Սահմանված տեղում ԱՊՊԱ կտրոնը չփակցրած վարորդները կտուգանվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2010 14:01

ԱՊՊԱ կտրոնի վնասման` խոտանման, կորստի, հափշտակման կամ ոչնչացման դեպքերում կատարվածին հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր պետք է տեղեկացնել ապահովագրական ընկերությանը: Իսկ եթե պատահարի հետեւանքով վարորդը հայտնվել է անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին է 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, ապա դա պետք է անել հանգամանքների վերացմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, վնասված (խոտանված) ԱՊՊԱ կտրոնը պետք է վերադարձնել ապահովագրական ընկերությանը, իսկ չվերադարձնելու եւ ԱՊՊԱ կտրոնի վնասված լինելու փաստը չապացուցելու դեպքում ԱՊՊԱ կտրոնը համարվում է կորած: Ապահովագրական ընկերությունն անհապաղ, եւ ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, պարտավոր է տրամադրել նոր կտրոն:

Առանց ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցնելու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելու դեպքում սահմանված է տուգանք` 10 հազար դրամի չափով: Կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելու դեպքում սահմանված է 150 հազար դրամի տուգանք: Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից կտրոնն այլ անձի հանձնելու դեպքում սահմանված տուգանքը կազմում է 100 հազար դրամ: Պայմանագրի գործողության ընթացքում կտրոնի` առաջին անգամ պատռվելու դեպքում գումար չի գանձվում, երկրորդ անգամի դեպքում տուգանքը կազմում է հազար դրամ, երրորդ անգամի դեպքում` 5 հազար դրամ: Տուգանքի նույն չափերն են սահմանված նաեւ կտրոնի գունաթափման, քայքայման, անընթեռնելիության եւ մասնակի այրման դեպքերի համար: Իսկ ուղղումների, ջնջումների կամ կատարված փոփությունների դեպքում անհատն առաջին անգամ կտուգանվի տասը հազար դրամի չափով, երկրորդ անգամ` 20 հազար, իսկ երրորդ անգամ` 30 հազար դրամի չափով:

Կտրոնը կորցնելու դեպքում անհատն առաջին, երկրորդ եւ երրորդ անգամ կրկնվող դեպքերում համապատասխանաբար կտուգանվի 5, 15 եւ 30 հազարական դրամի չափով: Հափշտակման առաջին դեպքի համար տուգանք չկա, իսկ երկրորդ եւ երրորդ դեպքերում` համապատասխանաբար 5 եւ 10 հազար դրամ: Կտրոնի ոչնչացման դեպքում տուգանքները նույն սկզբունքով կազմում են 5, 15 եւ 30 հազարական դրամ: Նշենք, որ եթե ԱՊՊԱ կտրոնը վնասվում (խոտանվում), կորում, հափշտակվում կամ ոչնչանում է ապահովագրական պատահարի արդյունքում, ապա սահմանված վերոնշյալ տուգանքները չեն կիրառվում:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply