Հայաստան կայցելեն «Deep Purple» խմբի վոկալիստ Իեն Գիլլանը, «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմմին և այլ հայտնի կատարողներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 24, 2009 18:47

Ձախից`Վիգեն Սարգսյան, մեջտեղում`Արա Թադևոսյան, աջից`Չարլզ Լոնսդեյլ

Հոկտեմբերի սկզբին Հայաստանում կիրականացվի «Հայաստանը շնորհակալ է Ռոքին» նախագիծը:

Նախագծի գաղափարը  «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանինն է, ով առաջարկել է 1989թ. իրականացված «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի ռոքի աստղերին և նախաձեռնողներին հայ ժողովրդի անունից շնորհակալութուն հայտնել և ՀՀ պետական պարգևներ շնորհել:

«Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը ստեղծվել է 1989թ.` 24-ամյա բրիտանացի Ջոն Դիի կողմից: Նա 1989թ. այցելել է Սպիտակ և Գյումրի` նկարահանումներ անելու: Վերադառնալով Լոնդոն` որոշել է միավորել ռոք երաժշտության գերաստղերին և հատուկ սկավառակ ձայնագրել, որի ողջ հասույթը փոխանցվել է երկրաշարժի գոտուն:

Արդյունքում աշխարհահռչակ «Queen», «Pink Floyd»,« The Who», «Deep Purple»,« Black Sabbath»,«Iron Maiden» խմբերի կողմից թողարկվեց «Rock aid Armenia» («Ռոքն օգնում է Հայաստանին») ձայնասկավառակը, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:

ՀՀ պետական պարգևներ հանձնելու նախագիծը («Հայաստանը շնորհակալ է Ռոքին») ներկայացվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին և արժանացավ հավանության:

«Մենք կապ հաստատեցինք Ջոն Դինի հետ և պարզվեց, որ նա նունպես նախագծի 20-ամյակի հետ կապված ծրագրեր ունի: Դինը պատրաստվում է վերաթողարկել սկավառակը և վաճառքի հանել ինտերնետային հայտնի օն-լայն-խանութում` «iTunes-ում»` հասույթը տրամադրելով երկրաշարժի գոտում նախագծերի իրականացմանը»,-ասում է  Վիգեն Սարգսյանը:

Շիրակի մարզպետարանն արդեն ներկայացրել է մի քանի նախագիծ, որոնք կիրականացվեն «iTunes»-ից ստացված միջոցներով: Գյումրի քաղաքում կիրականացվի Հոգեկան առողջության կենտրոնի բարեկարգում, ընտանեկան առողջության կենտրոնի 3 մասնաշենքերի ջեռուցում: Կհիմնանորոգվեն թիվ 15 դպրոցի մարզադահլիճն ու հանդիսությունների սրահը:

Ստացված միջոցներով Քեթի գյուղում կավարտվի համայնքային կիսակառույց շենքի շինությունն ու կհիմնանորոգվի Կապս գյուղի դպրոցը:

Նախագծի գլխավոր հովանավորը «ՀայՌուսԳազարդ» ընկերությունն է: Նախագծին աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանություւնն ու անձամբ դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Ես ուրախ եմ, որ այս նախագիծը ողջունվել է ՀՀ կառավարության կողմից»,- ասում է Լոնսդեյլը:

«Հայաստանը շնորհակալ է Ռոքին» նախագծի շրջանակներում հոկտեմբերի սկզբին Հայաստան կայցելեն «Deep Purple» խմբի վոկալիստ Իեն Գիլլանն ու «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմմին: Հայաստան կգան նաև ավստրալական բարեգործական «Ձեռնարկիր ինչ-որ բան» նախագծի կազմակերպիչ Ջոն Դին: Տարվում են բանակցություններ` Հայաստանում հյուրընկալելու «Queen»-ի կիթառահար Բրայան Մեյին և «Pink Floyd»-ի ղեկավար Դեյվիդ Գիլմորին:

Ռոք-աստղերը կլինեն Սպիտակում և Գյումրիում, ինչպես նաև ՀՀ նախագահից կստանան Պատվո շքանշաններ: Հանրահռչակ աստղերը պաշտոնապես կներկայացնեն «Smoke on the Water» հայտնի երգի ռեմիքս տարբերակը, որը կդրվի վաճառքի «iTunes» կայքում:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply