Wikileaks-ի հրապարակումները «հարձակում են համաշխարհային հանրության վրա»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | December 1, 2010 15:54
Ընթացիկ շաբաթվա առավել հետաքրքրաշարժ իրադարձությունը, անկասկած, գաղտնի տեղեկատվության հրապարակմամբ զբաղվող Wikileaks հայտնի կայքում ԱՄՆ պետքարտուղարության և արտերկրում 270 ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների միջև նամակագրության ավելի քան 250 հազար գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակների հրապարակումն էր:
Համաշխարհային հանրությունը փորձում է «մարսել» մեծածավալ տեղեկատվությունը, իսկ տարբեր երկրների առաջին դեմքերը` փորձելով արտաքուստ հանգստություն պահպանել, հիմնականում հրաժարվում են մեկնաբանություններից: Սակայն ակնհայտ է, որ «այս խմորը» դեռ շատ ջուր կառնի, և նոր բացահայտումները որոշակի ազդեցություն կունենան թե՛ արտաքին և թե՛ ներքին հարաբերություններում:
Պատահական չէ, որ արտերկրում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների և ԱՄՆ արտաքին գերատեսչության կենտրոնական ապարատի ծառայողական նամակագրության հրապարակումն ԱՄՆ պետքարտուղարը որակել է հարձակում ոչ միայն Վաշինգտոնի արտաքին քաղաքականության, այլև համաշխարհային հանրության վրա: Նա նշել է նաև, որ Wikileaks-ի պատասխանատուների գործողությունները խափանում են ամերիկյան արտաքին գերատեսչության աշխատակիցների` մի շարք սուր միջազգային խնդիրների` ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման, մարդու իրավունքների ոտնահարման դեմ ուղղված ջանքերը: Միաժամանակ պետքարտուղարը համոզմունք է հայտնել, որ գաղտնի տեղեկատվության նոր խմբաքանակի արտահոսքը չի հանգեցնի աղետալի հետևանքների այլ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններում:
Ըստ արտասահմանյան որոշ ազդեցիկ պարբերականների` նորանոր աղմկահարույց հրապարակումները, համենայնդեպս, մեր տարածաշրջանի երկրներին խոստանում են կրքերի բորբոքման նոր ալիքներ:
Առկա հրապարակումներին պաշտոնապես արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամլո ծառայությունը` հայտարարելով, որ ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումներում Ադրբեջանի նախագահին վերագրված տեսակետներն ու մտքերը չեն արտացոլում իրականությունը և հիմնազուրկ են: «Այդ նյութերը բացահայտ սադրանք են, որոնց նպատակը հարևան պետությունների հետ Ադրբեջանի հարաբերությունները փչացնելն է և երկրների ղեկավարների միջև անվստահություն սերմանելը»: Նույն աղբյուրի հայտարարության համաձայն` Ադրբեջանը երբեք չի միջամտել հարևան երկրների ներքին քաղաքականությանը և մշտապես վարել է տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված թափանցիկ քաղաքականություն:
Իհարկե, այս հայտարարությունը բնավ պատահական չէ, քանի որ Wikileaks-ի առաջին իսկ բացահայտումներից պարզ դարձավ, որ Ալիևն առնվազն խնդիրներ է ունենալու իր «ավագ եղբոր»` Թուրքիայի հետ, ինչի մասին վկայում են նաև թուրքական ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումները: Մասնավորապես, թուրքական հասարակության մեջ մեծ իրարանցում է առաջացրել ընթացիկ տարվա փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ Ալիևի զրույցի մասին փաստաթուղթը: Ըստ այդմ, Ալիևը նշել է, որ Ռուսաստանի հետ գազամատակարարման մասին պայմանագիրը ստորագրել է, որպեսզի թույլ չտա Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն: Այդ հանդիպման ժամանակ Ալիևը նաև զգուշացրել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման բացասական հետևանքների մասին այն դեպքում, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի: Նա նշել է նաև, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով առաջ շարժվել, սակայն հարկավոր է լրացուցիչ ճնշումներ կիրառել Հայաստանի նկատմամբ:
Ի դեպ` զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին բնութագրել է որպես նոր սերնդի ժամանակակից ինտելեկտուալ, որին շրջապատում են մարդիկ, որոնց վրա նա ազդեցություն չունի: Ալիևը հայտարարել է, որ անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Մեդվեդևը որոշումներ ընդունել, որոնք հետագայում չեղյալ են հայտարարվել վարչապետի գրասենյակից: «Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ընդունում Մեդվեդևին որպես առաջնորդի: Չնայած անձամբ Պուտինի և Մեդվեդևի միջև հակամարտություն չկա, սակայն այդ երկու քաղաքական գործիչների թիմերի միջև հակասության նշաններն առկա են», – ասել է նա:
Հրապարակված հեռագրերում կան նաև Պետքարտուղարության ցուցումներ, որոնք պարտադրում են արտերկրում ամերիկյան դիվանագետներին հավաքել տվյալ երկրի բարձաստիճան պաշտոնյաների մասին ցանկացած մատչելի տեղեկատվություն, ընդ որում`
ոչ միայն նրանց աշխատանքին վերաբերող, այլև անձնական, կենսագրական տվյալներ:
Այս առումով հետաքրքիր դիտարկումներ կան Ալիևի կնոջ վերաբերյալ: Նշվում է, որ Ադրբեջանի առաջին տիկինը բազմիցս ենթարկվել է պլաստիկ վիրահատության, ինչի արդյունքում հեռվից նմանվում է իր դստերը, սակայն մոտիկից պարզորոշ երևում է, որ նրա դեմքի մկանները հազիվ են շարժվում: Ռուսաստանի առաջին տիկնոջ մասին էլ նշվում է, որ նա լարվածություն է առաջացնում Մեդվեդևի և Պուտինի ճամբարների միջև: Բացի այդ, ըստ հրապարակված նյութերի, Սվետլանա Մեդվեդևան կազմել է իր ամուսնուն ոչ հավատարիմ պաշտոնյաների ցուցակ:
Փաստաթղթերից մեկում Թուրքիայի վարչապետ Էրդողանը և նրա նախարարները մեղադրվում են կաշառակերության ու անօրինականությունների մեջ: Մասնավորապես, նշվում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ներկայացուցիչների, նախարարների ընտանիքների միջև շահերի վերաբաշխման համար լուրջ բախումներ և անօրինականություններ են տեղի ունեցել: Ամերիկացիները, հղում անելով երկու տարբեր աղբյուրների, արձանագրում են, որ Էրդողանը շվեյցարական 8 բանկերում դրամական հաշիվներ ունի: Թուրքիայի վարչապետը, ապա նաև նախագահն արդեն իսկ հայտարարել են, թե սպասում են բոլոր փաստաթղթերի հրապարակմանը, ինչից հետո հանդես կգան մեկնաբանություններով:
Գերմանական Der Spiegel հանդեսի շապիկին տպագրված են մի շարք երկրների ղեկավարների նկարները և ամերիկյան դիվանագետների կողմից գաղտնի նամակագրության մեջ նրանց տրված որակումները: Այսպես, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևին ամերիկացիներն անվանում են դժգույն և ոչ վճռական: Վերջինին և վարչապետ Պուտինին նրանք համեմատում են կոմիքսների հերոսներ Ռոբինի և Բեթմենի հետ: Ըստ փաստաթղթերի` Գերմանիայի կանցլեր Մերկելը «խուսափում է ռիսկից», Ֆրանսիայի նախագահ Սարկոզին որակված է «մերկ արքա», աֆղանցի առաջնորդ Կարզայը` մտագար (պարանոիկ), Իրանի նախագահ Ահմադինեժադը` Հիտլեր: Ամերիկացի դիվանագետները նաև ուշադրություն են դարձրել Պուտինի և Իտալիայի վարչապետ Բերլուսկոնիի «չափազանց մտերմիկ հարաբերությունների» վրա, ինչի արտահայտությունն են «շռայլ նվերներն» ու շահավետ էներգետիկ պայմանագրերը:
Հրապարակված փաստաթղթերում գաղտնի նյութեր կան Հայաստանի կողմից Իրանին փոխանցված սպառազինության, ղարաբաղյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Օրինակ` Guardian-ը հրապարակել է 2008 թ. դեկտեմբերի 24-ով թվագրված և ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ջոն Նեգրապոնտեի անունից Սերժ Սարգսյանին հասցեագրված գաղտնի նամակը, որում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Հայաստանին բավական կոշտ տոնով մեղադրում է 2003 թ. Իրանին գնդացիրներ ու հրթիռներ տրամադրելու մեջ: Նամակում, մասնավորապես, նշվում է. «Մենք բարձր ենք գնահատում մեր ջերմ հարաբերությունները ձեր կառավարության հետ, սակայն միաժամանակ խիստ անհանգստացած ենք զենքի վերաարտահանման գործով: Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, նրա օգնական Ֆրիդը և պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան ու դեսպան Մարի Յովանովիչը բարձրացրել են մեր խորը մտահոգությունը Հայաստանի կողմից Իրանին սպառազինություն փոխանցելու փաստի շուրջ, ինչի օգտագործման հետևանքով Իրաքում զոհվել ու վիրավորվել են ամերիկացի զինծառայողներ: Չնայած մեր երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին` ո՛չ վարչակազմը, ո՛չ Կոնգրեսը չեն կարող աչք փակել այդ փաստի վրա: Համաձայն օրենքի` նման սպառազինության փոխանցումը պահանջում է, որ մենք ուսումնասիրենք, թե արդյոք հիմքեր կա՞ն ամերիկյան պատժամիջոցներ սահմանելու համար: Եթե պատժամիջոցներ սահմանվեն, հետագա պատիժը կարող է ներառել ամերիկյան օգնության հատկացման ու արտահանման որոշակի սահմանափակումներ: Նման պատժամիջոցներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ դուք ներկայացնեք համոզիչ ապացույցներ առ այն, որ ձեր կառավարությունը համագործակցում է մեզ հետ, որպեսզի նման փաստերի կրկնությունը կանխվի»:
Wikileaks կայքի բացահայտած դիվանագիտական փաստաթղթերի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Վերջինիս համոզմամբ, այդ փաստաթղթերը հիմք են տալիս պնդելու, որ թուրքական կառավարությունը հայ-թուրքական արձանագրություններն օգտագործել է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները կասեցնելու համար: «2010-ի հունվարյան մի փաստաթղթի մեջ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին բացատրում է, որ թեև թուրքական կառավարությունը մեծ խոստումներ է տվել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, հստակ չէ` իրապես մտադրություն ունի՞ դրանք իրականացնել, թե՞ պարզապես թղթի վրա խոստում է տվել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստանին վերաբերող դեռևս 1700-ից ավելի փաստաթղթեր ենթակա են հրապարակման, ուստի առաջիկայում մեզ նոր անակնկալներ են սպասում:
Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
