Շրջանավարտները դիմում են Թատերական ինստիտուտ`երբևէ թատրոնում չեղած
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | Էդգար Ամիրխանյան | July 24, 2009 18:09
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր վավերագրական ֆիլմի ռեժիսոր մասնագիտությունն ընտրած դիմորդները հանձնում էին դերասանի վարպետություն քննությունը: Քննական մարաթոնի վերջին փուլում` առավոտ ծեգից մինչև կեսօր, ապագա դերասանները, ռեժիսորները փողոցում փորձեր էին անում, մեկը մյուսի թերությունները նշում:
Այս տարի Թատերական ինստիտուտ է դիմել 272 շրջանավարտ, որոնցից կընդունվեն միայն 147-ը:
Դիմորդ Կարեն Պարոնյանն ասում է, որ ծնողների հորդորին եթե լսեր, մաթեմատիկոս կդառնար, բայց երկար բանակցություններից հետո համոզել է ու թղթերը հանձնել Թատերական ինստիտուտ:
«Փորքուց էի ցանկանում դառնալ դերասան: Մի պիես եմ պատրաստել, առակ և չափածո ստեղծագործություն, նաև երգելու եմ ու պարելու»,-ասաց Կարենը:
Կարենի և մյուս շրջանավարտների քննական ընթացքին հետևելու էին եկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարներն ու լրագրողները հնարավորություն ունեցած միասին լսելու երկու դիմորդի պատասխան: Արփինեն ասաց, որ որևէ մեկից չի քաշվում. ասմունքեց, առակ ընթերցեց, պարեց:
Հանձնաժողովականների խոսքով` այս տարվա դիմորդների մոտ ոգին է պակասում:
«Տարեցտարի դիմորդների մակարդակը նահանջում է: Քիչ են գիրք կարդում: Շատ քիչ բան են տեսնում, գալիս են թատերական ինստիտուտ` երբևէ թատրոնում չեղած: Դերասանն անգրագետ չի կարող լինել: Եթե լինեին էլ, բայց գոնե տաղանդ ունենային, մենք աչք կփակենինք ոչ այնքան կարդացած լինելու վրա»,-ասում է դերասանի վարպետության քննական հանձնաժողովի անդամ Վահե Շահվերդյանը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ուրախ էր, որ որ դիմորդները շարունակում են նույն եռանդով դիմել արվեստի բուհեր և որ նրանք բազմակողմանի զարգացած երեխաներ էին: «Վաղը նրանք կդառնան արվեստագետներ, թե չէ, այս պահին դա ինձ չի հուզում: Եթե չդառնան էլ, վաղը կդառնան մշակութային հանրության մաս»,-ասաց նախարարը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ գիտելիքը և մշակույթը պետք է վերադառնա հասարակություն` որպես գերագույն արվեստ, քանի որ երկուսն էլ հետապնդում են պետության ներսում արժեհամակարգի կառուցման խնդիր:
Թե նախարարն ինչպես կհանձներ դերասանի վարպետության քննությունը հարցին, Աշոտյանն ասաց, որ կարտասաներ իր գրած բանաստեղծություններից, որպեսզի գնահատման ժամանակ հանձնաժողովը հանկարծակիի գար և հավակնությունների տեղ չունենար:






Facebook
Tweet This
Email This Post
