Հնդկաստանում բնակելի տուն է կառուցվել` 1 մլրդ դոլար արժողությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2010 14:57

Հնդկաստանցի միլիարդատեր Մուքեշ Ամբանին շքեղ բնակարանամուտ տոնեց Մումբաիում` 27-հարկանի նորակառույցում, որը համարվում է մեր մոլորակի ամենաթանկ բնակելի տունը:

Ուրբաթ օրը  այդ տանը, որի շինարարությունը նստել է 1 մլրդ դոլար,  երեկույթին մասնակցել է մոտ 80 հարուստ ու նշանավոր հնդիկ: Շենքում, որին տվել են առասպելական “Անթիլիա” կղզի-ուրվականի անունը, մի քանի լողավազան կա, կինոթատրոն, տաճար առաջին հարկում և գրադարան` վերջին հարկում, ինչպես նաև հսկայական սրահ պարահանդեսների համար և վեցհարկանի ավտոկանգառ:

Շենքը  նախագծվել է Վաաստուի` հնդկական ուսմունքի (որ շատ նման է չինական ֆենշուին) սկզբունքների համաձայն և նման է իրար վրա դարսված գրքերի տրցակի:

Շարժելով Վերսալի նախանձը

53-ամյա Ամբանին, որ ղեկավարում է երկրի ամենախոշոր մասնավոր ընկերությունը` նավթաքիմիական հսկա Reliance Industries-ը, Հնդկաստանի ամենահարուստ մարդն է. Forbes ամսագիրը նրա  ունեցվածքը գնահատում է 27 մլրդ դոլար:  “Անթիլիան” սպասարկելու համար անհրաժեշտ կլինի վարձել 600 մարդ:

Բացի Ամբանիից, նրա կնոջից և երեք երեխաներից, այդ տանն ապրելու է նրա ծեր մայրը, որը ստիպված է լինելու մեկ այստեղ լինել, մեկ կրտսեր որդու` Անիլայի 14-հարկանի տանը, որտեղ էլ մինչև հիմա ապրում էր ամբողջ ընտանիքը, իհարկե, տարբեր հարկերում:

Այս տարվա մայիսին Ամբանի եղբայրները հայտարարեցին, որ իրենց վեճը, կապված իրենց  հոր հսկա կոնգլոմերատի բաժանման հետ, հանգուցալուծվել է: Նրանց հայրը, որ աղքատությունից է հասել այդ հարստությանը, վախճանվել է 2002 թվականին` կտակ չթողնելով:

Մի հնդիկ նշանավոր գրող, որ ներկա է եղել բնակարանամուտին, շենքն անվանել է XXI դարի Թաջ Մահալ: Նկարագրելով պարահանդեսի սրահը`նա ասել է, որ դրա կողքին Վերսալի պալատն ուղղակի աղքատ ազգական կերևա:

Ըստ «BBCRussian.com»-ի

Դիտվել է 1653 անգամ:
Print Friendly

Leave a Reply