ԱՄՆ-ն հրաժարվել է բանակցություններ վարել WikiLeaks-ի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2010 15:54

ԱՄՆ-ն բանակցություններ չի վարի  WikiLeaks ծառայության ներկայացուցիչների հետ` կապված առաջիկայում գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակի հրապարակման հետ: Այդ մասին ծառայության հիմնադիր Ջուլիան Ասսանժին հայտնել է պետդեպարտամենտի աշխատակից Հարոլդ Կոհը (Harold Koh), նրա խոսքերը փոխանցում է “Ֆրանս պրես” գործակալությունը:

Կոհը մերժումը բացատրել է նրանով, որ WikiLeaks-ում փաստաթղթերը հայտնվել են ամերիկյան օրենքների խախտմամբ: Ինչպես ճշտել է պետդեպարտամենտի աշխատակիցը, ամենայն հավանականությամբ, փաստաթղթերը “թափել” են պետական կազմակերպությունների աշխատակիցները կամ ինչ-որ միջնորդներ, որոնք մուտք ունեն դեպի այդ փաստաթղթերը, ընդ որում դա արել են հաշվի չառնելով հնարավոր լուրջ հետևանքները: Քանի դեռ WikiLeaks-ը պահում է  այդ նյութերը, օրենքը մնում է խախտված:

Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ զգուշացրել է, որ պատրաստվում են բացահայտել իր դիվանագիտական գործընկերների, մասնավորապես Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսրայելի, Իսլանդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Թուրքիայի և, ենթադրաբար, Ռուսաստանի  գաղտնի փաստաթղթերը: Ըստ նախնական տվյալների` սկանդալային կայքի մերկացումների նոր խմբաքանակի ծավալը կկազմի մոտ 500 հազար էջ և կբովանդակի ԱՄՆ պետդեպարտամենտի նամակագրությունը:

WikiLeaks կայքը սկանդային համբավ ձեռք բերեց Իրաքի և Աֆղանստանի պատերազմական գործողությունների մասին Պենտագոնի փաստաթղթերը հրապարակելուց հետո:  ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ գաղտնի տեղեկատվությունը “թափել” է ռազմական վերլուծաբան Բրեդլի Մեննինգը, նա արդեն ձերբակալված է:

Դիտվել է 2763 անգամ:
Print Friendly

Leave a Reply