ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը պետական գործիչ Ջանիկ Ջանոյանի մահվան կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 20:38
Խոր վշտով տեղեկացա անվանի պետական գործիչ Ջանիկ Ջանոյանի մահվան մասին, ում հետ կապված էի մասնագիտական ու բարեկամական ամենաջերմ առնչություններով:
Ջանիկ Ջանոյանն այն եզակի անհատականություններից էր ում կենսագրությունը մեր երկրի ու ժողովրդի նորագույն պատմության վերջին տասնամյակների յուրատեսակ արտացոլումն էր՝ լի փորձություններով, խիզախումներով ու հաջողություններով:
Երկար տարիներ լինելով Խորհրդային Հայաստանի կառավարության առանցքային դեմքերից մեկը նա իր ողջ կարողությունները ներդրեց հանուն նորանկախ Հայաստանի կայացման, մեր երիտասարդ պետականության ֆինանսական ու բանկային համակարգերի ստեղծամ ու կայացման և տնտեսության վերականգնման շնորհակալ գործում՝ Հանրապետության առաջին ֆինանսների նախարարի, այնուհետև Զարգացման հայկական բանկի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոններում:
Համոզված եմ, անհնար է գերագնահատել ֆինանսական համակարգի բացարձակ գիտակի ավանդը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման նախապատրաստաման գործում, որի վկայությունը մեր երկրի առաջին թղթադրամի նմուշի վրա ամրագրված ականավոր գործչի ստորագրությունն է:
Սերունդները Ջանիկ Ջանոյանին կհիշեն որպես ազնիվ, պարկեշտ, իր գործին անմնացորդ նվիրված պետական այրի՝ ում կերպարը պետք է օրինակելի լինի մեր երկրի երիտասարդ քաղաքացիների համար:
Վշտի ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ջանիկ Ջանոյանի ընտանիքին ու հարազատներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. դեկտեմբերի 1-ին կյանքի 83-րդ տարում երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվել է պետական ականավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների առաջին նախարար ՋԱՆԻԿ ԱՐՏԱՇԵՍԻ ՋԱՆՈՅԱՆԸ, և ցավակցում հանգուցյալի ընտանիքին ու մերձավորներին:
Ջանիկ Ջանոյանի թաղումը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավորությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
