Քիքբոքսինգի Եվրոպայի գավաթի առաջնությունը 2011թ. կանցկացվի Երևանում

Պաշտոնական, Օրվա լուր | | December 1, 2010 11:27

2011թ. քիքբոքսինգի Եվրոպայի գավաթի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Երևանում: Քաղաքապետարանում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և քիքբոքսինգի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ռիշադ Սայաբովի երեկվա  հանդիպման ժամանակ քննարկվեցին առաջնությունն անցկացնելու հետ կապված կազմակերպչական խնդիրները:  Այս մասին հաղորդում է  Երևանի քաղաքապետարանի  տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը կարևորեց քիքբոքսինգի Եվրոպայի գավաթի առաջնությունը  Երևանում  անցկացնելու նախաձեռնությունը և նշեց, որ քաղաքապետարանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու առաջնության անցկացմանը: Գագիկ Բեգլարյանի խոսքով` մարզական կյանքը մայրաքաղաքում պետք է ավելի աշխուժանա, և այդ ուղղությամբ արդեն իսկ քաղաքապետարանը լուրջ քայլեր է ձեռնարկել:

Վերականգնվել է Երևանի սպորտկոմիտեն, որին միավորվել են երևանյան մարզական ֆեդերացիաները: Սա  հնարավորություն է տվել մարզական ոլորտում աշխատանքներն ավելի կանոնակարգված և արդյունավետ իրականացնելու:
Քիքբոքսինգի Եվրապայի ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու նախաձեռնությունն արդեն հիմք են 2011թ. քիքբոքսինգի Եվրոպայի գավաթի առաջնությունը Երևանում հաջողությամբ անցկացնելու համար:

Դիտվել է 1840 անգամ:
Print Friendly

Leave a Reply