Վարչապետը մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 1, 2010 17:32

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված «մեկ աշխատանք» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը։ Հայոց արքայի 2150-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումներն անցկացվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով և ծանոթացել ութսունչորս ստեղծագործողների աշխատանքներին` գեղանկարներին, քանդակներին ինչպես նաև Արցախի Տիգրանակերտ հնավայրից բերված պեղածո նյութերին։ Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններից մրցույթով ընտրվելիք աշխատանքը կարժանանա «Վարդգես Սուրենյանց-150» արծաթե հուշամեդալին։
Տիգրան Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին` նշել է. «Այսօր նշելով Տիգրան Մեծի 2150 ամյակը` նպատակ ունենք մեկ անգամ ևս բացահայտել Տիգրան Մեծի խորհուրդը մեր ժողովրդի ու պատմության համար։ Տիգրան Մեծ ասելով նկատի ունենք հայ ժողովրդի միասնական երազանքը, հզոր, ամուր հայրենիք ունենալու գաղափարը, որը մշտապես կապել ենք Տիգրան Մեծի հետ»։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Տիգրան Մեծի օրինակը մշժտապես ոգեշնչել է հայ ժողովուրդին պայքարելու իր պետականության վերականգման համար։ «Դա այնպիսի ներուժ է, որը մշտապես ոգեշնչել է հայ ժողովրդին պայքարելու իր անկախ պետականության վերականգնման համար, և, ի վերջո, այդ երազանքի, այդ ներուժի շնորհիվ մենք հասել ենք հաջողության։ Ընդհանրապես ուսումնասիրելով Տիգրան Մեծի պատմությունը` տեսնում ենք, որ բազմաթիվ դրվագներ կան այդ պատմության մեջ, որոնք արդիական նաև այսօր»։ Վարչապետը կարևորել է նաև այն, որ Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքը պեղում են հայ մասնագետները։

Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply