Տաթևը հետաքրքրել է ամերիկացի լրագրողներին
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 13:49
«Տաթեւի թեւեր» ճոպանուղին բացման օրվանից մինչ օրս ունեցել է 7 հազար այցելու: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը` ավելացնելով, որ այցելուներից 1500-ը եղել են հարակից գյուղերի բանկիչներ: «Ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունն աճում է հատկապես հանգստյան օրերին: Մենք զբոսաշրջիկներ ենք ունենում ոչ միայն արտասահմանից, այլ նաեւ ՀՀ այլ մարզերից»,- ասաց նա:
Տ. Ղազարյանի խոսքով` իրականացվել են մեխանիկական եւ էլեկտրոնային սարքավորումների համապատասխանեցում փոփոխվող ձմեռային եղանակային պայմաններին, ինչից հետո աշխարհում ամենաերկար ուղեւորատար, հետադարձելի ճոպանուղին յուրաքանչյուր օր կարող է սպասարկել մի քանի հարյուր ուղեւորի: Նա նշեց, որ ճոպանուղին աշխատաում է շաբաթվա բոլոր օրերին` առավոտյան ժամը 09.30-ից մինչեւ երեկոյան 19.00-ն: «Նախկինում Տաթեւից Հալիձոր հասնելու համար պահանջվում էր 3-4 անգամ ավելի շատ ժամանակ, ներկայումս ուղեւորները հնարավորություն ունեն խնայելու այդ ժամանակը»,- ասաց նա:
Ինչպես նշեց Ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության գրասենյակի ղեկավար Սյուզաննա Ազոյանը, 2009-ին Տաթեւ այցելել է շուրջ 3000 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հոկտեմբերի 16-ից մինչ օրս` շուրջ 7000-ը:«Կարծում եմ, որ աճն ակնհայտ է: Մենք հսկայական միջոցներ ենք ծախսել ճոպանուղու գովազդն իրականացնելու համար»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀ կառավարությունը հիմնադրամին տրամադրել է 28 մլն դրամ, որպեսզի կազմակերպվի արտասահմանցի լրագրողների կողմից ճոպանուղու բացման եւ առհասարակ` ճոպանուղու վերաբերյալ լուսաբանումը:
«Երբեւիցե Հայաստանի մասին` որպես զբոսաշրջային կնետրոնի,այդքան չի գրվել ու չի խոսվել: «Տաթեւի թեւեր»-ի մասին հրապարակումներ եղան այնպիսի հեղինակավոր թերթերում, ինչպիսիք են «Ֆայնենշըլ թայմս»-ն ու «Սանդեյ թայմս»-ը»,- նշեց նա` հավելելով, որ դեկտեմբերի 9-18-ը Տաթեւ կայցելի ամերիկացի լրագրողների մեծ խումբ:






Facebook
Tweet This
Email This Post
