Եվրոպական կինոյի դասական Մարիո Մոնիչելլին 95 տարեկանում ինքնասպան եղավ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 30, 2010 11:59
Հայտնի կատակերգակ և ռեժիսոր Մարիո Մոնիչելլին ինքնասպան է եղել երկուշաբթի երեկոյան : Նա իրեն նետել է Հռոմի Սան Ջովանիի հիվանդանոցի չորրորդ հարկի պատշգամբից: Լրացել էր նրա 95 –րդ տարեդարձը և հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունք էր տեղափոխվել` առաջագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ: Կինեմատոգրաֆիստ, գրող , պատմաբան, իտալական սոցիալական կատակերգության հիմնադիր Մարիո Մոնիչելլին ծնվել է 1915 թվականի մայիսի 15-ին Վիրաջո քաղաքում` հայտնի թատերական քննադատ և լրագրող Թոմազո Մոնիչելլիի ընտանիքում:Ուշագրավ է այն փաստը, որ Մարիո Մոնիչելլիի հայրը ևս իր կյանքի հետ հաշվեհարդար է եղել 1946 թվականին: Հռոմի համալսարանը ավարտելուց հետո Մարիո Մոնիչելլին 1930-1940թթ. եղել է բազմաթիվ սցենարների համահեղինակ: 1937 թվականին` Միքելե Բադեկ կեղծանվամբ, նա նկարահանեց իր առաջին լիամետրաժ կինոնկարը`«Ամառային անձրևը»: Իբրև բեմադրող` նա նկարահանման հրապարակ վերադարձավ 1949 թվականին և Ստենոյի հետ 4 տարիների ընթացքում բեմադրեց սատիրական կատակերգություններ` Տոտոյի մասնակցությամբ: Առավել հայտնի է 1951 թվականին մեծ էկրան բարձրացած`«Ոստիկանները և գողերը» կինոնկարը: Նրան մեծ հաջողություն են բերել«Չարագործները ինչպես միշտ անհայտ են»`1958թվական,«Մեծ պատերազմ»`1959 թվական, «Բրանկալեոնեի բանակը»`1965 թվական, ««Աղջիկը ատրճանակով»`1974 թվական, «Ժողովրդական սիրավեպ»`1974 թվական,«Իմ բարեկամները»`1975 թվական և այլ ժապավեններ: Քաղաքական պամֆլետի ժանրում հայտնի են նրա`«Կամենում ենք գնդապետներին»,« Մանր- մանր բուրժուա» կինոնկարները: Կյանքի վերջին տարիներին նա աշխատել է իբրև թատերական ռեժիսոր և հեռուստաբեմադրող, սեփական կինոնկարների սցենարների համահեղինակ:






Facebook
Tweet This
Email This Post
