Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրալիայի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 2, 2010 10:15
ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աստանայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գագաթաժողովի շրջանակներում ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Ավստրալիայի նախկին վարչապետ, ԱԳ նախարար Քեվին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ավստրալահայ համայնքի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացման գործում:
Զրուցակցի խնդրանքով` Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեվին Ռուդը իր երկրի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի փոխնախագահ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ էր: Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:
Աստանայում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը, որին քննարկվեցին կազմակերպության կանոնադրական մարմինների՝ դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստերի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օրակարգում էր նաեւ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնի հետ հանդիպումը: Նախարար Նալբանդյանը եւ փոխվարչապետ Յաալոնը քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Իսրայելի փոխվարչապետը ներկայացրեց մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:






Facebook
Tweet This
Email This Post
