Փոքր, բայց կարևոր ճշտում կամ Ե՞րբ է ստորագրվել Ալեքսանդրապոլի պայմանագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 2, 2010 13:17

Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ճշգրիտ օրն ու ժամը հույժ կարևոր նշանակություն ունի, որովհետև այն անմիջականորեն շաղկապված է Ալեքսանդրապոլում գտնվող հայկական պատվիրակության լիազորությունների (full powers), ըստ այդմ նաև նշյալ պայմանագրի իրավական կարգավիճակի հետ: Քանի որ ցանկացած գործողություն, այդ թվում նաև միջազգային փաստաթղթի ստորագրում, որը կատարվել է պետության ներակայացուցչի կողմից նրա լիազորությունների շրջանակից կամ ժամանակահատվածից դուրս՝ ultra vires գործողություն է և որպես այդպիսին որևէ պարտավորեցնող հետևանք չի ստեղծում տվյալ պետության համար, ուստի Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթվի զուտ պատմական փաստը տվյալ դեպքում վերաճել է իրավական կարևորության փաստի:

Այսինքն, տվյալ դեպքում հարցերի հարցը հետևյալն է. Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելու պահին արդյո՞ք հայկական պատվիրակությունն ունեցել է նման լիազորություններ, թե՝ ոչ: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ սույն հարցի բացասական պատասխանը Ալեքսանդրապոլի պայմանագրի անվավերության (invalidity) հիմքերից միայն մեկն է: Ալեքսանդրապոլի պայմանագիրն անվավեր է նաև մի շարք այլ պատճառներով, այդ թվում վավերացված և ուժի մեջ մտած չլինելու, ինչպես նաև թուրքական պետության բարձրագույն իշխանավորի, այսինքն սուլթան Մոհամմեդ 6-ի, կողմից քեմալականներին համապատասխան լիազորություններ տված չլինելու պատճառով: Հարկ է ընդգծել, որ առնվազն մինչև 1922թ. նոյեմբերի 1-ը ոչ ոք, ոչ միջազգային համայնքը և ոչ էլ քեմալականները, կասկածի տակ չեն դրել սուլթանի de jure իշխանությունը, նրա սահմանադրական բացառիկ լիազորությունները և նրա իրավական գերակայությունը:

Հայաստանում 1920թ. իշխանափոխությունը փաստագրված իրողություն է, հետևաբար նրա օրն ու ժամը՝ անվիճելի փաստ: Իշխանափոխությունը Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների և ՌՍՖՍՀ ներկայացուցիչ Բորիս Լեգրանի միջև համապատասխան համաձայնագրի ստորագրումով: Նշյալ համաձայնագիրը ստորագրվել է 1920թ. դեկտեմբերի 2-ին, կեսօրից առաջ և ուժի մեջ է մտել նույն օրը երեկոյան ժամը 6-ին:

Քանի որ իշխանափոխության հարցը միանշանակորեն հստակ է, մնում է պարզել՝ ե՞րբ է ստորագրվել Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ մինչև իշխանափոխությունը, թե իշխանափոխությունից հետո:

Առավելաբար և ավանդաբար որպես Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվ նշվում է 1920թ. դեկտեմբերի 2-ը: Սա սխալ թվագրում է, քանի որ փաստերն այլ բան են վկայում: Կարծում եմ նշյալ սխալը տարածում է գտել, քանի որ թեև պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 3-ին, պայմանագրի վրա մնացել է ,2 դեկտեմբերի, 1920թ.ե (2 Aralik 1336) թվագրումը:

Նախ տեսնենք՝ ի՞նչ են վկայում Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման անմիջական և ոչ անմիջական մասնակիցները: Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը իր հուշերում գրում է հետևյալը. ,Երեկոյեան ժամը 8-ին կայացաւ խաղաղութեան խորհրդաժողովի չորրորդ և վերջին նիստը: (…) Գիշերւայ ժամը 2-ին (դեկ. 2-էն լոյս 3-ը) դաշնագիրը ստորագրւեցաւ երկու պատւիրակութիւններու կողմէնե: Թուրք ազգայնականների ղեկավար, հետա­գայում Թուրքիայի նախագահ, Մուստաֆա Քեմալն իր 1927թ. հայտնի ճառում, խոսելով Ալեքսանդրա­պոլի պայմանագրի մասին, ասում է հետևյալը. ,Խաղաղության բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 26-ին և ավարտվեցին դեկտեմբերի 2-ին; այդ գիշերվա ընթացքում պայմանագիրը ստորագրվեց Գյումրիումե: (Peace negotiations began on the 26th November and ended on the 2nd December; during that night the treaty was signed at Gumru.)

Բազմաթիվ են այն աղբյուրներն ու ուսումնասիրությունները, որտեղ Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվն իրավացիորեն նշված է 1920թ. դեկտեմբերի 3-ը: Հաշվի առնելով հոդվածի բնույթը՝ ես ընթերցողին չեմ ծանրաբեռնի հղումներով: Կվկայակոչեմ միայն ժամանակի թերևս ամենա­իրազեկ մարդու՝ Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի Գերագույն հանձնակատար Հորես Ռամբոլդի (Horace Rumbold) կողմից արտգործնախարար Ջորջ Քերզոնին (George Curzon) հղված (16 դեկտեմբերի, 1920թ.) հետախուզական ամփոփագիրը. ,Թուրքերի և հայերի միջև խաղաղությունն իրականում Ալեքսանդրապոլում ստորագրվել է դեկտեմբերի 3-ինե (Peace between the Turks and Armenians had actually signed at Alexandropol on the 3rd December.)

Ամփոփելով կարելի է անել հետևյալ եզրակացությունը. Ալեքսանդրապոլի պայմանագրի ոչ վավե­րական (invalid) լինելն ունի բազմաթիվ հիմքեր, որոնցից մեկը պատվիրակությունների համապատաս­խան լիազորությունների բացակայությունն է: Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման պահին՝ 1920թ. դեկտեմբերի 3-ին, պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. հայկական պատվիրակությունն արդեն չէր ներկայացնում երկրի իշխանությունը, իսկ թուրքա­կան (քեմալական) պատվիրակությունը դեռևս չէր ներկայացնում երկրի իշխանությունը:

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

30 նոյեմբերի, 2010թ.

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply