«Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին արժանացած հայ վարպետը Թուրքիայում մասնակցել է իր անունով պողոտայի բացմանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 2, 2010 14:00

Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը Թուրքիայի Շապինգարահիսարում մասնակցել է իր անունով պողոտայի բացմանը։

Շապինգարահիսարի քաղաքապետարանի խորհրդի կողմից որոշում էր կայացվել, որ պողոտաներից մեկը վերանվանվի ստամբուլահայ հայտնի ֆոտոթղթակից Արա Գյուլերի անունով, եւ պողոտայի բացման օրը ցուցադրվել է Արա Գյուլերի կյանքն ու լուսանկարները ներկայացնող ֆիլմ:

Ստամբուլահայ արվեստագետը պողոտայի բացման կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հանդես է եկել կարճ ելույթով՝ նշելով, որ ինքը շատ երջանիկ է, որ հայրական քաղաքում իր անունով պողոտա է բացում։ «Ես ֆոտոթղթակից եմ, իմ գործը սա է: Դրա համար ես իմ լուսանկարները ձեզ հետ եմ կիսում»:

Միջոցառմանը Շապինգարահիսարի քաղաքապետ Շահին Յըլանջը նշել է, թե 1910-ին Արա Գյուլերի ընտանիքը գաղթել է ՇապինԳարահիսարից։

«Մենք ցանկացանք մեր համաքաղաքացի Արա Գյուլերի անունով պողոտա վերանվանել՝ այն ապագա սերունդներին ժառանգություն թողնելու համար»,-նշել է քաղաքապետը։

Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

NEWS.am

Դիտվել է 1658 անգամ:
Print Friendly

Leave a Reply