2008-2011թթ. «Զվարթնոց» օդանավակայանում կներդրվի 160 մլն դոլար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 24, 2009 17:00

 Ձախից առաջինը`Խուան Պաբլո Գեչիջյան

Ձախից առաջինը`Խուան Պաբլո Գեչիջյան

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸի հանրային գոտում կառուցվող նոր համալիրը շահագործման կհանձնվի 2011թ., և օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3 միլիոն ուղևորի:

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր օդանավակայան ` ծանոթանալու համալիրի շինարարական աշխատանքներին. համալիրն սկսել է կառուցվել 2008թ.-ից:

Նախագահը շրջել է նաև արդեն շահագործվող մեկնման և ժամանման սրահներում, ծանոթացել նոր ներդրված տեխնիկական համակարգերին և ուղևորների սպասարկման գործընթացի կազմակերպմանը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ»ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ով նաև վերահսկում է «Կոնվերս» բանկի ու «Հայփոստ» ընկերության աշխատանքները (լիազորված լինելով սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից` այս երեք խոշորագույն կառույցներում միանձնյա որոշումներ կայացնել), լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ ճգնաժամը որոշակիորեն խանգարում է աշխատանքներին, սակայն շինարարությունը, ըստ նրա, կավարտեն սահմանված ժամանակացույցի համաձայն: 34 հազար քմ մակերեսի վրա 2 հարկանի կառույցն ունենալու է մեկնման և ժամանման սրահներ, որտեղ պետք է իրականացվի նաև ուղևորների գրանցումը, լինելու են նաև ժամանցի վայրեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ նման խոշոր ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու համար նախատեսված է ներդրումներ ներգրավել նաև միջազգային այլ կազմակերպություններից: Ակնկալվում է մինչև այս տարեվերջ «Զվարթնոց»-ում ավարտին հասցնել լոգիստիկ կենտրոնի կառուցումը, որն իրենից կներկայացնի մրգերի, բանջարեղենի և ոսկերչական իրերի ազատ տնտեսական գոտի:

Այժմ բանակցություններ են ընթանում Վերակառուցման և զարգացման Եվրոպական ու Ասիական զարգացման բանկերի հետ` միջոցներ ստանալոի այս նախագծի կյանքի կոչման համար: Նախարարի հավաստմամբ` օդանավակայանը կհամապատասխանի ժամանակակից բոլոր պահանջներին, հարմարավետությամբ և ծառայությունների որակով չի զիջի աշխարհի լավագույն օդանավակայաններին:

2001թից «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարումը ստանձնած «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸն դանդաղ, բայց խոշոր աշխատանքներ է կատարում: Ներկայում ընթանում են 3-րդ փուլի` 2008-2011թթ. աշխատանքները, որոնց համար նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը 160 մլն դոլար է: Դրանք ներառում են օդանավակայանի հանրային գոտում նշված նոր տերմինալի շինարարությունը` 34 հազար քմ տարածքում: Այդ գումարներով նախատեսված է կառուցել նաև միաժամանակ 600 մեքենայի համար նախատեսված երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի` 20 հազար քմ տարածքով: Շինարարության ժամանակ կիրառվում են սեյսմիկ վտանգները մոտ 65 տոկոսով նվազեցնող տեխնոլոգիաներ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը բացվել է 1961-ին։ Այն ժամանակ սպասարկել է միայն ներքին, ԽՍՀՄ տարածքում կատարվող չվերթներ։

1985-ին ICAO-ն (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) օդանվակայանին շնորհել է 2-րդ կարգ։ Նոր տերմինալները բացվել են 1998-ին՝ բեռնային համալիրը, իսկ 2007-ին` նոր միջազգաին ուղևորափոխադրման վերջնակայանը:

Դիտվել է 2363 անգամ:
Print Friendly

Leave a Reply