Ադրբեջանի իշխանության թևերում բախումներ են սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2010 10:06

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ներիշխանական իրավիճակն Ադրբեջանում բավականին լարվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը գրում է, որ «դեռ ընտրությունների շեմին դեմհանդիման եկած նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի եւ նախագահի անձնական պաշտպանության ծառայության ղեկավար Բեյլեր Էյուբովի միջեւ հակասությունները ընտրություններից հետո անցել են բաց հարթություն»: Ռ.Մեհդիեւի դեմ հարձակմանը մեկնարկ էր տրվել ընտրություններից բավականին առաջ:

Իշխանության պահուստային թեւ համարվող Ադրբեջանի առաջին տիկնոջ հայրական կողմի կլան Փաշաեւների խումբը, իշխանության նկատմամբ հսկողությունն ամբողջությամբ ձեռք գցելու համար, լուրջ գործունեություն էր սկսել` այդ ճանապարհին իրենց համար հիմնական խոչընդոտ համարվող Ռ.Մեհդիեւին ընտրություններից հետո չեզոքացնելու համար:

Փաշաեւների գործողությունները գործի են գցել ներիշխանական մյուս խմբավորումներին եւս: Այդ շարքում իշխող ընտանիքի մյուս թեւի «կնքահայր» համարվող Բեյլեր Էյուբովը, ցուցադրելով անձնական ջերմեռանդություն, ջանում էր խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն ձեռք բերել նաեւ Ռ.Մեհդիեւի ազդեցության լծակները նվազագույնի հասցնելու միջոցով: Սակայն, Ռ.Մեհդիեւը մինչեւ վերջին պահը կարողացավ շարունակել իր հարձակումները եւ խորհրդարանական ընտրություններն անցկացրեց իր ցանկացած կարգով՝ ձեռքից բաց չթողնելով խորհրդարանի վրա ունեցած հսկողությունը, ինչպես եւ որոշակի չափով ապահովագրեց իրեն՝ ընտրություններից հետո հնարավոր հալածանքներից:

Սակայն, ինչպես երեւում է, հակադիր խմբավորումները ցանկություն չունեն համձայնվել այդ իրավիճակի հետ: Ընտրություններից հետո Ռ.Մեհդիեւի նկատմամբ հարձակումները որոշակի չափով շատացել են: Նախագահի աշխատակազմի ղեկավարի վրա «կրակ» է բացվում տարբեր ճակատներից: Դրա վառ օրինակներից մեկն էլ այն է, որ օրերս Բ.Էյուբովի եղբորորդին վիճաբանության ժամանակ գնդակահարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի թիմի նախկին անդամ, ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի փեսային:

«Այս արյունալի իրադարձությունը պատահական չէ այն առումով, որ այն ծագում է կողմերի՝ միմյանց նկատմամբ անսահման ատելությամբ պայմանավորված Էյուբով-Մեհդիեւ դիմակայությունից», -եզրահանգում է թերթը: «Ազադլըգ»-ը գրում է նաեւ, որ Ադրբեջանի պաշտոնական «Ազերբայջան» թերթը, որը գտնվում է Ռ.Մեհդիեւի վերահսկողության տակ, հարձակումներ է սկսել երեք օլիգարխ նախարարների դեմ:

«Օրերս թերթն իր` «Ջերմությանը սառը վերաբերմունք» վերտառությամբ հոդվածում շրջաններում բնակչությանը գազով մատակարարելու գործը լավ չկատարելու համար սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) կից «Ազերիգազ» ընկերությանը: «SOCAR»-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը ներկայացված է Ռ.Մեհդիեւին մրցակից խմբավորման մեջ: Ռ.Մեհդիեւը քննադատական հոդվածներ է հրապարակել նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի եւ տրանսպորտի նախարար Զիյա Մեմմեդովի դեմ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտոնական թերթերում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հոդվածները պատվեր են, միանշանակ է, որ իշխանության թեւերում հակասություններն անցնում են բաց հարթություն», -եզրակացնում է «Ազադլըգ»-ը:

Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply