Դիակիզարանի անհրաժեշտություն` գերեզմանատների հողերի պակասի պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2010 11:33

Գերեզմանատների համար անհրաժեշտ տարածքների ընդարձակման պահանջը գնալով սրվում է, իսկ քաղաքի հողերն անսահմանակ չեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցի ընթացքում նշեց Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գլխավոր ինժեներ Ռազմիկ Հարությունյանը, այս հարցի ամենահարմար լուծումը դիակիզարանի կառուցումն է, որի իրականացման վերաբերյալ քննարկումները ՀՀ կառավարությունում սկսվել են դեռեւս 2008 թ-ի սեպտեմբերից:

Կառուցման եւ նախագծման աշխատանքներն այժմ քննարկվում են Քաղաքաշինության, Տարածքային կառավարման եւ Ֆինանսների նախարարությունների կողմից: Իսկ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից մշակված առաջարկներն այժմ ներկայացված են Երեւանի քաղաքապետին: «Դիակիզարանը հնարավորություն կտա խնայել գերեզմանոցների համար հատկացվող տարածքները 24 անգամ»,- ասաց Ռ.Հարությունյանը` հավելելով, որ ներկայումս 12 քմ-ի վրա թաղվում են 5-6 դիակներ` 50-60 տարվա ընթացքում, իսկ դիակի այրված մոխրի համար նախատեսված սափորի համար կպահանջվի ընդամենը 0,5 քմ:

Սափորները տեղադրվելու են հուշապատի մեջ, որում առանձնացված կլինեն խորշեր: «Սա կլինի իսկական հարազատական գերեզման»,- նշեց նա` փաստելով, որ ներկայումս ընտանեկան գերեզմաններն անգամ չեն պահպանվում: «Ծեր հանգուցյալին որդուց հետո թոռն արդեն հազվադեպ է հիշում, իսկ մյուս սերունդներն իսպառ մոռացության են մատնում»,- ասաց Ռ.Հարությունյանը` բացատրելով, որ դիակիզարանի առկայության դեպքում հեշտ կլինի նաեւ աճյուններով սափորների տեղափոխումը, ինչպես նաեւ այլեւս անհարմարություններ չեն լինի` կապված հարազատներին տարբեր գերեզմանոցներում թաղելու հետ: Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից կուտակված փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը մեծամասամբ ըմբռնումով է վերաբերվում դիակիզարանի կառուցման գաղափարին: «Չնայած կրոնի` այս երեւույթն արգելելու հանգամանքին, այսպիսի կառույցներ կան Ռուսաստանի շատ քաղաքներում, Միացյալ Նահանգներում, եվրոպական տարբեր երկրներում»,- ասաց Ռ.Հարությունյանը:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply