Արցախցի ֆերմերների համար կկազմակերպվեն սեմինարներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | դեկտեմբերի 1, 2010 10:24

ԼՂՀ «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գրասենյակում բացվել է խորհրդատվությունների համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով հագեցած սրահ, որտեղ այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ շրջվարչակազմի ղեկավարների հետ:

Ինչպես հանդիպման սկզբում նշեց ԼՂՀ վարչապետը, չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսությունը համարվում է Արցախի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, ամեն տարի, ֆերմերների անբավարար գիտելիքների պատճառով, ոլորտում մեծ կորուստներ են արձանագրվում: Նոր սրահի բացումը Ա. Հարությունյանը պայմանավորեց հնարավորինս կարճ ժամանակահատվածում Արցախում գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աշխատանքները գիտական լուրջ հիմքերի վրա դնելու հանգամանքով:

Այդ նպատակով, վարչապետի տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունից եւ արտասահմանից պարբերաբար կհրավիրվեն լավագույն գիտնականներ, ովքեր արցախցի ֆերմերների համար կկազմակերպեն սեմինարներ` հողի ճիշտ մշակման եւ ագրոկանոնների պահպանման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում վարչապետը անդրադարձավ նաեւ պարենամթերքի շուկայում շարունակվող գնաճին` նշելով, որ դրա դեմ լավագույն պայքարի ձեւը ոլորտում արտադրանքի ծավալների մեծացումն է:

«Մեր պոտենցիալը այնքան մեծ է, որ կարող ենք ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի պարենամթերքի շուկայում գների որոշակի կայունություն մտցնել»,- ասաց Ա. Հարությունյանը: Այդ ուղղությամբ, ԼՂՀ վարչապետի խոսքերով, կառավարության կողմից 2011թ. ԼՂՀ պետական բյուջեից ոչ միայն կշարունակվեն ֆերմերներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, այլեւ 20 տոկոսով կավելացվեն ոլորտին ուղղվող ծախսերը:

Դիտվել է 1045 անգամ:

Leave a Reply