Ապահովագրական ընկերությունների կողմից հատուցման ենթակա են տուժողին պատճառված անձնական եւ գույքին պատճառված վնասները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 2, 2010 10:54

Ապահովագրական պատահարի ժամանակ վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքի վնասի չափը գնահատվում եւ դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Իսկ վարչական գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում վնասի չափը գնահատվում է Բյուրոյի որակավորված փորձագետների կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, անձնական վնասների դեպքում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ վարչական գործ չլինելու դեպքում վնասի չափը գնահատում է տուժողին բժշկական օգնություն ցուցաբերած բժշկական հաստատությունը կամ մասնագետը, իսկ անձի մեղավորության աստիճանը` Բյուրոյի որակավորված փորձագետը: Ապահովագրական ընկերությունների կողմից հատուցման ենթակա են տուժողին պատճառված անձնական եւ գույքին պատճառված վնասները:

Անկախ այն բանից, թե որքան են կազմում ավտովթարի հետեւանքով տուժողին պատճառված այդ բնույթի վնասները` տուժողին հատուցում կարող է տրվել ոչ ավել, քան ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարը: Ավտոապահովագրողների բյուրոյի հատուկ զգուշացմամբ` եթե տուժողին պատճառված փաստացի վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարը, ապա տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառող կողմը: Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած անձի, ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի), ինչպես նաեւ այլ անձանց նկատմամբ:

Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո եռամսյա ժամկետում դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ օրենքով նախատեսված դեպքերում` Բյուրոյին: Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում եւ Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը:

Եթե տուժողն ունի ՀՀ տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ:

Եթե տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ, կամ եթե տուժողը ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղեւոր է եւ չունի ՀՀ տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժողի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու գործընթացում:

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply