Հաշմանդամությունը թերություն չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 3, 2010 9:00

«Եթե դիմացինը զգում է, որ դու քեզ թերի ես համարում, ինքն էլ է սկսում քեզ այդ աչքով նայել»

Նախքան կույրերի մասին հոդված գրելը, որոշեցի պարզել, թե նրանց խնդիրներով զբաղվող ինչ հասարակական կազմակերպություններ կան. ցավոք, գտա ընդամենը մի կազմակերպություն` «Լույսին ընդառաջ»-ը և ուրախացած զանգահարեցի նշված հեռախոսահամարով: Հնչեց մի տարեց տղամարդու ձայն: Խնդրեցի լսափողը փոխանցել կազմակերպության նախագահ Գրիգոր Շիրինյանին (կազմակերպության տվյալների մեջ նրա անունն էր գրված), տղամարդը պատասխանեց, որ Գրիգորն իր տղան է, որ հիմա չկա…

Գրիգորի քույրը` Լուսինեն, եղբոր հիշատակը վառ պահելու համար չի լուծարել կազմակերպությունը և կապ է պահպանում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր առնչություն են ունեցել Գրիգորի ու նրա կազմակերպության հետ:

«Լույսին ընդառաջ»-ը Գրիգորը հիմնել էր կուրանալուց հետո: «28 տարեկան հասակում նա կռվի մեջ ընկավ ու դրա հետևանքով կորցրեց տեսողությունը,- պատմում է քույրը,- սկզբում շատ ծանր էր տանում կուրությունը, անգամ ինքնասպանության փորձեր արեց, սակայն կամաց-կամաց հաշտվեց իրողության հետ ու փորձեց ապրել»:

Լինելով ակտիվ մարդ` Գրիգորը չէր կարող տանը նստել ու ոչինչ չանել: Մի օր էլ ռադիոյով պատահաբար լսում է կույրերի խնդիրներով զբաղվող մի ամերիկյան կազմակերպության մասին և որոշում է հիմնել նմանատիպ մի կազմակերպություն, իր շուրջը համախմբել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց և փորձել ինչ-որ ձևով նպաստել կույրերի խնդիրների լուծմանը: «Գրիգորը շատ ոգևորված էր այդ գործով, ես էլ` նրա հետ,- պատմում է Լուսինեն,- շատ տանջվեցինք, շատ դռներ թակեցինք, մինչև որ 2003-ին կազմակերպությունը պաշտոնապես կայացավ»:

Գրիգորն ու Լուսինեն սոցիալական, մշակութային տարբեր ծրագրեր են իրականացնում կույրերի համար, սակայն գլխավոր նպատակը, որն իր առջև դրել էր Գրիգորը, աշխատատեղերի ապահովման հարցն էր: Նա Լուսինեի հետ միասին հանդիպումներ էր ունենում պետական տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացնում կույրերի խնդիրները: Այդ հանդիպումները երբեմն հաջողությամբ էին պսակվում, սակայն քիչ չէին նաև հիասթափություններն ու մերժումները:

Լուսինեն նշում է, որ Գրիգորին շատ էր աջակցում Խոսրով Հարությունյանը, որ իր գրասենյակի սենյակներից մեկն անվճար տրամադրել էր իրենց` կազմակերության գործունեությունն իրականացնելու համար.«Գրիգորը շատ էր մտերմացել նրա հետ,-պատմում է Լուսինեն,- պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո նա իր տպավորությունները պատմում էր պրն Հարությունյանին և հետագա քայլերի համար խորհուրդներ հարցնում»:

Ցավոք, նրանց սկսած գործն ընդհատվում է Գրիգորի հանկարծահաս մահով. 2006 թվականին 41 տարեկան հասակում նա մահանում է սրտի կաթվածից:

«Շատ-շատ ծրագրեր ուներ եղբայրս, որ չհասցրեց իրականացնել,- ափսոսում է Լուսինեն,- նա ուզում էր, որ կույրերն ինտեգրվեն այս հասարակությանը, ապահովված լինեն աշխատանքով, իրենց լիարժեք մարդ զգան, նրանց խնդիրները միշտ հասանելի լինեն բարձր ատյաններին»:

Գրիգորը չկա, սակայն նրա շուրջ համախմբված մարդիկ հիշում ու հարգում են նրան:

Քսանվեցամյա Նունեն  նույնպես «Լույսին ընդառաջ» կազմակերպության անդամներից է: Մեծ ափսոսանքով է հիշում Գրիգորին: Ասում է, որ եթե նա կենդանի մնար, շատ բան կաներ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Նունեն հիշում է կազմակերպության օրոք տեղի ունեցած իրենց մկրտությունը, որը Գրիգորն էր կազմակերպել. «Բոլորն ընտրել էին իրենց քավորին, բացի ինձանից,-պատմում է Նունեն,- ես երկար չմտածեցի, թե ով պիտի լինի իմ քավորը, միանգամից առաջարկեցի Գրիգորին. մտածեցի, որ քավորը պիտի լինի այնպիսի արժանավոր մարդ, ինչպիսին նա է»:

Նունեն տեսողության խնդիրներ ունի մանկուց, բայց ավարտել է սովորական հանրակրթական դպրոց. «Դպրոցն ավարտելուց հետո տեսողությունս այնքան էր վատացել, որ բուհ ընդունվելու մասին չէի էլ մտածում,- պատմում է Նունեն,- բոլորը գնում էին աշխատանքի, ես ամբողջ օրը տանը մենակ էի մնում»:

Այդ ընթացքում Նունեն ծանոթանում է տեսողության խնդիրներ ունեցող մի աղջկա հետ, որը հաճախում էր թիվ 14 հատուկ դպրոցը: Նա Նունեին առաջարկում է այդ դպրոց ընդունվել. «Սկզբում մերժեցի: Ինձ այնքան տխուր ու խորթ էր թվում հատուկ դպրոց կոչվածը, լրիվ սխալ պատկերացումներ ունեի,- պատմում է Նունեն,- բայց մայրս շատ ծանր էր տանում իմ մեկուսացումը ու այնքան համոզեց, որ մտածեցի` դե լավ, մի քանի օր կգնամ, կասեմ` չեմ հավանում, էլ չեմ գնա»:

Հենց առաջին օրը դպրոցի տնօրենը Նունեին ասում է. «Համոզված եմ, որ էստեղից քեզ զոռով են տուն տանելու…»: Այդպես էլ եղավ. «Ես զարմացած էի. երեխեքը մեկը մեկից աշխույժ ու հետաքրքիր էին, չէի պատկերացնում, որ բոլորովին չտեսնող մարդը կարող է այդքան ակտիվ լինել: Դպրոցում այնքան հետաքրքիր էր, որ տուն գնալ չէի ուզում»:

Հատուկ դպրոցն ավարտելուց հետո, Նունեն ընդունվում է Մոնթե Մելքոնյանի անվան համալսարան: Երրորդ կուրսում ճանաչվում է բուհի լավագույն ուսանողուհի: Ավարտում է իրավագիտության ֆակուլտետը` կարմիր դիպլոմով: Սակայն ավարտելուց հետո կանգնում է մի դժվարին խնդրի առջև` ինչպե՞ս աշխատանք գտնել. «Մեր դասարանում բոլորն էլ լավ էին սովորում և բոլորն էլ ընդունվեցին պետական բուհեր,- ասում է Նունեն,- մենք արտոնություն ունեինք` դրական միավորներ հավաքելու դեպքում՝ ընդունվել, սակայն մեր դասարանցիներից և ոչ մեկը 18 բալից պակաս չհավաքեց: Ընդունվեցին ու ավարտեցին, մագիստրատուրան էլ հետը, բայց նրանցից ոչ ոք այսօր աշխատանք չունի»:

Նունեն ամենից շատ ափսոսում է իր դասընկերուհիներից մեկին, որ փայլուն գիտելիքներ ունի, գերազանց ավարտել է Երևանի պետական համալսարանը, մագիստրատուրան, ապա ամերիկյան համալսարանը, սակայն աշխատանք չի կարողանում գտնել միայն այն բանի համար, որ տեսողության խնդիրներ ունի:

Նունեն նշում է նաև «հաջողված պատմություններ». օրինակ` ընկերուհիներից մեկը` Նոնան, տեսողության խնդիրներ ուներ, բայց աշխատում էր Սիրիայի դեսպանատանը` որպես իրավախորհրդատու: Մի գիտաժողովի ժամանակ էլ նրան  սիրահարվում է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներից մեկը` ազգությամբ ֆրանսիացի և ամուսնության առաջարկ անում: Նրանք ամուսնանում են:

Նունեն ասում է, որ Հայաստանում տեսողության խնդիրներ ունեցող աղջիկների համար դա  բացառիկ օրինակ է. «Եվրոպացիները շատ թեթև են նայում այդ հարցին,- ասում է նա,- բայց էստեղ համարյա անհնարին բան է, որ տեսնող տղան ամուսնանա կույր աղջկա հետ»:

Նունեն նաև խոստովանում է, որ տեսողության խնդիրներ ունեցող տղաների դեպքում դրական օրինակներն ավելի շատ են. «Երևի տղաներն ավելի ակտիվ են, կարողանում են քայլեր անել,- ասում է նա,- շատ տղաներ ունենք, որ տեսնող աղջիկների հետ են ամուսնացել»:

Նունեն կարծում է, որ տեսնելն ու չտեսնելը սիրահարվելու հետ կապ չունի: «Ընդհակառակը, որ չես տեսնում, ներքինն ես սկսում տեսնել ու ավելի ռեալ ես գնահատում դիմացինիդ արժանիքները»,-ասում է նա:

Նա շատ բան է հաղթահարել իր մեջ, այժմ ավելի ինքնավստահ է ու հանգիստ, կարծում է, որ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է մեկուսանան, ընդհակառակը` պիտի փորձեն շփվել, թույլ տալ, որ մարդիկ իրենց ճանաչեն: «Եթե դիմացինը զգում է, որ դու քեզ թերի ես համարում, ինքն էլ է սկսում քեզ այդ աչքով նայել,- ասում է նա,- ես ոչ մեկից ոչ մի բանով պակաս չեմ, եթե իհարկե,  առավել չեմ: Պիտի կարողանաս ճիշտ գնահատել արժանիքներդ, որ մարդիկ էլ քեզ ճիշտ վերաբերվեն»:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply