Ըստ թուրքագետի` բացառված չէ, որ Թուրքիան համագործակցության քողի տակ զինում է Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2010 16:03

Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` փորձում է լուրջ դերակատարություն ստանձնել Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման, համալրման և  սպայական կազմի վերապատրաստման գործում. այսօր  «Արմատ»  մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նա նշում է, որ  դեռեւս ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին` թե զինամթերքով և թե մարդկային ներուժով:

Փորձագետի հավաստմամբ` 2006 թվականի դրությամբ Թուրքիայի ուսումնական հաստատություններում վերապատրաստված ադրբեջանցի զինվորականների թիվը հասնում էր մոտ 1130-ի, իսկ Ադրբեջանի տարածքում թուրք մասնագետների կողմից վերապատրաստվածներինը` 4000-ի: «Ընդ որում սրանք պաշտոնական տվյալներ են, իրականում այդ թվերը  կարող են  ավելի մեծ լինել»,- ասում է Հովսեփյանը:

«Թուրքիան տարբեր կերպ փորձում է Ադրբեջանի ուժային համակարգում լուրջ ազդեցություն և լծակներ ձեռք բերել: Պատահական չէ, որ ադրբեջանական ԶՈՒ-ում ձեւավորվել է երիտասարդ և միջին սերնդի մի սպայական կազմ, որը սերտ կապեր ունի իր թուրք գործընկերների հետ, վերապատրաստվել է Թուրքիայում եւ առավելապես ունի թուրքամետ, ազգայնական ուղղվածություն»,- ասաց Հովսեփյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի ուժային համակարգում ձևավորվող  թուրքամետ և թուրքակենտրոն ազգայնական սպայական տարրը հետագայում Թուրքիայի համար առավել կառավարելի կդարձնի ադրբեջանական բանակը:

Ըստ Հովսեփյանի` Հայաստանի համար վտանգները մեծ են թե’ Ադրբեջանի ռազմականացման միտումների, թե’ այն առումով, որ Թուրքիան արդեն անմիջական վերահսկողություն է սահմանել ադրբեջանական բանակի վրա: Ըստ իր տեղեկությունների` Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունի գաղտնի պայմանագիր, ըստ որի` Ադրբեջանը չի կարող առանց Թուրքիայի հավանության սկսել ռազմական գործողություններ: «Չի բացառվում, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախագծերի միջոցով Թուրքիան սքողված ռազմական տեխնիկա մատակարարի Ադրբեջանին»,- նկատեց փորձագետը:

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ Վլադիմիր Իվանովն էլ նշում է, որ Թուրքիան ձգտում է իր ազդեցության գոտում պահել նաև Վրաստանին: Վերապատրաստումների միջոցով վրացական բանակում էլ ձևավորովում է թուրքամետ սպայական սերուցք: Իսկ Վրաստանի ռազմական ոլորտում Թուրքիայի տարեկան ներդրումը և աջակցությունը, ըստ Իվանովի, գերազանցում է 55 մլն դոլարը: «Թուրքիան այս ամենը անում է աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով: Բացի այդ` ուզում է ամրացնել Թուրքիա-Ադրնեջան-Վրաստան օղակը տարածաշրջանում»:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply