հոգևորականները զննելով հավաստիանում էին, որ իրոք ընտրված պապը տղամարդ է, ապա հավաքված ամբոխին վկայում էին փաստը.«Mas nobis dominus estե ( «Մեզ տեր տղամարդ ունենք»): Ժողովուրդն էլ իր հերթին  պատասխանում էր. «Deo gratias» («Փառք Աստծո»): Եվ դրանից հետո էին միայն անցնում նոր պապի  ձեռնադրմանը:

Դիտվել է 10358 անգամ:
Print Friendly

Leave a Reply