Ափնա գյուղի բնակիչներն այսուհետ կօգտվեն շուրջօրյա ջրամատակարարումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 2, 2010 11:55

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ափնա գյուղը մեկն է այն բնակավայրից, որտեղ կատարվել է խմելաջրի խողովակաշարի վերանորոգում, եւ բնակչությունն այժմ կարողանում է օգտվել շուրջօրյա ջրամատակարարումից: Շուրջ 4 ամիս տեւած շինարարական աշխատանքների արդյունքում 650 մ երկարությամբ արտաքին ջրագծի հին խողովակները փոխարինվել են նոր` մետաղական խողովակաշարով:

Ամբողջությամբ նորոգվել է նաեւ աղբյուրի ակունքը, որով պայմանավորված կլինի խմելաջրի որակական հատկանիշները: Ակունքի տարածքը նաեւ ցանկապատվել է, որպեսզի արգելափակվի մարդկանց եւ կենդանիների մուտքը դեպի այդ հատված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքապետ Ռոմիկ Կարապետյանը, ջրատար համակարգի վերանորոգումն իրականացվել է բարերարների աջակցությամբ: Համայնքը եւս մասնակից է եղել ծրագրի իրականացմանը` օգտագործելով տեղացիների աշխատուժը:

Խմելաջրի բարեկարգման նույն ծրագրով շուրջ 48 մլն դրամի համանման աշխատանքներ են իրականացվել նաեւ մարզի եւս 9-ը համայնքում` Ն. Բազմաբերդ, Ուջան, Արայի, Վարդենուտ, Նիգավան. Բերքառատ, Վ. Ագարակ. Մաստարա, Երնջատափ գյուղերում: Եւս 9 գյուղի ջրամատակարարումը կբարելավվի 2011 թվականին:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply