30 շենքի ճակատային մաս լվացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 1, 2010 11:47
Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցությունը` Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին ու համաքաղաքային ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր։
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս տարի ամանորյա նախատոնական աշխատանքներն ավելի վաղ են սկսվել։ Վարչական 12 շրջաններում արդեն ընտրված են տոնածառեր տեղադրելու վայրերը, Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրումը կսկսվի առաջիկա շաբաթվանից։ Տոնական միջոցառում է նախատեսված նաև Կարապի լճի սահադաշտում։
Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ Մաշտոցի պողոտայում շարունակվում են շենքերի ճակատային հատվածների լվացումը, մաքրումը և թարմացումը. համաքաղաքային ծրագրում ներառված 40 շենքից 30-ն արդեն պատրաստ են. մաքրված նոր տեսք ու թարմություն ստացած շենքերը նաև կլուսավորվեն։ Ծրագիրը շարունակական է լինելու. հաջորդ տարի մաքրվելու են Կորյուն, Իսահակյան, Թումանյան, Ամիրյան փողոցների շենքերը։
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետի և մշակույթի նախարարի Կոմիտասի անվան պանթեոն կատարած այցի ընթացքում նշվել էր, որ հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի հուշաքարն անհրաժեշտ է փոխել` այն դարձնելով վարպետի հիշատակին վայել ու ներկայանալի։ Հարցին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից արագ ընթացք է տրվել. քանդակագործ Արա Շիրազը Երևանի քաղաքապետարանի պատվերով արդեն սկսել է կերտել հայ կինոյի մեծ վարպետի հուշաքանդակը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ խորհրդակցության ընթացքում տրվել են նաև 16-րդ թաղամասի գազաֆիկացմանը,«Երևան Ջուր» ընկերության կողմից շուրջօրյա վթարային ծառայություն ապահովելու և այլ խնդիրներին առնչվող հանձնարարականներ։






Facebook
Tweet This
Email This Post
