Կալիֆորնիայի իշխանությունները մեծարեցին Արցախի Հանրապետությունն ու նրա նախագահին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | December 1, 2010 11:04
Մի քանի օր առաջ ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երրորդ այցը Լոս Անջելես: Ի տարբերություն նախորդ երկու այցերի, անցյալ շաբաթ նա` որպես պետության ղեկավար ընդունելության արժանացավ հայտնի քաղաքական գործիչների կողմից, չնայած այն հանգամանքին, որ Արցախը պաշտոնապես ճանաչված չէ միջազգային հանրության կողմից:
Նախագահ Սահակյանը տասն օր շարունակ գտնվում էր Կալիֆորնիայում` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա «Երախտագիտության օրվա» հեռուստամարաթոնի կապակցությամբ, որի ժամանակ 20 մլն դոլարից ավելի գումար հավաքվեց` ի նպաստ Արցախի գյուղերի:
Բացի տեղի հայկական համայնք այցելելն ու բարերարների հետ հանդիպելը, նախագահ Սահակյանն առաջին անգամ ջերմորեն ընդունվեց Լոս Անջելեսի և Մոնտեբելոյի քաղաքային խորհուրդների կողմից: Նրան խնդրեցին ելույթ ունենալ Orange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդի առաջ: Նախագահը մասնակցեց նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի կողմից իր պատվին տրված պաշտոնական ճաշին:
Նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունեց Արցախի նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը և նրան հանձնեց հռչակագիր ու քաղաքային խորհրդի որոշում` կարևորելով նրա հանձնառությունն Արցախի Հանրապետության անկախության գործում: Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանը ջերմորեն ողջունեց Նախագահին. «Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է ընդունել նախագահ Սահակյանին` ազատության, արդարության ու անկախության իսկական պաշտպանին: Նա մարտիկ է, ով մարտնչել և սեփական արյամբ է վճարել իր հայրենիքի ու հայրենակիցների ազատության ու անկախության համար»: Լոս Անջելեսում`Միացյալ Նահանգների երկրորդ խոշոր քաղաքում, Նախագահին պաշտոնապես ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին: Նախագահ Սահակյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին` նման բարձր ընդունելության համար և նրանց հրավիրեց Արցախի Հանրապետություն: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Խորհրդի մի քանի անդամներ: Քաղաքային խորհրդի պալատում, այս հատուկ արարողության ժամանակ չափազանց հուզիչ էր Արցախի Հանրապետության դրոշն առաջին անգամ տեսնել Միացյալ Նահանգների դրոշի կողքին:
Նույն օրը երեկոյան նախագահ Սահակյանը ելույթ ունեցավ Օrange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդում` իր պատվին Նյուպորտ Բիչի Pacific Club-ում կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ: Այս աննախադեպ արարողությունը տեղի ունեցավ առանց որևէ խոչընդոտի, չնայած այն չեղյալ հայտարարելու` Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովի, Միացյալ Նահանգների ադրբեջանցիների ցանցի և մի քանի ադրբեջանցի և թուրք ցուցարարների պահանջների:
Արցախի նախագահի հաջորդ մեծարումը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին` քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի և Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի կողմից: Քաղաքապետը ողջունեց Նախագահին և նրան հռչակագիր հանձնեց: Պատասխան խոսքում նախագահ Սահակյանն իր երախտագիտությունը հայտնեց քույր քաղաքներ Մոնտեբելոյի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկամության համար: Այդ երեկո Արցախի նախագահը մասնակցեց իր պատվին Հայկական կենտրոնում Մոտեբելոյի համայնքի կազմակերպած երեկույթին:
Հաջորդ օրը, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան Getty House-ում Արցախի Հանրապետության նախագահի պատվին պաշտոնական ճաշ տվեց. հատուկ մեծարում պետությունների ղեկավարների պաշտոնական այցերի դեպքում: Մինչ պաշտոնական ճաշը, քաղաքապետը առանձին հանդիպում ունեցավ նախագահ Սահակյանի հետ, որտեղ քննարկվեցին երկկողմ հարաբերությունները Արցախի Հանրապետության և Լոս Անջելեսի` Երևանի քույր քաղաքի միջև: Նախագահն իր երախտագիտության խոսքում Լոս Անջելեսի քաղաքապետին հրավիրեց Արցախ: Ճաշին մասնակցում էին Նախագահի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանը, քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին և հայ համայնքի ղեկավարները:
Նոյեմբերի 25-ին քաղաքապետ Վիլարայգոսան, սիրալիր ժեստ անելով հանդես եկավ «Երախտագիտության օրվա» հեռուստամարաթոնի ուղիղ եթերում` ողջ աշխարհի հեռուստադիտողներին կոչ անելով առատաձեռն նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախի 200 գյուղերը խմելու և ոռոգման ջրով ապահովելու մարդասիրական ծրագրին:
Արցախի նախագահը նոյեմբերի 24-ին հանդիպեց երիտասարդ պրոֆեսիոնալների խմբի հետ, որոնք պարտավորվել են սատարել հատուկ գրասենյակի բացմանը, որն Արցախը կներկայացնի Լոս Անջելեսում: Նախագահը բարձր գնահատեց խմբի նախաձեռնությունը, նշելով, որ շուտով այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
Ընդհանուր առմամբ, Արցախի նախագահի այցը Կալիֆորնիա ջախջախիչ հաջողություն ունեցավ` ոչ միայն Արցախի մարդասիրական կարիքների համար զգալի գումար հավաքելով, այլև Լոս Անջելես և Մոնտեբելո քաղաքների, ինչպես նաև Օrange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդի հետ արժեքավոր քաղաքական կապեր հաստատելու տեսանկյունից, դրանով իսկ ամրապնդելով միջազգային հանրության կողմից Արցախի` որպես անկախ պետություն ճանաչելու հեռանկարները:
Մինչ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը տարեկան հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում ուժեղ լոբբիստների վրա` Արցախի դեմ քարոզչություն իրականացնելու համար, Արցախի Հանրապետության նախագահն Ամերիկայի հայկական համայնքի օգնությամբ կարողացավ արդյունավետ կերպով հակազդել ադրբեջանական քարոզարշավին, առանց մեկ դոլար ծախսելու:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի






Facebook
Tweet This
Email This Post
