ԿԲ նախագահը կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 2, 2010 12:16

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 4-6-ը գտնվելու է Սալոնիկում (Հունաստան), որտեղ մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ նիստին քննարկվելու են բանկի 2011-2014 թթ. միջինժամկետ ռազմավարության և բիզնես պլանի, բանկի կառավարիչների խորհրդի ընթացակարգերի փոփոխության, բանկի վարքի կոդեքսի վերանայման, ինչպես նաև այլ հարցերը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա) 1997 թ. կնքված պայմանագրի հիման վրա և իր գործունեությունը սկսել 1999 թ.-ից՝ որպես այդ համագործակցության ֆինանսական հենասյուն: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1%:

Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը՝ գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման միջոցով:

Սկսած 1999 թ.-ից Բանկը ֆինանսավորել է 169 նախագծեր՝ 2.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2009 թ. տարեվերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն ԱՄՆ դոլար:

Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004 թ.-ից: 2004-2010 թթ. ընթացքում ՀՀ-ում գործող արտադրական 8, ֆինանսական 3 և առևտրային 1 կազմակերպություններին տրամադրվել են վարկեր (վարկային գծեր, առևտրային վարկեր) 73 մլն ԱՄՆ դոլարի չափով: Բանկերին տրամադրված վարկերն ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը և առևտրի ֆինանսավորմանը, իսկ արտադրական և առևտրային կազմակերպություններին տրամադրված վարկերը՝ բիզնեսի ընդլայնմանը և վերակառուցմանը:

Բանկի կողմից ՀՀ կազմակերպություններին տրամադրված վարկերի մնացորդը 31.12.09 դրությամբ կազմել է 54.2 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է Բանկի վարկային պորտֆելի 6%-ը:

Դիտվել է 618 անգամ:
Print Friendly

Leave a Reply